
Armenianow.com-ը գրում է.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ամենամեծ նվիրատվությունն է կատարել Հայաստանում այս գարնանը բնական աղետից, մասնավորապես, տեղացած ուժեղ կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին օգնելու նպատակով ստեղծված հիմնադրամին:
Ալեքսան Պետրոսյանը՝ հիմնադրամ ստեղծելու նախաձեռնության հեղինակը, Tert.am-ին ասել է, որ Սարգսյանի նվիրատվությունը կազմել է 80 մլն դրամ (մոտ 195.000 դոլար), իսկ ամենափոքրը նվիրատվությունը կատարել է մի աշակերտ՝ 1000 դրամ (մոտ 2,5 դոլար):
Ընդհանուր առմամբ մինչ այժմ 228 մլն դրամ է արդեն փոխանցվել հիմնադրամի հաշվին: Հիմնական մեծ հոսքերն ապահովել են «ԱԳԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկը» (41 մլն դրամ), Երևանի կոնյակի գործարանը (20 մլն), ՀՀ ոստիկանությունը (20 մլն դրամ), Կենտրոնական բանկը (10 մլն դրամ) և ուրիշներ:
Մայիսին ուժեղ կարկուտ էր տեղացել Հայաստանի Արմավիրի մարզում և մեծ վնասներ պատճառել գյուղացիներին, որը գնահատվում է 25 մլրդ դրամ (ավելի քան 60 մլն դոլար):
Գյուղացիները բազմիցս բողոքի ակցիաներ անցկացրին, մինչև կառավարությունը որոշեց նրանց օգնության փաթեթ առաջարկել՝ մասամբ փոխհատուցելու նրանց վնասները: Օգնության հիմնադրամը ստեղծվել է որպես լրացուցիչ միջոց՝ մեղմելու գյուղացիների ծանր վիճակը:



