Փիլիսոփա, աստղագետ, մաթեմատիկոս։ Բարձր մակարդակի հասցրեց ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում:
Ծնվել է VII դարի սկզբներին Շիրակ գավառում: Նախնական կրթությունն ստացել է Դպրեվանքում: Ութ տարի սովորել է Տրապիզոնում, հույն գիտնական Տյուքիկոսի դպրոցում: Զբաղվել է աստղագիտությամբ, մաթեմատիկայով, աշխարհագրությամբ, տոմարագիտությամբ: Անանիա Շիրակացին ընդունել է, որ Երկիրը գնդաձև է, Լուսինը սեփական լույսից զուրկ մոլորակ է, Ծիր կաթինը թույլ պայծառության աստղերի բազմություն է: Բացատրել է Լուսնի փուլերի առաջացումը, Արևի և Լուսնի խավարումները, ծովերի մակընթացությունը և տեղատվությունը: Երկրակենտրոն համակարգի կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, ցերեկվա և գիշերվա առաջացումը: Եզրակացնում էր, որ Արեգակը մեծ է թե՜ Երկրից, թե՜ Լուսնից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա, իսկ լույսի արագությունը շատ ավելի մեծ է ձայնի արագությունից: Շատ արժեքավոր և կատարյալ է համարվում նրա կազմած թվաբանության դասագիրքը: Հորինել է «քաղցրալուր» շարականներ:
«Ընդունեք խրատը և ոչ թե արծաթը, և գիտությունն առավել, քան ընտիր ոսկին»:
«Եթե գոյություն ունի շարժում, ապա պետք է լինի մի այլ ուժ, որ շարժի այն»: 
Ա. Շիրակացու արձանը դրվել է 1963թ. Մատենադարանի մուտքի մոտ: Արձանի նյութը բազալտ է, բարձրությունը` 3,5 մ: Քանդակագործ` վաստակավոր նկարիչ Գրիգոր Բադալյան:
Գրիգոր Բադալյանը (1922-1993) ծնվել է Դոնի Ռոստովում:
1952թ. ավարտել է ԵԳԻ-ն: 1954-ից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ էր: 1967թ. նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչում:

Նրա գործերից են`
«Ակսել Բակունց», բազալտ, 1963թ., Գորիս,
«Դավիթ-Բեկ» հուշարձանի հարթաքանդակները, տուֆ, 1967թ., Ղափան:
«Մուրացան», գրանիտ, 1956թ., Ծովագյուղ
«Հանքափոր», բազալտ, 1959թ., Քաջարան
«Ղ. Աղայան», կիսանդրի, 1957թ., Գյումրի
«Տիեզերագնաց», կոփածո ալյումին,Գագարին, 1982թ. 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել