Հոգեբանական գիտ.թեկնածու,դոցնետ

20 տարուց ավել է, ինչ ես համագործակցում եմ Հայաստանի լրատվամիջոցների հետ (ամսագրեր, թերթեր, ռադիո,հեռուստաեթեր և այլն):Ես դա անում եմ հաճույքով,թեև այդ ամենը զուրկ չէ որոշ դժվարություններից, չէ որ երբեմն լրագրողները կամա թե ակամա խեղաթյուրում են խոսքդ:Իհարկե սա այլ հարց է և սրա մասին չէ, որ կուզենայի խոսել:Նախ ասեմ,որ <<Ազատ գոտի>> հաղորդաշարի հետ ես մեծագույն հաճույքով համագործակցել եմ և պատրաստ եմ շարունակել այն:Իրապես, այստեղ բարձրացվում են հարցեր` իրենց սուր անկյուններով, հաղորդման ողջ ընթացքում տիրում է ազատախոհության մթնոլորտ:Այդուհանդերձ, ցավով պետք է նշեմ,որ վերջերս հոգեբանության վերաբերյալ բարձրացված հարցի քննարկումը անցել է բոլոր սահմանները: Սակայն,ազատախոհությունը,երբ անցնում է իր սահմանները,վերածվում է հակադիր բևեռի`սահմանափակության ու գռեհկության: Իհարկե,<<Ազատ գոտին>> մեզ նաև անկեղծորեն ցույց է տալիս,թե ինչ վերաբերմունք է տիրում հոգենանական գիտության նկատմամբ`մեր հայ իրականության մեջ:Առաջին հայացքից զարմանալին այն էր,որ տվյալ հաղորդման բանավեճում <<ծանրակշիռ>> եզրակացությունն այն էր, որ մեր ազգին հոգեբանություն պետք չէ:Այստեղ հաղորդավարը` հանձինս Էրիկի,ում ես հարգում եմ և գնահատում նրա արհեստավարժ լրագրողի կեցվածքը, այդպես էլ չկարողացավ այնպես ուղղորդել բանավեճը,որում ցույց կտրվեր հոգեբանական գիտության մակարդակը և նրա կարևորությունը` մարդու, հասարակության հոգևոր կյանքի առողջացման, ձևավորման ու կայացման գործում:Սակայն, ցավով պետք է նշեմ, բայց ոչ հիասթափությամբ, որ հոգեբանության մասին պատկերացումները մեզանում վերին աստիճանի ճղճիմ ու աղքատիկ են, գտնվում են քարանձավային մակարդակի վրա և այնտեղ գտնվող հոգեբանը այդպես էլ չկարողացավ զգացնել տալ,թե որն է հոգեբանի իրական դերն ու նշանակությունը, դիմացինին օգտակար լինելու հարցում:Այն, որ հոգեբանության մասին եղած գիտելիքներն ու մակարդակը մեզանում,ինչպես այդ հաղորդման ժամանակ երևաց,ցածր է,դա այդքան էլ մեղադրելի չէ,որում այլ պատճառների հետ մեկտեղ,մասամբ կա նաև մեր` հոգեբաններիս մեղքի բաժինը,քանի որ,հավանաբար, ԶԼՄ-ներում, համացանցում մենք բավարար չափով ազգաբնակչությանը չենք տեղեկացնում հոգեբանական գիտելիքների <<այբուբենին>>, տարրական պատկերացումներին:Սակայն,ինչպես <<Ազատ գոտու>> այդ թեմայի քննարկումը ցույց տվեց, մեր իրականությունում հոգեբանությունը դեռևս հեռու է մշակույթ լինելուց, այն բավարար չափով չի կարողանում ներթափանցել միջանձնային հարաբերությունների, դաստիարակության և կրթության ոլորտ:Չէ որ հոգեբանությունը շուրջ 4000-ամյակի պատմություն ունի,այն մշակվել և բյուրեղացվել է 19-րդ դարում` իհարկե սկիզբ առնելով, բժշկագիտությունից, փիլիսոփայությունից և կենսաբանությունից,սակայն հաղորդման մեջ դրա ակնարկը բացարձակապես չեղավ,այդ գիտության լրջության ու ծանրակշռության նշույլն անգամ չնկատվեց:Արդյոք մենք այս սահմանափակ մտահորիզոնով ու աշխարհայացքով պատրաստ ենք ընդունելու մեզ սպասվող բազմաթիվ մարտահրավերներ(հոգևոր աճ,անձի կայացում, ներքին հոգեկան բախումների մեղմացում,ինքնակարգավորում,վարքի վերահսկում ու ինքնատիրապետում և այլն, և այլն),այն դեպքում, երբ այս բուռն առաջընթաց ապրող դարաշրջանում, ողջ աշխարհում հոգեբանությունը լայն թափով զարգացում է ապրում,հոգեբանականացվում են կյանքի բոլոր ոլորտները:Այստեղ ամբողջովին նկատվում էր հոգեբանության գիտության աղավաղում, ապակողմնորոշում, որոնք բխում էին սխալ պատկերացումներից և այդ իսկ պատճառով հաղորդումը ուսանելի չեղավ հասարակության համար, ինչին էլ կոչված են նմանատիպ հաղորդումները:
Գուցե փոքր-ինչ ուշացումով, ես ամենայն լրջությամբ այս մասին ահազանգում եմ, քանզի հաստատապես այն խիստ մտահոգիչ է:
Հոգեբ.գիտ.թեկնածու,դոցենտ`Ռ.Պողոսյան
7.07.13

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել