Բնապահպաններ, ԱՄՆ, Սյունիքի մարզ, հանքեր

Mardik.am-ը գրում է.

Բնապահպանները Համահայկական բնապահպանական ճակատով այցելել էին Սյունիքի մարզ:  Մարզում ուսումնասիրելով շահագործվող կամ շահագործվելիք հանքավայրերի ու պոչամբարների վիճակը` նրանք կրկին բնապահպանական լուրջ խնդիրներ էին հայտնաբերել: Ու դրա համար  այսօր նրանք հավաքվել էին` լրագրողների առաջ բարձրաձայնելու, որ պետությունը լուրջ ուշադրություն դարձնի այդ խնդիրներին ու համապատասխան միջոցներ ձեռնարկի դրանց շուտափույթ լուծման համար:

«Հայաստանում պետք է զբաղվել հանքարդյունաբերությամբ, բայց ոչ այս տրամաբանությամբ: Կան հանքավայրեր, որոնք տարիներ շարունակ աշխատեցվում են, ու դրանք պետք է աշխատեցնել միջազգային բնապահպանական նորմերով»,-կարծում է բնապահպան Լևոն Գալստյանը:

Mardik.am-ը հետաքրքրվեց, թե Սյունիքի մարզում նրանք հանդիպե՞լ են արդյոք հանքատերերի կամ մարզային ղեկավարության պաշտոնյաների հետ, սակայն Եղիա Ներսեսյանն ասաց, որ իրենք հարկ չեն համարում խոսել հանքատերերի հետ. «Մենք ունենք դիրքորոշում, որ մենք հանքատերերի հետ խոսելու ոչ մի բան չունենք, որովհետև, երբ մարդը գիտակացաբար թալանում է քո ընդերքը, դու իր հետ խոսելու բան չունես: Կա չակերտյալ «պետություն», ու դու էդ «պետությանը» ստիպում ես, որ տեր կանգնի սամանադրական կետերին»:

Թե կոնկրետ ինչ վնասներ են տվել հանքերն այս տարիների ընթացքում Սյունիքի մարզին ու սյունեցիներին, Եղիա Ներսեսյանն ասաց, որ, օրինակ, ինքը Կապանում զրուցելով սրճարաններից մեկի մատուցող մի կնոջ հետ, պարզել է, որ այդ կնոջ հարևանի երեխան առանց ձեռքերի է ծնվել: Իսկ դա, ըստ բնապահպանի, հանքավայրերի շահագործման արդյունք է, որն ազդում է մարդկանց բնականոն աճի ու ծնելիության վրա: «Մի պահ պատկերացրեք, որ Սյունիքում ապրող 35 տարեկան տղամարդը ամաչում է ասել, որ իր մոտ տղամարդկային ֆունկցիաները թերանում են: Պտղաբերությունը Սյունիքում նվազել է, կանայք չեն կարողանում երեխա ունենալ և այլն»,-պատմում է բնապահպանը:

Բնապահպանների հետ էր նաև ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Սյուզի Պետրոսյանը, ով նշեց, որ Հայաստան է ժամանաել ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ հատուկ նպատակով. «Նպատակս էր` այցելել Հայաստանում հանքարդյունաբերության վայրերը: Ճիշտ է, նկարներով տեսել էի շատ բան, բայց մի բան է` նկարներով տեսնել, մեկ այլ բան ` սեփական աչքերով տեսնել, թե ինչ է կատարվում այստեղ: Տեսնելուց հետո ես հասկացա, թե մեր ղեկավարներն ինչ անկուշտ են»:

Ոսումնասիրելով Սյունիքի հանքավայրերի վիճակն ու սեփական աչքով համոզվելով, թե ինչ վիճակում են գտնվում դրանք, Սյուզի Պետրոսյանը որոշել է ինքը ևս ակտիվ մասնակցություն ունենալ բնապահպանական այս շարժմանը, իսկ ակտիվ մասնակցությունը պետք է լինի հիմնականում ֆինանսական տարբերակով:

«Մենք Լոս Անջելեսում մի քանի խումբ ենք ձևավորել, որոնք ուզում են ֆինանսապես օգնել բնապահպաններին այստեղ, և ես ուզում եմ իմ աչքով տեսնել, թե ով է այստեղ գործ անում և ով` ազնիվ ձևով մոտենում այս հարցին»,-ասաց ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Սյուզի Պետրոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել