
Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.
«...Մարդիկ զգում են, որ իրենց հանցագործությունները արդար փոխհատուցում կստանան միայն այն դեպքում, երբ դա տեղի է ունենում իրենց սեփական երկրում, այսպես ասած՝ ազգային մակարդակով։ Իսկ երբ դա անում է որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն, թեկուզ Եվրադատարան, միշտ էլ կա այն «արդարացումը», որ դրանք մեր երկրի դեմ նյութվող իմպերիալիստական դավեր են, որ Արևմուտքը երեսպաշտ է, այնտեղ էլ են մարդու իրավունքները խախտվում և այլն։ Ընդ որում, երեսպաշտության և խախտումների մասին դատողությունները սկզբունքորեն ճիշտ են, և դավերի պահն էլ չի կարելի բացառել։ Բայց դա փոխում է խոսակցության ուղղվածությունը և մեր՝ տեղական հանցագործներին հնարավորություն է տալիս իրենց անպատիժ զգալու։
Ի՞նչ օգուտ է ունենալու, օրինակ, որ Լիսկայի և նրա ընտանիքի վերաբերյալ որևէ երկիր և որևէ միջազգային ատյան դատապարտող որոշում կամ հայտարարություն ընդունի։ Մեր կյանքը լավանալո՞ւ է նրանից, որ նրան ու Զարզանդին, ենթադրենք, արգելեն մուտք գործել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատ։ Բացարձակապես։
Կարևորն այն է, որ նրանց հաջողվել է «ջրել» նախորդ գործերը, իսկ հիմա Սուրիկ Խաչատրյանը կարողացել է վարձել ամենալավ փաստաբանին։ Բայց դա դեռ ոչինչ, շատ ավելի կարևոր է, որ մեկ այլ փաստաբան անի՝ ի դեմս զինդատախազ Գևորգ Կոստանյանի, որն արդեն հասցրել է անել մի շարք «լիսկայամետ» հայտարարություններ (չնայած դա, որքան հասկանում եմ, դատախազի գործը չէ)։ Իսկ առավել կարևորն այն է, որ նախկին մարզպետի երրորդ փաստաբանն է լինելու դատավորը, որը, ըստ ամենայնի. որոշում կընդունի, թե Լիսկայի ընտանիքը զբաղված էր անհրաժեշտ ինքնապաշտպանությամբ։
Հիմա ի՞նչն է ավելի կարևոր՝ որ Հայաստանում նորմալ նախաքննություն և արդար դատավարությո՞ւն իրականացվի, թե՞ որ, ասենք, պետդեպարտամենտը իր տարեկան զեկույցում նշի, որ մեր քննչական և դատական մարմինները անկախ չեն գործում։ Նման զեկույցների «արդյունավետությունը» ամբողջությամբ արտացոլված է ռուսական ասացվածքում՝ А Васька слушает да ест»,–գրում է թերթը։