Երիտասարդ տարիքում նիհարելը խնդիր չէ. թվում է, թե ինչ էլ ուտես, միևնույն է, չես գիրանում: Ու կարծում ես, թե այդպես միշտ է լինելու: Լսում ես, թե ինչպես են հասուն կանայք տրտնջում ու քթի տակ ծիծաղում, երբ ականջի պոչով լսում ես` «մի փոքր լցվել ես»-ին հաջորդող պատասխանը` «չէ, քաշս նույնն է մնացել»: Կամ էլ հակառակը. երբ ասում ես` կարծես նիհարել ես, անմիջապես հետևում է` «հիմա դեռ ավելացել եմ, էնքան էի նիհարել»: 

Ամեն դեպքում գալիս է մի տարիք, երբ ձգտում ենք նիհարել, քանի որ գիրությունը կամ, որ ավելի մեղմ է հնչում, լիքությունը նույնացվում է տարիքի ու անդառնալի կորսված երիտասարդության հետ: Եթե նիհարությունը, բարակությունը հոգեկան հանգստություն է պարգևում, ուրեմն կարելի է և մի քանի կգ-ից ազատվել: Տարիներն անցնում են, ու ամեն ինչ աստիճանաբար է կատարվում, չես էլ հասցնում նկատել, թե ինչպես սովորական հագուստիդ չափսերն այլևս չեն համապատասխանում. այնպես չի սազում, չի նստում վրադ, ինչպես առաջ:

Ուրեմն ի՞նչ է պետք անել: Նախ` մի հուսահատվեք ու պարզապես մի քանի կանոն հիշեք, որոնք կօգնեն քաշը կարգավորելու դժվարին գործում:

Հիշեք, որ լավ ու կայուն արդյունք ստացվում է միայն պարբերականությամբ: Առողջության հաշվին բարեկազմ դառնալը սխալ է: Իսկ առողջությանը վնասում են անհետևողականությունն ու քաոսայնությունը: Սրանից հետևություն անենք. կորչեն քաղցն ու արագ նիհարելուն միտված բոլոր սննդակարգերն ու տարերային միջոցառումները:
Ճիշտ դիետան (սննդակարգը) ճիշտ ընտրված օրաբաժինն է, այսինքն` այն, ինչ ուտում ես օրական: Սննդակարգը չպիտի վնասի, ու եթե օրաբաժին ես ընտրում, ապա պիտի հետևես դրան, այն բոլոր ժամանակների համար է: Այս օրենքներին հետևելով` հնարավորություն կունենաք 3-4 ամսում լավ արդյունք ստանալու: Ու հիշեք, որ տոն օրերին նույնպես չպետք է խախտել սննդակարգն ու հաջորդ օրերին փորձել քաղցով լրացնել բացթողումը: Սակայն, տոնական սեղանին էլ չպետք է թթված դեմքով նստել ու մյուսներին ցուցադրել ձեր կրած «տառապանքները». կարելի է քիչ ուտել, սակայն շատ հեղուկ խմել: Ավելորդ չէ կրկնելը, որ ընտրված սննդակարգը «ցմահ» է, ոչ թե դեպքից դեպք կամ էլ արձակուրդից առաջ:

 

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել