
1in.am-ը գրում է.
Բելգիայում գտնվող ֆլամանդական քաղաք Գենկի բժիշկներն առաջարկել են փորձանոթում սաղմերի աճեցման էժան միջոց: Արտարգանդային բարեհաջող բեղմնավորման համար բժիշկները խորհուրդ են տալիս բեղմնավորված բջիջը սնուցել սոդայով և կիտրոնաթթվով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բժիշկների խոսքով՝ իրենց փորձը կարող է կտրուկ էժանացնել ողջ աշխարհում այդքան թանկ արտարգանդային բեղմնավորման գործընթացը:
Կլինիկաներում մասնագետները սաղմերը կպահեն ածխաթթու գազի կարգավորիչներով ինկուբատորներում մի քանի օր՝ մինչ բեղմնավորված ձվաբջիջը կնոջ օրգանիզմում տեղավորելը:
Բելգիացի բժիշկները հաստատում են, որ սաղմը կիտրոնաթթվով ու սոդայով «սնուցումից» հետո կանայք բարեհաջող հղիանում են 30 տոկոս դեպքերում, նույնքան է հավանականությունը կազմում նաև թանկարժեք ինկուբատորների կիրառման դեպքում:
Այդ տեխնիկայի շնորհիվ արդեն 12 երեխաներ են լույս աշխարհ եկել: Ի դեպ, գործընթացի արժեքը նվազեցվել է՝ հասցվելով 300 դոլարի: