
Lragir.am-ը գրում է.
Գազի ու էլեկտրաէներգիայի նոր սակագներն ուժի մեջ մտնելուց հետո վերջին երկու օրերին սննդամթերքի շուկայում թանկացումներ են նկատվում: Մասնավորապես երեկվանից հացը թանկացել է 10-20 դրամով, մոտ 20 դրամով թանկացել է կաթնամթերքը: Գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքով սննդամթերքի շուկայում առաջիկայում այլ թանկացումներ էլ են սպասվում:
Սպառողների միություն հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը Lragir.am-ին ասաց, որ խանութներում իրականացրած դիտարկումների արդյունքում, բացի հացից ու կաթնամթերքից, իրենք արձանագրել են նաև, որ վերջին օրերին թանկացել են հանքային ջրերը:
«Մեր ժողովուրդն էնքան հուսահատված է ու բարոյալքված, որ նույնիսկ ահազանգ չեն անում թանկացումների մասին: Բոլորը տրտնջում են, բայց միայն իրենց շրջապատում, չեն ուզում քայեր անել` թանկացումների դեմն առնելու համար: Մենք նախքան այս թանկացումները ցույցեր ձեռնարկեցինք, բայց շատ քիչ մարդ կար, պետք է լիներ 15 հազար մարդ, բայց եկավ 30 մարդ»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Առաջիկա օրերին կթանկանա նաև հասարակական տրանսպորտի ուղեվարձը: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը Lragir.am-ին ասաց, որ գծատերերից վերջին օրերին արդեն մոտ 10 հայտ են ստացել: Նա նշեց, որ հայտերը կքննարկվեն առաջիկայում և դրանից հետո միայն որոշում կկայացվի, թե տրանսպորտի սակագինը որքանով կթանկանա: Վարչության պետի խոսքով` թանկացումը հավանաբար տեղի կունենա մի քանի օրից:
Այսօր Երևանում որոշ երթուղիներ ժամանակացույցի խախտումով են աշխատել, քանի որ վարորդների մի մասը, իրենց խոսքով, «բարձր պլանի» պատճառով հրաժարվել են աշխատանքի դուրս գան: Թիվ 62Ա երթուղայինի վարորդներից մեկի տեղեկացմամբ` իրենց գծի երթուղային տաքսիների մի մասն այսօր երթուղի դուրս չեն եկել:
Հենրիկ Նավասարդյանը նշեց, որ կոնկրետ այս դեպքից տեղյակ չէ, սակայն մի քանի երթուղիներում առաջացել են նման խնդիրներ: «Մի քանի երթուղիներում մոտ 10 րոպայքում վարորդները ուղեվարձի հարց են բարձրացրել: Տնտեսվարողներն էլ նրանց բացատրել են, որ աշխատում են հարցին օրինական լուծում տալ: Մենք հայտեր ենք ստացել, տարբեր տնտեսվորողներ տարբեր առաջարկներ են անում, պետք է քննարկենք»,- ասաց տրանսպորտի վարչության պետը: