Հայ-ադրբեջանական-ղարաբաղյան հակամարտությունը ռազմական մակարդակում, չնայած, գտնվում է սառեցված վիճակում, սակայն այն, գոնե տեղեկատվական պատերազմի առումով, գտնվում է ակտիվ փուլում, իսկ այդ պատերազմում մեր հակառակորդն օգտագործում է ամենատարբեր միջոցները՝ ընդհուպ մինչև սադրանքի ամենապրիմիտիվ մեթոդները: Դրա վառ օրինակը Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցածն էր, Մոլդովիայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի կատարմամբ:
Այն, որ Ադրբեջանը սեփական պրոպագանդիայի համար օգտագործում է սովորական կաշառքի միջոցն այլևս ապացուցելու կարիք չունի, քանզի դա արվում է շատ ակնհայտ և հաճախ պատվերն իրականացվում է ոչ պրոֆեսիոնալ՝ միանգամից դիմակազերծելով այն իրականացնողին, ինչը և տեղի ունեցավ Աուրելիայի պարագայում:
Նախ այդ տիկնոջ զեկույցի թեման՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը սառեցված հակամարտությունների գոտում» միգուցե խորագրի առումով ճիշտ էր ընտրված, սակայն հենց բովանդակությունը ցույց տվեց, որ մենք գործ ունենք պարզ սադրանքի հետ: Քանզի ինչպես կարելի է հասկանալ հանգամանքը, երբ մի պետության ներկայացուցիչը խոսում է որևէ պետության խնդրի մասին, մոռանալով, որ իր երկիրը նույնպես ունի նման խնդիր և մի փոքր պրոֆեսիոնալ և օբյեկտիվ երևալու համար կարելի էր խոսել նաև Մոլդովիայի և Մերձդնեպրի սառեցված հակամարտության և այնտեղ առկա մարդու իրավունքներին առնչվող հիմնախնդիրների մասին:
Հաջորդ հանգամանքը, որը խոսում է մոլդովական փաստաբանի կաշառված լինելու մասին՝ իր իսկ ելույթի ձայնագրումն էր: Այս իրավիճակը հիշեցնում է հայաստանյան ընտրակաշառքների մասին պատմությունը, երբ կաշառք վերցնողից պահանջում են քվեախցում նկարել, որպեսզի ապացուցի թե ինչպես է ընտրել: Իսկապես, հարց է առաջանում, ինչո՞ւ էր այդ տիկինը ձայնագրում իր իսկ ելույթը: Պատասխանը միանշանակ է, պատվիրատուն՝ այս դեպքում Ադրբեջանը, չի վստահում «կլիենտին» և վերջինիս իր ծառայության դիմաց վարձատրվելու համար պետք է ներկայացներ իրեղեն ապացույց: Այն, որ գործ ունեինք սեփական երկրի անունը վարկաբեկելու հաշվին Ադրբեջանին կաշառված սադրիչի հետ պարզ է դառնում Աուրելիաի ֆեյսբուքյան էջի՝ Ադրբեջանին սիրո խոստովանության բացահայտումներից:
Մինչև Աուրելիան կհասցներ ջնջել իր ֆեյսբուքյան էջի՝ Ադրբեջանին նվիրված իր սիրո խոստովանության ֆոտոշարքը, դրանք արդեն դարձել էին հայ հասարակության սեփականությունը: Այստեղ նույնպես հարց է առաջանում, եթե ինչպես այդ տիկինն էր պնդում, ինքը պատվեր չի կատարում, ապա ինչո՞ւ ելույթից անմիջապես հետո նա իր էջից հեռացրել էր ադրբեջանական նկարները: Պատասխանը նույնպես միանշանակ է:
Պատվերի առաջին փուլը կարծես իրականացված էր: Երկրորդ փուլում արդեն այս գործի «ռասկռուտկային» պետք է լծվեին ադրբեջանական ԶԼՄ-ները և պետական կառույցները, ինչը և տեղի ունեցավ:
Պատվերի հաջորդ փուլը արդեն բացահայտ սադրիչ գործողություններ իրականացնելն էր: Այս փուլում Աուրելիան պետք է, իհարկե ադրբեջանական ԶԼՄ-ների և դիվանագիտական խողովակների օգնությամբ, միջազգային հնչեղություն հաղորդեր խնդրին, թե տեսեք ինձ Երևանում ճնշում են և նույնիսկ իր կյանքին վտանգ է սպառնում: Աուրելիան, երևի իր հյուրանոցի մոտ սպասում էր իր դեմ բողոքով մեծ ամբոխի, որպեսզի իրագործեր իր պլանի երկրորդ մասը, սակայն հիասթափվել է, երբ պատվիրակության հետ դուրս գալով հյուրանոցից նման ցուցարանների և ագրեսիվ զանգվածի չի հանդիպել, ուստի, ամենայն հավանականությամբ դա է եղել պատվիրակության հետ չմեկնելու նրա որոշումը: Եվ պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այս տիկնոջ և իր ամուսնու ակնհայտ ուղղորդմամբ լուրեր տարածեցին, թե Աուրելիային թույլ չեն տալիս դուրս գալ հյուրանոցից, թե իբր հավաքված բազմությունը սպառնում է սպանել նրան և նմանատիպ ապատեղեկատվություններ:
Սակայն, հաջորդ օրն իսկ հայկական լրատվամիջոցներից մեկի կողմից հրապարակված հյուրանոցի տեսախցիկների տեսագրությունից պարզ երևում է, որ մոլդովացի փաստաբանը և ադրբեջանական ԶԼՄ-ներն ու պետական կառույցները զբաղված են ապատեղեկատվության տարածումով և սադրանք հրարելով: Տեսագրությունների հրապարակումը վերջնականապես ցույց տվեց, որ այս տիկինը ոչ միայն փաստաբան, այլև որպես վարձու սադրիչ դեռևս չի կայացել:

Հ.Գ Այս նախադեպը հայկական կողմը կարող է բավականին հմտորեն օգտագործել ի օգուտ իրեն: Նախ եվրոպական հանրությանը ցույց տալու ևս մեկ նախադեպ, այսպես կոչված եվրոպական պաշտոնեայի կաշառված լինելու մասին: Երկրորդ՝ ցույց տալ միջազգային հանրությանը, որ Խոջալուի դեպքերի ադրբեջանական վարկածը շինծու է, քանզի մարդիկ դրա մասին խոսում են միայն Ադրբեջանից կաշառք վերցնելով, իսկ ճշմարտության մասին, ինչպես գիտենք, փողով չեն խոսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել