1in.am-ը գրում է.

Եթե մի կողմ թողնենք Վերահսկիչ պալատի հաշվետվության քաղաքական ելևէջները, որ բխեցին հաշվետվությունից, այն ներկայացնող Իշխան Զաքարյանի ելույթի ընթացքում իմպրովիզներից կամ խորհրդարանական մեծամասնության արձագանքներից, ապա Հայաստանի համար բուն խնդիրը այդ ամենի արդյունքում այդպես էլ մնաց բաց: Խոսքը, բնականաբար, վերաբերում է պետական բյուջեի չարաշահումներին, մսխումներին, յուրացումներին: 

Վերջին հաշվով, Հայաստանի գլխավոր խնդիրը դա է, ոչ թե այն ներիշխանական «ռազբորկաները», որ տեղի են ունենում այդ խնդրի կոնտեքստում: Ներիշխանական «ռազբորկաները» ևս Հայաստանի համար ունեն կարևոր նշանակություն, դժբախտաբար, որովհետև ի վերջո դրանցում հաջողության հասնողը իշխանության տերն է լինելու, իսկ իշխանությունն էլ կայացնելու է Հայաստանի համար կարևոր որոշումները: Սակայն դրանից, իհարկե, հասարակության համար խնդիրը այդ մասով չի փոխվում, քանի որ ներիշխանական «ռազբորկաներում» ով էլ հաղթի կամ հասնի առավելության, միևնույն է` որակական իմաստով այդ ամենը քիչ նշանակություն է ունենալու, և ուրեմն` հասարակության համար Հայաստանում համակարգային իշխանափոխության խնդիրը շարունակելու է մնալ առաջնային: Ու նաև հենց այդ պատճառով է, որ հանրային տեսանկյունից գլխավոր խնդիրը պետական բյուջեի ճակատագիրն է, դրա յուրացումները կամ մսխումները: Որ այդպիսիք կան և համատարած են, չի հերքում նաև իշխանությունը: 

Ի վերջո, այդպես էլ հասկանալի չդարձավ, թե Սերժ Սարգսյանն ի՞նչն է վիճարկում ՎՊ զեկույցում: Այն, որ նա վիճարկում էր Իշխան Զաքարյանի և խորհրդարանական մեծամասնության պահվածքը` պարզ էր, բայց պարզ չէր, թե նա ինչ կոնկրետ դիտողություններ ունի հաշվետվության զուտ թվաբանական կողմի մասով: Ուշադրությունը, շեշտադրումներն ուղղվեցին 701 միլիարդի մասին Իշխան Զաքարյանի հայտարարությանը, որն ասել էր, որ բյուջեի այդքան մասը ռիսկի տակ է: Այդ չափը Հայաստանի բյուջեի 2/3-րդն է, և եթե նման բան է հայտարարվում, ապա այստեղ իսկապես պետական սկանդալի խնդիր կա: Սակայն ուշադրությունը շեղելով այդ հիմքերի վրա քաղաքական քննարկումների ուղղությամբ, իշխանությունը կարծեք թե սահուն կերպով անուշադրության դաշտ մղեց ՎՊ բացահայտումները ոլորտ առ ոլորտ: 

Ի՞նչ նպատակներով է դրանք բացահայտել Իշխան Զաքարյանը, ի՞նչ քաղաքական խաղերի է փորձել մասնակցել նա իր կարգավիճակով և ինֆորմացիայով` մի հարց է, սակայն նրա բացահայտումները կամ հերքում են պահանջում, կամ հաստատում: Մինչդեռ առ այսօր իշխանությունները կոնկրետ թեմաներով չեն խոսում: Նախարարները հերքում են ՎՊ հաշվետվությունը, սակայն հասկանալի չէ, թե ի՞նչն են հերքում, ո՞ր միլիոնի յուրացումը կամ չարաշահումը: Մինչդեռ հերքումը պետք է լինի օրինակ առ օրինակ, լիարժեք: Եթե դա չկա, ուրեմն չկա հերքում, և ուրեմն բյուջետային մսխումների մասին ՎՊ եզրակացությունները իրավացի են, պարզապես դրանց քաղաքական նպատակահարմարությունն է դարձել խնդիր իշխանության համար: 

Այսինքն` ինչ-որ պահի թելը ձեռքից բաց է թողնվել, և հետո հարկ է եղել արագորեն հավաքել բավականաչափ քանդված կծիկը: Մինչդեռ նման իրավիճակում խնդիրը դառնում է հետևյալը՝ կամ հավաքվում է ներիշխանական կծիկը և ուրեմն շարունակում դեպի տարբեր պաշտոնյաների գրպանները բրգաձև քանդվել բյուջետային միջոցների կծիկը, կամ ներիշխանական կծիկը բաց է թողնվում և հավաքվում է բյուջետային կծիկը: Իշխանություններն ընտրեցին առաջին տարբերակը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ եթե բյուջետային կծիկը շարունակելու է քանդվել ներիշխանական քաղաքական կոնյունկտուրայի ճնշման ներքո, ենթարկվելով միայն այդ կոնյունկտուրայի «հոգատարությանը», ուրեմն` շարունակվելու են պետության կծկումները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել