Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ինչ ճղճիմ վիճակում է այսօր գտնվում մեր երկրի ընդդիմությունը, չեմ կարողանում ինձ զսպել, որպեսզի չանդրադառնամ Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնակամ (կամ ոչ ինքնակամ)  նախապես մտածված, կամ թեկուզ չմտված (որը քիչ հավանական է) թույլ տված սխալներին: Տեր-Պետրոսյանի ընդդիմադիր կեցվածքի էպոպեյան ցույց է տալիս, որ նա էտապ-էտապ փոխում է իր գործելաոճը: Ըստ շատ քաղաքականագետների նրա ամենամեծ բացթողումներից մեկը  կուսակցական կադրային քաղաքականությունն է: 
Կարելի է միանշանակ ասել, որ նա իր կողքին բացի Լևոն Զուրաբյանից գրեթե ոչ մեկի չի արժանացնում մշտական լինելուն: Նրա մոտ Ֆավորիտները անընդհատ փոխվում են: Սակայն այդ ցուցակում բացառություն է կազմում Լևոն Զուրաբյանը: Եվ ըստ շատ շատերի, դա շատ խորհրդավոր է նայվում, քանզի Լևոն Զուրաբյանը իր կամայական հատկանիշներով զիջում է ոչ միայն հնչեղություն ունեցող ՀՀՇ-ականներին, այլ նույնիսկ շատ շարքային անդամների:
Երբ ես այս թեման արծարծեցի նախկին ՀՀՇ-ական լեգիոներներից մեկի հետ, նա ինձ պարզ բացատրեց՝ ինչում է գաղտնիքը: Ներկայացնում եմ ձեզ նրա մտքերը հենց իր բառերով. «Նայի՛ր, բացի  «Ղարաբաղ կոմիտեի» անդամներից, Լևոն Տեր-Պետրոսյանին շրջապատում էին նաև այնպիսի տաղանդավոր ՀՀՇ-ականներ, ինչպիսիք էին Դավիթ Շահնազարյանը, Հրանտ Բագրատյանը, Ալիկ Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, նույն Խաչիկ Քոքոբելյանը, Նիկոլ Փաշինյանը և այլոք, բայց նա արի ու տես որոշեց, որ նրանցից «ամենատաղանդավորը» Լևոնն է: Այստեղ, ըստ իս, կա մեկ բացատրություն. Լևոն Տեր-Պետրոսյանը իր էությամբ քաղաքական վիրտուոզ խաղացող է, և, ըստ իր խաղի կանոնների, ֆիգուրները ժամանակի ընթացքում պետք է դառնան զինվոր, որպեսզի իրեն չխանգարեն ժամանակին հետ կանգնել բոլորի, բայց ոչ իր համար նախապես պլանավորված խաղից: Վերոհիշյալ մարդիկ, լինելով «բնածին ֆիգուրներ», սկսում էին ըմբոստանալ, թե ինչո՞ւ են փոխվում խաղի տեմպերը, եթե մենք գնում ենք դեպի հաղթանակ: Եվ հենց այս հարցադրումից հետո նրանք դառնում էին անցանկալի Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, անցանկալի, քանզի նրանք կարող էին դառնալ անկառավարելի և կփորձեին պնդել իրենց տեսակետը, որը շատ անգամ իր կենսունակությամբ չէր զիջում առաջնորդի տեսակետից: Եվ հենց այստեղ կար մեկը, որը ի սկզբանե հակված չէր  «ֆիգուր» դառնալու, այսինքն մնալ որպես «զինվոր», դա իր համար սովորական կարգավիճակ էր: Ամեն առումով Լևոն Զուրաբյանը ձեռնտու էր, նա, ի տարբերություն Արարատ Զուրաբյանի, սիրված չէր ժողովրդի մի ստվար զանգվածի կողմից, նույնը՝ Նիկոլի պարագայում: Հենց այդ է պատճառը ըստ իս , որ Լևոնը շեշտադրումը դրեց Լևոն Զուրաբյանի վրա՝ անտեսելով Արարատի նման ժողովրդի կողմից ընդունված տղաներին»:
Հ.Գ. ինձ թվում է՝  որևէ բան ավելացնելը արդեն ձանձրալի կթվա ընթերցողների համար, քանզի, ըստ իս, ամեն ինչ ասված է. Տեր-Պետրոսյանին Արարատ զուրաբյանի նման անհատականություններ պետք չեն…, քանզի նա երբեք էլ միտք չի ունեցել հաղթելու…:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել