

Ծնվել է Տարոն գավառի Հացեկաց գյուղում: 389թ. Վաղարշապատում, արքունիքում պաշտոնավարել է որպես ատենադպիր: 394թ. թողնելով զինվորական ծառայությունը և աշխարհիկ կյանքը` դարձել է վանական: Մաշտոցի ճգնավայրերից մեկը եղել է Երնջակ գավառի (Նախիջևանի մարզ) Մեսրոպավան գյուղի մոտակայքը:
Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք էր գործել 1-ին դարում, և 301թ. դարձել պետական կրոն, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին։ Ընթերցումները, ժամերգություններն ու ծեսերը կատարվում էին ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի այդ լեզուներով: Մաշտոցի համար համոզմունք էր դառնում հայերեն գիրն ու գրականությունը վերականգնելու հրատապ կարևորությունը: 387թ. Հայաստանի երկու մասերի բաժանումը և միմյանցից օտարացումը սպառնում էր երկրի և ժողովրդի ամբողջությանը, վերահաս էր դառնում հայության ձուլման վտանգը:
Սահակ Պարթև կաթողիկոսի երաշխավորությամբ և Վռամշապուհ թագավորի հրամանով Մ. Մաշտոցը իր աշակերտ օգնականների հետ, մի խումբ մանուկներ առած, ուղևորվում է Ասորիք: 405թ. նա վերստեղծում է հայերենի հնչյունական համակարգը ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր: Եդեսիայում Մ. Մաշտոցը նորագյուտ տառերը դասավորում է, տալիս նրանց անուններ (այբ, բեն...), որոշում է նրանց թվային արժեքները (Ա=1, Ժ=10, Ճ=100...): Իր աշակերտներ Հովսեփ Պաղնացու և Հովհան Եկեղեցացու հետ նորագյուտ տառերի օգնությամբ սկսում է թարգմանել Աստվածաշնչից Սողոմոնի առակները: «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» մեսրոպատառ գրված առաջին նախադասությունն է:
Մաշտոցը եղել է նաև մեզ հայտնի հայ երգի առաջին դպրոցական ուսուցիչը, գրել է շարականներ: Սերունդների համար հատուկ բարոյական արժեք են ներկայացնում Մաշտոցի «Մեղաները».
***
...Մեղա՛յ, Տէր, խոստովանիմ զյանցանս իմ,
Մեղայ, ողորմեա՜ ...
***
...Ի նենգաւոր շրթանց փրկեա՜ զիս, Տէ՜ր,
Եւ յարենէ ապրեցո և ողորմեա՜:
***
Մեղք իմ բազում յոյժ,
Ծանր են քան զաւազ ծովու,
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՜ ինձ, Աստուած:
«Հայկական այբուբենի համակարգը գլուխգործոց է: Հայկական հնչումը ձայնագրվել է մի յուրահատուկ նշանով, և այդ համակարգը այնքան լավ է հիմնվել, որ հայոց ազգին հայթայթեց հնչումի վերջնական մի արտահայտություն, որը մինչև հիմա իրեն պահեց առանց որևէ փոփոխություն կրելու, առանց բարեփոխության կարիք զգալու, որովհետև հենց սկզբից կատարյալ էր»:
Ա. Մեյե (ֆրանսիացի լեզվաբան)
«...Մաշտոցը մեզ երևում է նախ և առաջ իբրև մի վիթխարի քաղաքագետ, որի շահած անարյուն ճակատամարտի հետ չի կարող համեմատվել մեր սպարապետների փառավոր հաղթանակներից և ոչ մեկը»:
Պ. Սևակ
Մ. Մաշտոցի արձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1962թ. մայիսի 26-ին Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի տոնակատարությունների օրերին: Մատենադարանի մերձակա հրապարակում կայացած հանդիսավոր արարողությունը ներածական խոսքով բացեց Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ Ս. Վարդանյանը: Ապա խոսք ասացին Ստեփան Զորյանը, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր, Կիրովի գործարանի ապարատավարների բրիգադավար` Ս. Պետրոսյանը, Պ. Պռոշյանի անվան դպրոցի տնօրեն, հանրապետության վաստակավոր ուսուցիչ Գ. Թովմասյանը, լիբանանահայ բանաստեղծ, մանկավարժ Վահե Վահյանը, Մատենադարանի տնօրեն Լ. Խաչիկյանը, Մ. Նալբանդյանի անվան դպրոցի աշակերտուհի Անահիտ Պարսամյանը:
Արձանի նյութը բազալտ է, բարձրությունը` 5,6 մ, քանդակագործ` ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյան:
Ղուկաս Չուբարյանը ծնվել է 1923թ. Երևանում:
1942թ. ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան ԵԳՈՒ-ն, իսկ 1950թ.՝ ԵԳԻ-ն: 1941-ից զբաղվում է մանկավարժությամբ: 1943-ից նկարիչների միության անդամ է: 1970-ից եղել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ,1988-ից՝ ակադեմիկոս: 1972թ. նրան շնորհվել է ՀԽՍՀ ժողովրդական նկարչի կոչում, 1980-ից` պրոֆեսոր է:
Պարգևատրվել է «Պատվո նշան» և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշաններով:
Նրա աշխատանքներից են`
«Սովետական հասարակ մարդ», գիպս, 1949թ.
«Տարիներ և մարդիկ», քանդակաշար, 1957-58թթ.
«Անահիտի դիմաքանդակը», բրոնզ, 1952թ., Երևան
«Ասպետը», բրոնզ, 1962թ., Երևան
«Մոր դիմաքանդակը», բրոնզ, 1965թ.
«Մ. Ս. Սարյան», բրոնզ, 1967թ., Երևան
«Կոմիտաս», բրոնզ, 1977թ.
«Եղիշե Չարենց», բրոնզ, 1957թ., տեղադրված է Ե. Չարենցի անվան դպրոցի մուտքի մոտ, Երևան
«Ա. Սպենդիարյան», կիսանդրի, մարմար, 1971թ., Երևան
1960-1980թթ. Ղ. Չուբարյանը ստեղծել է պատմական կերպարների մի ամբողջ քանդակաշար:
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2013/07/blog-post_1318.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել