Բակում ջուր ցողելու արարողությանը չմասնակցելու պատճառը «հայկական մենթալիտետն է, որը ինձ բարդույթավորում է»,- նշեց մեր զրուցակից Վարդուհի Բալյանը:

-Ե՞րբ և որտե՞ղ եք սովորաբար նշում Վարդավառը:
Պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ վերջին տարիներին այդքան էլ ակտիվ չեմ Վարդավառի տոնին, սակայն շատ լավ հիշում եմ, որ մանկության տարիներին այն մեծ շուքով նշում էինք մեր ամառանոցում. այնտեղ տարբեր վայրերից ամռանը հանգստանալու նպատակով հավաքվում էին երեխաներ, իսկ այդ տոնին հատկապես բոլորս համախմբվում էինք: Մի փոքր աղբյուր ունեինք, որտեղից դույլերը լցնում և միմյանց վրա էինք ցողում ջուրը: Սովորաբար մեր զոհն էին դառնում անցնող-դարձողները, քանի որ աղբյուրը գտնվում էր անմիջապես ավտոմայրուղուն հարակից տարածքում: Հիշում եմ մի այսպիսի դեպք, երբ ջուր էի ցողել ավտոմեքենաներից մեկի վրա, որի շարժիչը կանգ էր առել. վարորդը դուրս եկավ և ջղային տոնով, բղավելով` բարկացավ ինձ վրա: Բայց միևնույն է` ես այնքան էի տարված տոնով, որ ամենը ինձ վրա ոչ մի կերպ չանդրադարձավ: 

-Իսկ մեծերը ներգրավվա՞ծ չէին ջուր ցողելու այդ ծեսին:
Իհարկե ներգրավված էին: Սիրանուշ անունով մի հարևանուհի ունեինք, ով ամեն տարի պարտադիր կերպով մեզ հետ հավասար, սկզբից մինչև վերջ տոնում էր Վարդավառը, նույնիսկ ոտաբոբիկ վազվզում էր և անցող-դարձնողներին փորձում էր գոնե մի փոքր ջրել, որովհետև, ըստ նրա, բոլորը անպայման պետք է մի փոքր գոնե թրջվեին, որովհետև տոնը իր խորհուրդն ուներ, անպայման հաջողություն բերող ինչ-որ խորհրդանիշ էր իրենից ներկայացնում: Բացի իրենից չեմ հիշում, որ մեծերից որևիցե մեկը ներգրավված լիներ, բայց Սիրանուշ տատիկը մշտապես մեզ հետ էր լինում:

-Ո՞րն է պատճառը, որ չեք մասնակցում տոնին:
Պատճառն այն է, որ չենք գնում մի այնպիսի տեղ, որտեղ կկարողանանք ազատ նշել այն: Ես ապրում եմ բնակարանում և այստեղ այդքան էլ հարմարավետ չէ նշել տոնը: Ինքս էլ չեմ կարողանում ինձ տրամադրել իջնել բակ. երևի թե, կարելի է ասել, սա ավելի շատ բարդույթի հարց է, քանի որ տարիքով ավելի մեծ եմ և փոքրերի հետ չեմ կարողանում գնալ և ներգրավվել այդ տոնին, իսկ իմ տարիքի շատ քիչ մարդիկ կան կամ կարելի է ասել` չկան, որպեսզի գան և նշենք տոնը: 

-Ո՞րն է պատճառը, որ ամբողջ Հայաստանում Վարդավառը բուռն կերպով է նշվում:
Կարծում եմ մարդիկ ուրախությամբ են սպասում տոնին, քանի որ Վարդավառը ինքնին ուրախ, աշխույժ տոն է: Այդ օրվա ընթացքում մարդիկ մի տեսակ լիցքաթափվում են. միայն ջրելու արարողությունը չէ, ջուր ցողելու արարաողությունը չէ, որ մարդկանց ներշչում է և նրանք անհամբերությամբ են սպասում այդ տոնին: Տոնը ինքնին վերածվում է աշխուժության, աղմուկ-աղաղակի. ուրախ-զվարթ ձայներ կարող ես ամենուրեք լլսել: Այդ աղմուկ-աղաղակն էլ իր հետաքրքրությունը ունի. երբ դու կողքից նայում ես տոնին, առանց ներգրավված լինելու, ուրախությունը քեզ էլ է փոխանցվում: Կարծում եմ, որ դա է պատճառը, որ մարդիկ այդքան անհամբերությամբ սպասում են, որպեսզի իրենք էլ ներգրավվեն, իենք էլ ապրեն այդ ուրախությունը, մի քանի րոպեով, ժամով կտրվեն առօրյա հոգսերից, պարզապես վայելեն տոնը:

-Կարելի՞ է ասել, որ հայերը տոնը ընկալում են մի միջոց, որի ժամանակ կարելի է լիցքաթափվել:
Կարծում եմ, որ շատերը Վարդավառը համարում են ակտիվ հանգիստ, քանի որ դուրս են գալիս քաղաքից, տոնը նշում են, որից հետո հավաքվում, մի փոքր ճաշկերույթ-խնջույք են անում: Դրանից հետո էլ է շարունակվում տոնը, խաղեր են կազմակերպում. այսինքն` Վարդավառը միայն ջուր ցողելու արարողությունը չէ, այն կարող է շարունակական բնույթ կրել և մի ամբողջ օր վերածվի ակտիվ հանգստի. մարդիկ լիցքաթափվեն և լավ, դրական լիցքերով նոր աշխատանքային օր սկսեն: 

-Իսկ ինչպե՞ս ես դու պատրաստվում նշել Վարդավառն այս տարի:
Անպայման փորձելու եմ նշել այս տարի Վարդավառը: Դա հավանաբար կլինի մեր ամառանոցում կամ քաղքից դուրս մի այլ տեղ և անպայամն ուրախ և ակտիվ կնշենք վարդավառը. հուսով եմ, որ այս վարդավառը ամենահիշարժաններից մեկն է լինելու իմ կյանքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել