995661_622721524404721_1528283897_nMaxinfo.am կայքի հարցազրույցը Նախախորհրդարանի անդամ, ՀՊՖՆ դիրիժոր Վարդան Հակոբյանի հետ:   Ո՞րն է նախախորհրդարանի նպատակը: Նախախորհրդարանի նպատակն է` ստեղծել նոր որակի պետություն: Այս խնդիրը երբեք դրված չի եղել ոչ մի կառավարության օրակարգում: Մեր կառավարման համակարգը ինչ որ անհասկանալի հիբրիդ է, որի մի մասը մնացել է սովետների ժամանակից, մյուս մասն էլ հարմարեցված է անցումային համակարգներին հատուկ մակերեսային և իմպրովիզացիոն ոճով: Անկախության տարիների միակ համակարգային ձեռքբերումը բանակի ստեղծումն է, որի այսօրվա որակը առանձին քննարկման թեմա է: Երկու բառով եթե նկարագրենք մեր բանակը` կարող էր շատ ավելի կարգապահ և ապահով լինել, եթե այն չղեկավարեին օլիգարխ-գեներալները: Մնացած ոլորտները անկախ Հայաստանում այդպես էլ չկայացան. ո´չ տնտեսականը, ո´չ կրթականը, ո´չ դատաիրավականը և այլն: Նոր Հայաստանում այս բոլոր ոլորտները պիտի կարգավորվեն հստակ փաստաթղթով, որը ծնվելու է մասնագիտական աշխատանքի և ժողովրդական քննարկման արդյունքում: Նախախորհրդարանը պատրաստել է ապագա Հայաստանի հայեցակարգը, որը շուտով պատշաճ ձևով կներկայացվի հանրությանը: Հանրությունը, կամ նրա առանձին մասնագիտական թևերը հնարավորություն կունենան առաջարկություններով և դիտողություններով մասնակից լինել պետության գլխավոր փաստաթղթի կայացմանը: Մեր ժողովուրդը պիտի գիտակցի, որ իր դժբախտությունը իր մեկուսացվածության մեջ է, որի արդյունքում ինքը չի կարողանում ազդել քաղաքական պրոցեսների վրա: Ժողովուրդը ըստ նոր հայեցակարգի պիտի ունենա ամենաակտիվ մասնակցությունը կարևորագույն որոշումներում, մեկ խոսքով ասած, ներկայացուցչական ժողովրդավարությունից պիտի անցնենք անմիջական ժողովրդավարությանը: Պատկերացնենք մի պահ, որ Ազգային Ժողովը դառնում է օրենք մշակող մարմին, իսկ քվեարկում է ժողովուրդը: Հիմա մտածեք` այս պարագայում քանի՞ օլիգարխ կձգտեր լինել խորհրդարանում, երբ ինքը որոշողից դառնում է օրենք մշակող: Այս դեպքում օրենսդիր մարմինը միանգամից մաքրվում է մտքի բալաստից ու մնում են միայն օրենսդիր աշխատանքին տիրապետող և դրանով հետաքրքրված մարդիկ, ինչն էլ կլինի երաշխիք խելամիտ օրենքների և կարգերի մշակման համար: Ի՞նչ ճանապարհով եք այն պատրաստվում իրականացնել: Այս ամենին հասնելու համար պետք է ժողովրդավարական ճանապարհով կատարել իշխանափոխություն, որի համար կանցկացվի հանրաքվե: Տարբերությունը կլինի միայն այն, որ հանրաքվեն կանցկացնի ոչ թե պետական կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այլ հեղինակություններից ստեղծված այընտրանքային ընտրական հանձնաժողովը: Կստեղծվի նաև հանրային դատարան, որին մենք անվանում ենք Սահմանադրական արդարության ատյան, որը կվիճարկի վիճելի հարցերը: Երբ ձևավորված լինի ընտրական հանձնաժողովը և Սահմանդրության արդարության ատյանը, արդեն ձեռնամուխ կլինենք թվով վաթսուն հինգ հոգուց կազմված նոր խորհրդարանի ձևավորմանը, որի համար անհրաժեշտ են լինելու պատգամավոր-առաջամարտիկներ, որոնք հանձն կառնեն իրագործելու այն տեսլականը, որը կքննարկի և կհաստատի ժողովուրդը: Հայաստանում հասարակական տրամադրությունները սրվում են ընտրությունների ժամանակ, իսկ նախախորհրդարանը մերժում է ընտրությունները, այդ դեպքում ետընտրական ժամանակահատվածում ինչպե՞ս եք իշխանափոխություն իրականացնելու: Նախախորհրդարանը կգործի մինչև հիմնադիր խորհրդարանի ստեղծումը: Հիմնադիր խորհրդարանի անդամ կարելի է լինել ինքնաառաջադրման սկզբունքով: Թեկնածուների համար կան մշակված որոշակի ֆիլտրներ, որոնց շնորհիվ կկանխվի պատահական մարդկանց թափանցումը նոր խորհրդարան: Պետք է ավելացնեմ, որ խորհրդարանում մասնակցության համար ՀՀ քաղաքացիությունը պարտադիր չի լինելու, հետևաբար, օրենսդիր և ապագայում կառավարման համակարգում սրանով բացվում է մասնակցության մեծ ասպարեզ սփյուռքի ներուժի համար: Թեկնածուների թվի գերազանցման պարագայում կլինի ռեյտինգային քվեարկություն, որի արդյունքում կորոշվեն ընտրյալ վաթսուն հինգ հոգին: Հաջորդ քայլով կդրվի հանրաքվեի նոր խորհրդարանի կազմն ու ապագա Հայաստանի տեսլականը մեկ տեղում: Ժողովուրդը իր ստորագրությամբ կնքվող պայմանագրով պիտի լիազորի հիմնադիր խորհրդարանին իր շահերը ներկայացնելու համար: Անհրաժեշտ քանակությամբ պայմանագրերի դեպքում հիմնադիր խորհրդարանը դառնում է բացարձակ լեգիտիմ: Առավել լեգիտիմ ընտրված մարմին, քան երբևէ մենք ունեցել ենք անկախ Հայաստանի երրորդ հանրապետության մեջ, որովհետև մինչ այժմ լեգիտիմությունը հիմավորել են հայտարարված թվերով, որի ճշմարտացիությունը ոչ ոք չի կարողացել ստուգել: Լիարժեք մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ է ունենալ քիչ` ավելի քան 836000 ստորագրված պայմանագիր: Սա Հայաստանյան պատմության մեջ ընտրությունների մասնակցության առավելագույն հիսուն տոկոս պլյուս մեկ թիվն է: Ունենալով ընտրողների այդ քանակը` հայտ կներկայացվի ներկա իշխանություններին իշխանության խաղաղ փոխանցման համար: Իշխանությունների առարկման դեպքում կլինի համատարած քաղաքացիական անհնազանդություն, որին ներկա քայքայված ռեժիմը չի կարող դիմակայել: Այս երկար պրոցեսները արվում է մեկ բանի համար, որ լինի ոչ թե իշխանության զավթում, այլ իշխանության գա լեգիտիմության խնդիրներ չունեցող մարմին, և որ ոչ պակաս կարևոր է, նոր իշխանությունը կունենա հստակ ծրագիր, որի իրագործմանը պիտի լծվի անմիջապես: Իշխանության եկած մարմինները լինելու են ժամանակավոր, մինչև նոր ընտրությունների կազմակերպումը, որտեղ կարող են մասնակցել բոլոր կուսակցությունները, բայց արդեն նոր խաղի կանոններով: Այն կանոններով, որը ժողովուրդը արդեն որոշել է նախորոք: Նախախորհրդարանի նպատակն է` ապահովել նոր հարթակ, նոր պայմաններ երկրի ժողովրդական զարգացման համար: Եթե ժողովուրդը համաձայնվի և աջակցի այս ծրագրին, ուրեմն կունենանք նոր որակի երկիր` առանց սպասելու հերթական չընտրություններին, և հերթական հիասթափությանը: Եթե ժողովուրդը չաջակցի, ուրեմն կամ ծրագիրը բավականին լավը չէր, կամ այսպես ավելի հարմար է ապրել և անհանգստանալու պատճառներ չկան: Այս ներիշխանական գզվրտոցների պարագայում երկիրը փլուզումից փրկելու ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում, և դա է պատճառը, որ լծվել եմ Նախախորհրդարանի առաջարկած ճանապարհային քարտեզի իրագործմանը, որին սկզբից ես էլ էի անհավատորեն նայում: Ես հավատում են այս ծրագրի իրագործմանը ոչ թե նրա համար, որ ես Նախախորհրդարանի անդամ եմ, այլ Նախախորհրդարանի անդամ եմ, որովհետև տեսնում եմ այս ճանապարհով առողջ երկիր կառուցելու հնարավորություն: Նոր երկիր, որի կայացման համար բոլորս անելիք ունենք: Մնացած բոլոր հարցերի պատասխանները, կապված երկրի տարբեր ոլորտների տեսլականի հետ, կստանաք շուտով: Եվրոպա, թե՞ Եվրասիա. ո՞րն է Նախախորհրդարանի տեսլականը: Արդյունքում պիտի ունենանք այնպիսի Հայաստան, որին ոչ ոք չկարողանա ստիպել մտնել որևէ բլոկի մեջ, լինի դա Եվրամիություն, թե Եվրասիա: Հայաստանը պիտի ազատ լինի իր հարաբերությունների ձևաչափերի մեջ, իսկ ազատ կարող են լինել միայն լեգիտիմության խնդիրներ չունեցող և հստակ իր ժողովրդի շահերը գերադասող իշխանությունները: Նոր Հայաստանում ամեն մի ՀՀ քաղաքացի լինելու է իր երկրի հարստության բաժնետեր, և որոշողը բոլոր կարևոր հարցերի վերաբերյալ:

Հարցազրույցը վարեց Աննա Հովհաննիսյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել