
Մի հայտնի արտահայտություն կա` «Դիմացինին ԱՅՈ ասելիս, համոզվեք, որ ինքներդ ձեզ ՈՉ չեք ասում»: Հավանաբար բոլորն էլ իրենց կյանքում գոնե մեկ անգամ հայտնվել են իրավիճակում, երբ ի սրտե ցանկացել են մերժել, ՈՉ ասել, բայց ինչ-ինչ, հաճախ անհասկանալի պատճառներով չեն կարողացել և համաձայնվել են` խեղդելով իրենց ներքին «ոչ»-ը: Դա շատ տհաճ երևույթ է, հատկապես, երբ քո «ոչ» ասել չկարողանալուց սկսում են օգտվել քո կողքի մարդիկ:Սա դառնում է բնավորության մի գիծ, որը ծառայում է ի վնաս այն կրողին և ի օգուտ դիմացինի թուլությունից օգտվել սիրող մարդկանց: Դա բնավորության այն քիչ գծերից է, որը բոլորը, բացի այն կրողներից դրական են համարում, բայց այն կրողը երազում է ընդմիշտ ազատվել դրանից: Իսկ ազատվել մի բանից, ինչի պատճառները չգիտենք, համաձայնվեք, շատ դժվար է: Այսօր առաջարկում եմ քննարկել և բացահայտել պատճառները`ինչու մարդիկ չեն կարողանում «ՈՉ» ասել:
Եվ այսպես`
1. Վախ վիրավորվելուց
Հաճախ մարդիկ վախենում են, որ եթե մերժեն դիմացինի խնդրանքը, չհամաձայնվեն նրա հետ կամ չկատարեն խնդրանքը, ապա նա կվիրավորի իրենց, կնվաստացնի, կվնասի: Դա նույնն է, թե դու ինքնակամ դրամապանակդ տաս հանցագործին, միայն թե նա քեզ չվնասի: Պետք է կարողանալ հաղթահարել այդ վախը, դիմացինը ձեզ որևէ բան խնդրելիս ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ դա անել, նա պարզապես խնդրում է, և մերժելը ձեր բնական իրավունքն է:
2. Մերժվելու վախ
Չգիտես ինչու մենք միշտ մտածում ենք, որ եթե մերժենք մարդու խնդրանքը, նա էլ հաջորդ անգամ մեզ կմերժի, կսկսի վատ վերաբերվել մեզ, էլ չի սիրի, երբ նրա օգնության կարիքն ունենանք, երբեք օգնության չի գա: Այս վախը գալիս է դեռ մանկությունից, երբ մեզ սովորացնում են, որ մեզ կսիրեն, եթե մենք լավը լինենք, լսող լինենք: Եվ այդպես էլ այդ «լսող ու խելոք» լինելու սինդրոմով էլ մեծանում են մարդիկ ու արդեն հասուն տարիքում մարդկանց հետ փոխհարաբերություններում դրսևորում նույն վարքը` չասել ոչ, որ սիրվես:
Այս դեպքում պարզապես պետք է գիտակցել, որ եթե մարդը ձեզ իրոք սիրում է, նա երբեք չի դադարի սիրել, եթե մերժեք նրան:
3. Դիմացինին նեղացնելու վախ
Մարդուն չմերժելու երևի թե ամենատարածված պատճառը` նրան նեղացնել չցանկանալն է , այո, արդիկ իրոք կարող են նեղանալ մերժվելուց, բայց դա չի նշանակում, որ դրան պետք է զոհ գնալ ու միշտ ձեր անձնական զոհողությունների հաշվին «այո» ասել:
Այս վախի դեմ պայքարի միակ ձևը ինքներդ ձեր վրա աշխատելն է, աշխատեք ամբողջությամբ չկենտրոնանալ դիմացինի զգացմունքների վրա, մի քիչ էլ էգոիստ եղեք, ձեզ սիրեք, չէ՞ որ հաճախ այո ասելով, դու ք ձեզ եք նեղացնում:
4. Անվստահություն սեփական անձի նկատմամբ
Այս պատճառը սերտորեն կապված է մերժվելու և նեղացնելու վախերի հետ: Հաճախ մարդիկ վստահ չլինելով իրենց ուժերի վրա, հավատ չունենալով սեփական անձի նկատմամբ, մտածում են, որ միշտ պետք է մեկից կախված լինեն, ապրեն նրա օգնությամբ, իսկ մեժրել մեկին, ումից կախված ես, բնականաբար, իրենց թույլ չեն տալիս:
5. Քաղաքավարության մասին սխալ պատկերացումներ/կարծրատիպեր
Սա նույնպես գալիս է մանկությունից, երբ մեր ծնողները մեզ սովորեցնում են լինել բարեհամբույր, օգնել բոլորին, չմերժել մարդկանց խնդրանքը` մոռանալով, որ մենք չենք ապրելու գրքերի բարի աշխարհում, այլ ապրելու ենք կեղծ, անսիրտ ու չար մարդկանց մեջ: Հասկացեք, որ դուք իրավունք ունեք վերանայելու կյանքի հանդեպ ձեզ սովորացրած վերաբերմունքը և փոխվել` համապատասխան իրավիճակի:
6. Անփոխարինելի լինելու պահանջ
Մարդը իր բնույթով սոցիալական էակ է և վախենում է մենակությունից: Իսկ որպեսզի միշտ շրջապատված լինես քեզ սիրող մարդկանցով, դու էլ պետք է դառնաս նրանց սիրելին: Այսինքն սա ենթադրում է չմերժել ոչ ոքի, միշտ օգնության հասնել, լինել վստահելի, երբեք չմատնել վստահությունը: Թվում է, թե ինչ վատ բան կա այս ամենի մեջ, բայց դա լավ է այնքան ժամանակ, քանի դեռ դիմացինդ չի օգտվում քո այդ պահանջից...
Խորհուրդներ
1. Եթե դուք վստահ չեք, որ ուզում եք դա անել, մի շտապեք համաձայնվել, դու միշտ էլ ունեք մտածելու ժամանակ: Հնգիստ մտածեք, և հիմնավորեք մերժելու պատճառը:
2. Ոչ-ը միշտ պետք է վստահ ասել այլապես ձեր անվստահ պատասխանից անմիջապես կօգտվեն և կփորձեն հակառակն համոզել:
3. Եթե դժվարանում եք ուղիղ «ոչ» ասել, փորձեք դա չանելու պատճառն ասել, ասեք` ինչու չեք կարող համաձայնվել, դա կօգնի վստահ լինել պատասխանում:
4. Փորձեք ֆիզիկապես հեռանալ այն մարդու կողքից, ով ձեզ շատ համառորեն մի բան է խնդրում, նրանից հեռու գտնվելով դուք ավելի հանգիստ կարղ եք մերժել:
5. Եթե «ոչ» եք ասում, պատրաստ եղեք, որ կփորձեն ձեզ համոզել, ոչ մի դեպքում մի փոխեք ձեր կարծիքը: Եթե ոչ, ուրեմն` ոչ: Վերջապես դուք ստրուկ չեք, մարդ եք, ով ունի իր կարծիքը ամեն ինչի վերաբերյալ: