Shamshyan.com-ը գրում է.

Մեր հանարապետությունում խոսքի ազատությունը քիչ թե շատ արդեն իրողություն է: Սակայն այս դեպքում, ինչպես ցանկացած ազատության պարագայում, ի հայտ է գալիս ամենաթողության վտանգը: Ոչ շատ վաղ անցյալում եթե նույնիսկ ամենաանկիրթ մարդը հասկանում էր, որ իրեն դիտելու են հեռուստացույցով կամ լսելու ռադիոյով, ապա վերջին ճիգը գործադրում էր գրական բառեր ու պարկեշտ խոսք արտահայտելու համար: Այժմ մարդիկ տեսախցիկի առաջ կանգնում են բացարձակ անկաշկանդ և հաճախ խոսում այնպես, ինչպես նույնիսկ իրենց «տնեցիների» ներկայությամբ չէին խոսի: Ահա այս երևույթը ամենաթողության արդյունք է: Բոլորս շատ լավ հիշում ենք տեղեկատվության այն մի քանի հայ երախտավորներին, որոնց միայն խոսքի ձևը, անկախ բովանդակությունից, մեծագույն հաճույք էր պատճառում` ունկնդրի հոգում կերտելով խոսքի բարձր մշակույթ: Սակայն այժմ հաճախ եթերից ու լրագրությունից հնչում է այն աստիճան անմակարդակ խոսք, որը լսելու համար բնավ պարտադիր չէ` միացնել հեռուստացույցը կամ ռադիոընդունիչը. բավական է մոտենալ հարբած թափառաշրջիկներին և նման տեղեկատվությունն ապահովված է թե՛ բովանդակությամբ և թե՛, մանավանդ, ձևով: Խոսքի ազատությունն, իրականում, վերաբերում է խոսքի բովանդակությանը, իսկ խոսքի ձևը վերահսկվում է օրենքով, որտեղ հստակ ամրագրված է. «ՀՀ պետական լեզուն հայերենն է»: Լեզուն հարատև փոխակերպվող, շարժվող կենդանի օրգանիզմ է: Եվ եթե ամեն զարգացում շարժում է, ապա ամեն շարժում դեռ զարգացում չէ: Կարող է լինել նաև հետադարձ, կազմաքանդող և ձևախեղող շարժում, որից ապահովվագրված չէ նաև լեզուն ու նույնիսկ Հայոց լեզուն: Այն, որ անփորձ ունկնդիրը միշտ չէ, որ լիարժեք կերպով հասնում է խոսքի բովանդակությանը, գիտեն շատերը, և բնավ պատահական չէ, որ արդի փիլիսոփայության ամենաարդիական խնդիրներից մեկը հասկացման հիմնահարցն է: Անփորձ ու առօրյա հոգսերով ծարաբեռնված ունկնդիրը խոսքի ձևը յուրացնում է ենթագիտակցաբար, իսկ սա չի կարող ազդեցություն չունենալ անհատի խոսքի կուլտուրայի վրա: Ավելին` իրականում խոսքով փոխանցվում է բուն կեցությունը: Հանրային խոսքը ձևավորում է հասարակական գիտակցությունը: Այն, որ խոսքը կախարդական ազդեցություն ունի, ի թիվս շատ մտածողների, հայտարարում է նաև հեգեվերլուծության հայր Զ.Ֆրոյդը: Արդի տեղեկատվական ժամանակաշրջանում այս «կախարդությունը» աշխարհի մի ծայրից մյուսի վրա ազդում է վայրկյանների ընթացքում: Եվ անորակ խոսքով երգի, շոուի, հրապարակախոսության բացասական «կախարդանքը» փչացնում է դեռ չկայունացած ներաշխարհի մշակույթը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել