
Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի Օմբուդսմեն Անատոլի Մունթեանուի հետ, ով համակարգում է Մոլդովայի Խորհրդարանական փաստաբանների աշխատանքը:
Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Հեռախոսազրույցից ժամեր անց Հայաստանի Օմբուդսմենը ստացել է հետևյալ ուղերձը.
«Հարգելի պարոն Կարեն Անդրեասյան,
Հայտնում եմ իմ ափսոսանքը վերջերս Հայաստանի Հանրապետության Խորհրդարանում ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կազմակերպված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունը, իհարկե, չի արտացոլում Մոլդովայի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտի դիրքորոշումը նման նուրբ հարցի շուրջ: Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնը, ինչպես նաև այլ պետությունների օմբուդսմենների հաստատությունները ապաքաղաքականացված են և նրանց գործողությունները բացառապես կենտրոնացած են մարդու իրավունքների պահպանման դիտարկման ուղությամբ: Մոլդովայի և Հայաստանի օմբուդսմենների գրասենյակները պահպանել են մշտապես կայուն համագործակցության և փոխադարձ աջակցության հարաբերություններ, և Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունները չպետք է երկու հաստատությունների միջև գշտության պատճառ հանդիսանան: Հուսով եմ, որ այն ինչ պատահեց Երևանում չի ազդի Մոլդովայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ավանդական հարգանքի և արդյունավետ համագործակցային հարաբերությունների վրա: Օգտագործելով այս հնարավորությունը՝ ցանկանում եմ վերահաստատել, որ այս երկու պետություններում մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն իրականացնելու նպատակով օմբուդսմենի հաստատությունը բաց է համագործակցության համար:
Անատոլի Մունթեանու
Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն, Խորհրդարանական փաստաբան»: