Galatv.am-ը գրում է.

Ռուս քաղաքագետ, ՌԴ հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը ԳԱԼԱ-ի հետ զրույցում մեկնաբանում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը՝ անդրադառնալով նաեւ հայ հասարակության ներսում կատարվածից հետո առկա հակառուսական տրամադրություններին: Դվորնիկովն ասում է, որ, չնայած ցանկացած ռազմական գործարք միշտ քողարկված է գաղտնիության տակ, այնուամենայնիվ, անգամ ոչ լիարժեք տեղեկատվությունը բավական եղավ, որ բռնկվի էմոցիոնալ առումով մեծ արձագանք. «Ռուսաստանը զինում է Ադրբեջանին հայերի դեմ»:

«Բայց էմոցիան այս դեպքում մեր լավագույն գործընկերը չէ: Եկեք մաքսիմալ սթափ գնահատենք կատարվածը»,- խորհուրդ է տալիս քաղաքագետը:

Դվորնիկովը գտնում է, որ նախընտրական շրջանում Ալիեւի ռեժիմը, ինչպես բոլոր ավտորիտար կլանները, ձգտում է ընտրողին ցույց տալ, որ հզոր է, պատրաստ է թշնամուն հոշոտել: Այդ ցուցադրողականությունը արվում է այն բանի համար, որ քողարկվեն ներքին խորքային խնդիրները, շեղեն հանրության ուշադրությունը:

Ըստ Դվորնիկովի` ի սկզբանե Ադրբեջանի հետ սիմվոլիկ գործարք է հաստատվել ` ինչ-որ կերպ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների արմատական սառեցումը թաքցնելու համար:

«Սակայն աստիճանաբար ոչ խորամանկ շահարկումների միջոցով սիմվոլիկ գործարքը վերածվեց միլիարդների գործարքի: Ես չեմ բացառում այս տարբերակը և այն համարում եմ միանգամայն ճշմարտանման: Այսպես ասած` բնութագրական: Այդ միլիարդ դոլարը Ալիեւի գրպանում է: Այդ գումարն անկասկած ծախսվելու է: Զենքը նա ամեն դեպքում ձեռք բերելու է: Հարցն այն է, թե որ երկիրը կլինի վաճառողը՝ Իսրայելը, ԱՄՆ կամ գուցե Գերմանիան: Բայց տրամադրողը եղավ Ռուսաստանը: Իհարկե, դա մխիթարանք է, որ ադրբեջանցիները կախվածության մեջ կհայտնվեն ռուսական կողմից, բայց, այնուամենայնիվ, այստեղ կարելի է դրական բան տեսնել: Փաստն այն է, որ գործարքն ունի բավականին բարդ եւ խորքային պատճառներ: Առաջին հերթին` այն ազդակ է ուղղված նախ եւ առաջ Երեւանին, ավելի շուտ ոչ թե ազդակ է, այլ տագնապի լուրջ ազդանշան այն մասին, որ հարկավոր է կողմնորոշվել՝ ում կողքին է ցանկանում կանգնել Հայաստանն այս ծանր պահին: Մոսկվայում փորձագետները բավականին կոնկրետ հայտարարում են, որ հայաստանյան արեւմտյան թեւն անգամ կարող է գերազանցել էքստրավագանտ Սաակաշվիլիին: Տասը տարի առաջ, երբ երրորդ համաշխարհային պատերազմն այդքան իրատեսական չէր թվում, ինչպես հիմա, Հայաստանի շարժը դեպի Եվրամիություն Ռուսաստանի համար կարող էր թվալ հայկական ՈւՀԱ-ի ակուբի (КВН) կատակ: Այսօր, երբ վայրի գլխակերները Սիրիայում՝ գտնվելով Արեւմուտքի լիարժեք հովանավորության տակ, հրապարակայնորեն կարող են ծաղրել քրիստոնյա հոգեւորականի, բնաջնջել հնագույն քրիստոնեական բնակավայրեր, այդ ֆոնի վրա Հայաստանի՝ հիպնոսային շարժը դեպի Արեւմուտք կարող է ընկալվել շատ անբնական: Առավել եւս` հաշվի առնելով Հայաստանի ամբողջ պատմությունը»,-galatv.am-ի հետ զրույցում նշեց Դվորնիկովը: 

Քաղաքագետը գտնում է, որ Արեւմուտքն իր ֆինանսաքաղաքական ռեսուրսներով ոչ միայն կերակրում է քրիստոնյա հոգեւորականի գլուխ կտրող էքստեմիստներին, այլ նաեւ ոչնչացնում է յուրաքանչյուր ազգային արժեք: Ուստի Հայաստանը, եթե բռնի Արեւմուտքի թեւը, որը խժռում է քրիստոնյաներին, դա կդիտվի աննորմալ երեւույթ:

«Քաղաքականությունը կոպիտ եւ դաժան կատակ է: Ես կհամաձայնվեմ, որ Ադրբեջանին զենք վաճառելը շատ կոշտ քայլ էր: Բայց, ըստ երեւույթին, ռուս իշխանական վերնախավը որոշել է՝ պատերազմ, ուրեմն պատերազմ, ռեվերանսների ժամանակը չէ: Իսկ պատերազմն իսկապես ընթանում է: Պետք է սթափ նայել այն իրավիճակին, որը տիրում է աշխարհում»:

Քաղաքագետը պնդում է, որ Հայաստանը պետք է հնարավորինս արագ իր հստակ դիրքորոշումը հայտնի Ռուսաստանի հետ հարաբերություններում, եւ դա կլինի զենքի մատակարարման վերջին դեպքն՝ ուղղված ադրբեջանական հասցեով, այն նաեւ կպարտավորեցնի Մոսկվային հնարավորինս արագ չեզոքացնել դրա հետևանքները` սահմանին ապահովելով կրակային հավասարություն:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել