սկիզբը ստեղ

Շրի Լանկայի հետ հին կապվածություններ կար: Էն ժամանակ, իհարկե, ինքը կոչվում էր Ցեյլոն: Համենայն դեպս, երբ փոքր ժամանակ Մոսկովից Հայաստան ժամանած փոքրաթիվ բարեկամները Ցեյլոնի թեյ էին բերում, մեջս տպավորվել էր, որ աշխարհի ամենահրաշալի թեյն աճում է Ցեյլոն կղզում, ու երբևէ մտքովս էլ չէր անցնում, որ մի օր կգնամ հենց Ցեյլոն ու հետս հենց գործարանին կից խանութից կգնեմ իսկական Ցեյլոնի թեյ. 3 կիլոգրամ և 250 գրամ: Ուղեկցող գիդն ասաց, որ 7 կգ թույլատրվում է բերել: Ինձ որ մնար, ես ողջ խանութը հետս կբերեի:

Հայաստանից Շրի Լանկա սկսել են գնալ արդեն երրորդ տարին: Էն ժամանակվանից սկսած, երբ Fly Dubay ավիաընկերությունն սկսեց թռիչքներ իրականացնել նաև դեպի Զվարթնոց օդանավակայան: Որովհետև Դուբայից հետո ուր ասես կարելի է գնալ: Զորօրինակ Շրիա Լանկա կամ թեկուզ Մավրիկե, որից Մադագասկար ժամ ու կեսի պատմություն է: Իսկ Մադագասկարը տեղ է, որտեղ ևս պետք էր գնալ: Դարձյալ հին պատմություն է: Երրորդ դասարան էինք, երբ մի երգ էինք ածում դասարանի աղջիկներով. կա մի կղզի Հնդկական օվկիանոսում-նոսում, որին Մադագասկար անվանեցին-նեցին...: Դե էսքանի հետո ո/նց չգնաս Մադասգասկարի կողմերը՝ տեսնելու, թե ինչ կա չկա էն կողմերը: Բալքի մի բան պատահի: Կարևորը պատահարի պատահման հավանակությունն էր, որի հետ մի բան պետք էր անել, թե չէ ոչինչ չպատահելով տուն չես պահի:

Fly Dubay-ը էժան չվերթներ իրականանացնող ավիաընկերություն է, և երկկողմանի ավիատոմսերը Շրի Լանկայի համար 550-700 դոլարի կարգի էին, որը էդ տարածության համար գրեթե ձրի է: Ուղղակի պետք էր նախօրոք գնել, ու հնարավոր էր նույնիսկ 520 դոլարով էլ գնել: Փոխարենը թռիչքի ժամանակ չեն կերակրում: Եղածն էլ ահավոր թանկ: Ասենք մի ստից բուդերբրոդը 10 դոլարի կարգի էր: Թարսի պես էլ հենց էդ ժամանակ մի սովածություն ա բռնում, մի սովածություն, քեզ թվում ա, թե եթե մի բան չուտես, սովից ուշքդ կգնա: Բայց ձեռս չգնաց մի բրդուճ հոտած հավի մսի համար 10 դոլար տայի: Համ էլ հետս քանի մը պանրի դուռում ունեի, բայց էդ հերիք չէր ու Դուբայի անկապ օդանավակայանում մի հատ Սնիկերս խժռեցի:

Դեպի Կոլոմբո թռնող ճանապարհին կողքս հնդիկի արտաքին հիշեցնող մի անձնավորություն էր նստած, ով արգելեց, որ մատներս հպեմ իրենց սուրբ գրքին՝ պատճառաբանելով, որ միևնույն է՝ ոչինչ չեմ հասկանալու: Հեռվից ցույց տվեց տառերը: Հիերոգլիֆներ հիշեցնող կույտ էր, որից, բնականաբար բան չհասկացա: Էդ կողմերն իրենց յուրահատկություներն ունեն՝ տառերի ու լեզուների իմաստով, ու ամեն անգամ Հայաստանից դուրս գալուց հասկանում եմ, որ աշխարհի մասին բան չգիտեմ, ինչրպես նաև էն, որ աշխարհում Հայաստանից բացի ուրիշ տեղեր էլ կան, որտեղ մարդիկ ոչ միայն ապրում են, այլև ունեն որոշակի զգացողություններ ու ապրումներ, աշխարհընակալման իրենց համակարգը ու արժեքների կույտը, որը ոչնչով մեզն ից վատը կամ լավը չի: Էդ ուղղակի իրենցն է, ու դրա հետ հաշվի չնստելը հավասարազոր է գլխով պատը քանդելուն: Հեռավոր Արևելյան տարատեսակ կղզեխմբերի ու դրանց հարակից երկրների մասին մեր ունեցած տեղեկություններն ընդամենը քարտեզի վրա մոտավոր տեղի իմացության մակարդակի չափի է, ու էդ տեղերի մասին փոքր ժամանակ կարդացել էի Միկլուխո Մակլայի ճանապարհորդական նոթերի, թե էդ կարգի մի բան, որտեղ նա պատմում էր, թե ինչպես է ծանոթացել բնիկների և տեղական բարքերի հետ: Ամենավառը հիշվում էր խորոված բանանի պատմությունը, ու Շրի Լանկայում իմացա, որ կոնկրետ իրենց մոտ աճում է բանանի 14 տեսակ, այդ թվում էն տեսակը, որը կարելի է կարտոֆիլի պես խաշել: Հասցրի ճաշակել երեք տեսակը, որից ամենաշատը հավանեցի մեզ ծանոթ բանանի կես երկարության չափի դեղին ու քաղցր տեսակը, որը մեղրի պես քաղցր էր: Կարմիր բանան կար, որը դրանից հետո խոտի համ էր հիշեցնում, ու ուտում էի միայն էդ 20 սմ-անոց բանանները, որոնց կիլոգրամը 200 դրամի կարգի բան էր: Անանասի հատն էլ մոտ 600 դրամ էր, կոկոսը՝ 150: Բանանի մնացած տեսակների հետ ծանոթություն էդպես էլ չկայացավ, որովհետև էնքան բան կար փորձելու, որ առնվազն մի երկու ամիս պետք էր՝ տեղական մշակույթի ու դրանից բխող զարմանազան մանրամասնություններին ծանոթանալու համար: Շատ կգրեմ դեռևս բնիկների մասին, բայց դա դրսի հայացք է՝ գցված ընդամենը տասը օրում, ու պետք չի զարմանալ,թ ե Թոմաս դե Վաալն ինչեր է գրում հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: Ոչ ոք ամբողջապես չի կարող դառնալ քո մշակույթի կրողը: Ինքը սենց թե նենց պիտի տեսածն ընկալի սեփական ինստալցված օպերացիոն համակարգի հնարավորությունների համաձայն: Խնդիրն էլ հենց օպերացիոն համակարգն է: Ու եթե էս անտեր կոմպերի համար դա շատ հեշտությամբ արվում է, մարդկանց համար՝ մեշոկով խնդիրներ կան:

Ինչևէ: Մյուս միրգը, որ դուրս շատ եկավ, կոչվում էր ռամբուտան, որի տեսքից հեչ չես ասի, թե ներսը տենց համով դոնդող կա, իսկ միջուկում էլ՝ ծիրանի կորիզի պես մի բան: Դա համեմատաբար թանկ էր, ու մի հատը 50 դրանմի կարգի էր, իսկ մի հատը անանասի չափ չէր, այլ թենիսի շարիկի չափ: Մյուս մրգը, որ շատ դուրս եկավ, կոչվում էր մանգոստին, որի տեսքից պետք էր միայն ենթադրություններ անել, թե ոնց պետք էր ուտել: Մանգոստինը, ուրեմն ներսից փափուկ ու կաթնագույն միջուկ ուներ՝ ներսում ունենալով դարձյալ կորիզնման մի բան, իսկ արտաքինից պատված էր հաստ ու դառը կճեպով: Երբեմն շատ կարծր: Բավական թանկ էր: Կիլոգրամը 1000 դրամի կարգի: Իսկ մի կիլոգրամը կազմում էր մոտ 6-7 հատ մանգոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել