V-VI դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ: Հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր:
Սովորել է Ալեքսանդրիայում՝ Օլիմպիոդորոս Կրտսերի փիլիսոփայական դպրոցում: Նրա բազմաթիվ երկերից են «Փիլիսոփայության սահմանումները», «Պորփյուրի ներածության վերլուծություն», Արիստոտելի` «Անալիտիկայի և կատեգորիաների մեկնությունը»: Դ. Անհաղթի երկերը պահպանվել են հայերեն և հունարեն լեզուներով: Նա սկզբից իր գործերը գրել է հունարեն, ապա բնագիրը թարգմանվել է հայերեն: Դավիթ Անհաղթը դարձավ հայ իրականության մեջ տրամաբանության, իմացաբանության, բարոյագիտության և փիլիսոփայության այլ մասնաճյուղերի հիմնադիրը: Աշխարհիկ մտածողության ոգի, աշխարհը իր ողջ բազմազանությամբ ճանաչելու տենչանք, ազատամտություն. այդպիսիք են Անհաղթիստեղծագործությանը բնորոշ գծերը:
Ըստ Դավիթ Անհաղթի` բարին ճշմարտությունից վեր է ու գերազանց, և ամեն մի բարի բան ճշմարտություն չէ, և հարկավոր է բարի գործի համար երբեմն հեռանալ ճշմարտությունից:
14-րդ դարի հեղինակ Առաքել Սյունեցին գրել է. «Դավիթը շատ տառապանքներ, զրկանքներ ու հալածանքներ է կրել հայրենակիցներից, ստիպված հեռացել է Հայաստանի հյուսիսային ծայրագավառ, որտեղ և կնքել է իր մահկանացուն»:
Հետագայում, եկեղեցին, գնահատելով նրա մեծ ծառայությունը, դասել է նրան սրբերի շարքը, նրա աճյունը տեղափոխվել է հայրենի նահանգը և որպես սուրբ մասունք` մեծ շուքով թաղվել Մշո Առաքելոց վանքում: Նրա պատվին կանգնեցված է խաչքար:
«Փիլիսոփայությունը աստծուն նմանվելն է ըստ մարդկային կարողության»: ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ
Դ. Անհաղթի արձանը դրվել է 1985թ., իր անունը կրող փողոցում` Զեյթուն թաղամասում: Արձանի նյութը` բրոնզ, գրանիտ, բարձրությունը` 3 մ, քանդակագործ՝ Սերժ Մեհրաբյան, ճարտարապետ՝ Էդուարդ Սաֆարյան: 
Արձանի աջ կողմում քանդակագործը փորագրել է իր բանաստեղծություններից մի քանիսը, իսկ գրքի վրա՝ «Ճանաչիր հոգուդ գանձերը մաքուր...»։ 
Սերժ Մեհրաբյանը ծնվել է 1931թ. Երևանում:
1951թ. ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան ԵԳՈՒ-ն, իսկ 1957-ին ԵԳԹԻ-ն:
Նրա հայտնի գործերից են`
Աղբյուր հուշարձան, բազալտ, 1960թ., 
Դալար (Արտաշատի շրջան)
«Վերածնունդ», կոփածո պղինձ, տուֆ, 1970թ., Իջևան
ՀՄՊ-ում զոհվածներին նվիրված հուշարձան, ձուլածո ալյումին, 1974թ., Դիլիջան
«Զինվոր-շինարար», հուշարձան երեք ֆիգուրից, երկաթ-բետոն, բարձրությունը` 7,5 մ, 1971թ., ք. Պրիազովսկ (Ղազախստան)

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել