Որքան էի ես մտքում փափագում ունենալ Լուսոյի շորերից` խայտաբղետ շապիկներ, տաբատ-կիսաշրջազգեստներ, «եփած» ջինսե տաբատներ, թիթիզոտ վերնաշապիկներ կամ դրանց նմանը... բոլորը... ավելին...

Որոշ ժամանակ անց մի քանիսը հայտնվում էին իմ զգեստապահարանում, բայց դա ինձ չէր բավարարում, ես սիրում էի հագնել, հայելու առաջ երկար տնտղել ինձ, իմպրովիզներ անել շորերիս ու մազերիս հետ:
Իմ «դերձակ-մոդելավորող» մենաշնորհին  խթան հանդիսացավ  կիսաշրջազգեստ-տաբատ հայտնությունը, և ես սկսեցի մամայից պահանջել ինձ համար կտորներ գնել: Մաման չզլացավ, քանի որ ինքն էլ այդ բնագավառին ծանոթ էր ու հաճախ դնգդնգացնում էր կարի մեքենան...
Սկսվեց դերձակային կարիերաս տանը, իմ իսկ ննջարանում, և ես կյանքի կոչեցի կիսաշրջազգեստ տաբատներ, հետո շորտեր-շապիկներ քույրիկներիս համար և մի շարք անհիշարժան շորեր:
Պարզ տաբատներն ինձ մոտ ստացվում էին անթերի, և ես նման մի քանիսը կարելուց հետո մեծ համբավ ձեռք բերեցի: Ընկերուհիներս սկսեցին ինձ դիմել տաբատ կարելու խնդրանքով, որը ես իրագործում էի միայն ձևելով` կարելը թողնելով իրենց:
Հագուստի այդ դժվարին տեսակից ես անցա արև- կիսաշրջազգեստին, իսկ ամռանը` թելերով շապիկին և շորտերին: Երեք քույրիկներիս համար կարեցի միանման կոստյումներ, որոնք նրանք երկար ժամանակ հաճույքով կրում էին:
Մոդելավորողի կարիերաս ավարտվեց ընկերուհուս համար դպրոցական կիսաշրջազգեստի գերանհաջող դրսևորմամբ: Ես նույնիսկ պարզ «փեշ» (սփյուռքահայերեն) կարել չգիտեի, իսկ «փոռիկներով  փեշ» ձևելով, բոլոր հարկերն անհավասար ու չափազանց կարճ, զայրացրեցի ընկերուհուս մամային, որը կտորը գնել էր հատուկ «Սեպտեմբերի մեկի համար»:
Եվ որտեղից ինձ այդքան վստահություն, թե կհաջողեի, հիմա զարմանում եմ: Թվում էր` բավականին հեշտ է, արդյունքում` անտանելի դժվար: Երկու մամաների քննարկումից հետո մամաս առհավետ փակեց կարի մեքենան ինձ համար, որին ես չառարկեցի, որովհետև սարսափելի զղջում էի արարքիս համար:
Ցանկությունս առհավետ վերացավ մինչև մի քանի արտառոց դեպքեր, ինչպես օրինակ երեկոյան զգեստս «նեղացնելը» խնջույքից 2 ժամ առաջ կամ շտապ վարագույր կարելը հյուրեր ունենալուց առաջ:
Հիմա մենաշնորհս ժամանակ առ ժամանակ հիշեցնում է իր մասին, բայց լրիվ ուրիշ կերպ: Տեղյակ լինելով կարի առանձնահատկություններից` ես անտանելի ձևով հարցախեղդ եմ անում դերձակ-ընկերուհուս: Նա էլ համբերատար պատասխանում է բոլոր հարցերիս` բավարարելով հետաքրքրասիրությունս: Ամեն դեպքում, զարմանում եմ ինքս ինձ վրա, ո՞րն է այդքան հարց տալուս իմաստը, չէ՞ որ առայժմ ես որևէ բան կարելու մտադրություն չունեմ....
Միգուցե հետոյի համար եմ հարցնում, ո՞վ գիտե...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել