Լուսնից իջա. անցա խավարի միջով: Դիվահար մարդիկ ինձ մոտիկ չեկան: Միայն մարմնավաճառը, ստինքններով խավարը ճեղքելով, նոր ստացած համբույրը շրթից մաքրելով, ձգվեց առաջ: Չռված աչքերով մի տաքսիստ, որ ուղւոր էր փնտրում, ինձ տեսնելով ուրախացավ: Տաքսիստի մոտ կանգնած մուրացիկը, որը նախկինում մեծ դերասան էր եղել, ասաց. «Այսօր հաց չի առել»:
Ես խավարի մեջ երկար թափառեցի քաղաքի փողոցներում, բայց հաց չգտա մուրացիկի համար: 
Ի վերջո կանգ առա լույսերով ողողուն նախագահական պալատի մոտ, որի ճակատին գերբի տեսքով մի ժամացույց էր ծեփված. այն ժամանակը ցույց չէր տալիս: Այնպես ուզում էի ներս մտնել, բռնել նախագահի ձեռքն ու առանց այլևայլության ասել.
-Պարոն նախագահ, Ձեր գոհարակուռ ժամացույցը ցույց չի տալիս արևի ծագելն ու մայրամուտը: Սուսերանման սլաքների անկանոն շարժը անտեսում է աքլորի լուսաբացի կանչը, շաղի իջնելու, ծառերի ծաղկման ու տերևաթափի ժամանակը: Բացահայտ չի առնչվում երկրի տարածքի ժամային գոտիների հետ:
Այն վայրի ու համառ հրճվանքով ցույց է տալիս բացահայտ թալանի ու գռփելու անողոք ժամանակը:
Արևս վկա, միայն այսքան բանն էի ուզում ասել:
Նախագահի պահնորդ գունդը ինձ հեգնանքի օղակի մեջ առավ. հրացանների խզակոթով մեջքիս տալով, ինչպես շանը, հալածեց:
Մարմնիս ծաղկուն ցավով հասկացա, որ հատու չէր իմ քայլքը: Լուսնից չպետք է իջնեի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել