Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անկեղծությունը անհամեմատելի օբյեկտիվությամբ է դրսևորվում: Այսօր մամուլում կարդում ենք, որ Վարդան Ղուկասյանն այն հարցին, թե` «շա՞տ մեղք ունի» պատասխանել է. «Եթե Նարեկացին,  այդքան մեծ մարդ լինելով, իրեն մեղավոր է համարում, կամ Ներսես Շնորհալին իր «Հավատով խոսոտովանիմք» աղոթքի 24 տներում նշում է. «Եվ ողորմեա քո արարածոց և ինձ` բազմամեղիս», ապա ինձ պես եղկելիս, թշվառականս ու անարժանն ինչքա՜ն մեղք գործած կլինի...»:
Թերևս չկան մարդիկ, որոնք մեղքեր չունենան, սակայն «մեծն» Վարդան գյումրեցին որոշել է, որ հարցին պատասխանելիս իրեն համեմատի Նարեկացու և Շնորհալու հետ: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Վարդան Ղուկասյանը, բացի «անկեղծ» լինելը, նաև շատ «համեստ» է:
Մի հետաքրքիր տրամաբանություն, այնուամենայնիվ, տեղին է հնչեցնել այս դեպքում: Երբ հոգեկան հիվանդը գիտակցում է իր «գիժ» լինելու մասին, նա այլևս «գիժ չէ»: Եթե այս տրամաբանությունը գործում է նմանատիպ իրավիճակներում, ապա երբ մարդ իրեն համարում է խելքով ու գիտակցում է եղկելի թշվառական լինելու ու իր անարժանության մասին, ապա ինքն այլևս քայլեր է կատարում ուղղվելու համար: Այնպես որ, ողջունելի է Վարդան Ղուկասյանի անկեղծությունը:
Այսուհետ մենք չենք փորձի «եղկելի», «թշվառական», «անարժան» բառեր կամ դրանցով կազմված կապակցություններ հանդիպելիս ասոցացնել «ազնվագույն», «համեստ» անձնավորության` Վ.Ղուկասյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել