
Aysor.am-ը գրում է.
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով` Սահմանադրության օրվա կապակցությամբ:
«18 տարի առաջ Հայ ժողովրդի մեծամասնությունը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագիրը «այո» ասաց նորանկախ Հայաստանի Սահմանադրությանը: Փաստաթուղթ, որում ներառված են հայոց պետականության հիմնարար սկզբունքները, համազգային նպատակները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները: Փաստաթուղթ, որում ամրագրված սկզբունքները անկյունաքարային նշանակություն ունեն մեր պետության կայացման, հասարակական հարաբերությունների կարգավորման և ժողովրդավարության ամրապնդման գործում: Իսկ այդ սկզբունքները կյանքի կոչելը յուրաքանչյուրիս գերագույն խնդիրն ու պարտականությունն է:
Բոլորս պետք է գիտակցենք, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արժեքների և իրականության միջև առկա խզումները միայն համատեղ ջանքերով կարող ենք վերացնել և որ դա մեր բոլորի պարտքն է: Այդ ճանապարհով է միայն հնարավոր սահմանադրական արժեքները լիովին իրողություն դարձնել և երկրում ամրապնդել սահմանադրական ժողովրդավարություն: Համոզված եմ, որ այդ ճանապարհը հարթելուց հետո բոլորս կգիտակցենք, որ Սահմանադրությունը պետականության խորհրդանիշն է, հպարտությամբ կգիտակցենք Սահմանադրություն ունենալու կարևորությունը և հուլիսի 5-ը իսկապես տոն կդառնա յուրաքանչյուր հայի համար: Հավատում եմ, որ հեռու չէ այդ օրը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ»,- նախարարության փոխանցմամբ` ասված է նախարարի ուղերձում: