Tert.am-ը գրում է.

Բերքահավաքի այս օրերին ծիրան մթերող «Նոյան» բնական հյութերի գործարանի տնօրեն Վահե Ղազարյանը վստահեցնում է, որ իրենց գործարանը հունիսի 22-ից առանց ընդհատման աշխատել է, իսկ եթե ինչ-որ կանգառներ եղել են, ապա դրանք ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքով են եղել, այլ զուտ արտադրական գործընթացի անհրաժեշտությամբ պայմանավորված: Իսկ մթերման կետերում առաջացած հերթերի պատճառն այս տարվա առատ բերքն է:


«Մենք բազմիցս հնչեցրել ենք, խոսք ենք տվել այս տարի 3000 տոննա ծիրան մթերել: Մինչև այսօր արդեն 2000 տոննա մթերվել է: Իսկ անցած տարի ընդամենը մոտ 900 տոննա ենք մթերել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց գործարանի տնօրենը՝ նշելով, որ ուղղակի այս տարի բերքն աննախադեպ է. «Մինչև ծիրանը ծառերից չհավաքեցին, մենք էլ չէինք պատկերացնում, որ այսքան բերք կլինի ծառերին: Այսքան ծիրան եղել է 2005թ.-ին, և ինչքան կտրում են ծառերը, 10 անգամ շատ տնկիներ են տնկվում»:


Հիշեցնենք, որ օրեր առաջ մի խումբ լրագրողներ այցելել էին Արմավիրի մարզ և դեպի գործարան տանող ճանապարհին գոյացած ծիրան վաճառողների հսկայական հերթի ականատեսն եղել: 

Այդ օրվանից հետո, երբ մարդիկ բողոքում էին, որ անգամ ջուր չունեն խմելու և սոված-ծարավ սպասում են իրենց հերթին, գործարանը նրանց ամեն օր ջուր, հյութ և պաղպաղակ է բաժանում:


Վահե Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիմա էլ ոչ այդքան մեծ, բայց հերթեր կան, և գյուղացիներն արդեն մարդատար մեքենայով են գալիս հերթը պահում, և երբ իրենց հերթը մոտենում է, ծիրանով բեռնված մեքենան բերում են գործարան: Վերջինիս խոսքով՝ հերթերի պատճառ է նաև այն, որ մարդիկ իրար հետ լեզու չեն գտնում. «Փոքր մեքենայով մի 200 կգ ծիրան են բերում, կանգնում ու չեն համախմբվում իրար հետ միասին մի մեծ մեքենայով բերքը հանձնեն, իրար չեն վստահում»:


«Գյուղացիներն այդքան էլ անկեղծ չեն, հիմա մենք եկել ենք, իրենց դռան դեմը գործարան ենք կառուցել ու 50 դրամով մթերում ենք, բայց մինչ այդ նրանք վերավաճառողին 20-30 դրամով էին տալիս»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել