2013 թվականի հուլիսի 5-ին լրանում է ՀՀ Սահմանադրության ընդունման 18 տարին:  Սահմանադրություն (Constitution) բառը ծագել է դեռեւս Հին Հռոմում՝ լատիներեն constitutio բառից (սահմանել, հիմնադրել), որը տեղ է գտել գրեթե բոլոր ազգերի լեզուներում: Հայերենում ի սկզբանե «Constitution» բառի փոխարեն օգտագործվել է «Սահմանադրություն» հասկացությունը, որը բացի սահմանելուց ընկալվել է նաեւ սահման դնելու իմաստով: Այս գաղափարն իր արտահայտությունն է գտել 1773-1788 թթ. հայր եւ որդի Շահամիրյանների հեղինակած «Որոգայթ փառացում»: Վերնագրի մեջ ամփոփված է Սահմանադրության հիմնական իմաստը՝ մարդու ազատությունը պահպանելու համար անհրաժեշտ է սահման դնել իշխանության, կառավարողի առջեւ: Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, որը սահմանում է մարդու եւ պետության միջեւ հիմնական հարաբերությունները եւ պետական իշխանության կառուցվածքը: Սահմանադրությունը պետության մեջ «խաղի» հիմնական կանոններ սահմանող իրավական ակտն է, եւ այդ «խաղի» կանոնները հավասարապես տարածվում են ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ պետական իշխանության մարմինների վրա: ՀՀ սահմանադրությունը ընդհանուր կանոնների վերաբերյալ համընդհանուր համաձայնագիր է, որոնց հավասարեցվում է երկրի ողջ օրենսդրությունը: Բանակը` որպես հասարակության մաս, համաձայնեցնում է իր գործողությունները՝ համաձայն ընդունված Սահմանադրության: Սահմանադրության 8.2 հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո։ Այս հոդվածի ներմուծումը կարեւորվում է երկրի անվտանգության եւ տարածքային ամբողջականության պահպանության հարցում զինված ուժերին վերապահված դերակատարությամբ: Ուստի նման դրույթի ներառումը Սահմանադրությունում արդարացված է, չնայած ավելի ճիշտ կլիներ այն ամրագրել ոչ թե սահմանադրական կարգի հիմունքներում, այլ գործադիր իշխանությանը նվիրված գլխում: Մի շարք երկրներում Սահմանադրության բացակայության պարագայում բանակն ինքը Սահմանադրության յուրահատուկ գործառույթ էր ստանձնում, քանի որ հանդիսանում էր միակ պետական ինստիտուտը, իրավունք ուներ փոխելու պետության ղեկավարին: Ժամանակակից տեմիններով ասված` բանակին վերապահված էր իշխանության ռոտացիայի իրավունք: Եվրոպական մի շարք երկրներում Սահմանադրությունը ներառում է նորմեր, որոնք արգելու են վերանայել Սահմանադրությունը պատերազմի ընթացքում: Մի շարք եվրոպական երկրներում Սահմանադրությունը արգելում է ներգրավել Զինված ուժերին քաղաքական գործունեության մեջ: Պատմությունը ցույց տվեց, որ լավ բանակը միշտ էլ ավելի ակտուալ է եղել Հայաստանի համար, քան լավ Սահմանադրությունը: Ակնհայտ է, որ երբ իշխանությունը կորցնում է ղեկավարի իր դերը բանակում, ապա կորցնում է հեղինակությունը: Հայտնի խոսք է` այն ժողովուրդը, որը չի ցանկանում կերակրել իր բանակին, կկերակրի թշնամու բանակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել