Aysor.am-ը գրում է.
Յուրաքանչյուր կին ցանկանում է ունենալ գեղեցիկ, երկար և խնամված եղունգներ, սակայն շատ հաճախ մեր ջանքերը զուր են անցնում, եղունգները շերտավորվում են, կոտրվում: Նախ պետք է պարզել պատճառը: Եղունգների շերտավորման ամենահավանական պատճառներից մեկը օրգանիզմում անհրաժեշտ վիտամինների ու միկրոէլեմենտների բացակայությունն է: Հնարավոր է նաև, որ միատեսակ սնունդ եք ուտում կամ դիետա պահում:
Մասնագետների պնդմամբ` երբ սնունդը չի պարունակում երկաթի, կալցիումի անհրաժեշտ քանակություն, մարդու եղջերային գոյացությունները (եղունգներ, մազեր) շերտավորվում են: Կալցիումի պակասը կարելի է լրացնել կերակրացանկում ձկնամթերք, ձկան յուղ, լյարդ ավելացնելով: Դրանց մեջ կա նաև շատ ֆոսֆոր, մագնեզիում, D վիտամին, որոնք օգնում են կալցիումին ամբողջովին յուրացվել օրգանիզմի կողմից:
Օրգանիզմում երկաթի պակասի դեպքում նույնպես հնարավոր է եղունգների շերտավորում: Այս դեպքում կարելի է օգտագործել խատուտիկի (одуванчик), կռատուկի (лопух), թրթնջուկի (щавель) թեյեր, ինչպես նաև` եփած միս, լյարդ, ձվի դեղնուց, չրեր: Եթե շերտավորվում են եղունգները, անպայման ուշադրություն դարձրեք օգտագործվող կոսմետիկ միջոցներին (ձեռքի օճառ, ձեռքի քսուք, եղունգի լաք): Եղունգները պետք է ժամանակ առ ժամանակ ազատ լինեն լաքից: