Shamshyan.com-ը գրում է.

Մարտի 4-ին՝ կեսգիշերն անց, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ ստացվեց, որ ծայրահեղ ծանր վիճակում, բազմաթիվ վնասվածքներով իրենց բուժօգնության է դիմել Քյարամ Ավդոյան անուն-ազգանունով մի քաղաքացի. վիրավորի մարմնին 13 կտրած-ծակած և թափանցող վերք կար. դանակահարություն էր տեղի ունեցել: Հիվանդանոց մեկնած ոստիկանները փորձել էին տուժածից տեղեկություն ստանալ իր հետ կատարվածի և որ առավել կարևոր է՝ կատարողի մասին, սակայն տուժողն ի վիճակի չէր պատասխանելու հարցերին:

Տուժածի հարազատներից հարցուփորձի արդյունքում ճշտվեց դեպքի վայրը՝ Աբովյան փողոցի գտնվող Riche սրճարանի մոտ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Քյարամ Ավդոյանին մարմնական վնասվածքներ է հասցրել 26-ամյա Վլադիմիր Սիաբանդովը, ով հայտնի է «Վլե» մականվամբ: Վ. Սիաբանդովն անմիջապես հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին: Պարզվել է, որ Ք. Ավդոյանն ու Վ. Սիաբանդովը ազգականներ են (վերջինս Ք. Ավդոյանի կնոջ քրոջ որդին է): Վլադիմիր Սիաբանդովը կալանավորվեց և գործի քննությունը վարումը հանձնվեց կենտրոնի քննչական բաժնին: Այս դեպքին անդրադարձավ նաև 02 հաղորդաշարը՝ մարտի 7-ի հաղորդման ժամանակ (2-րդ տեսանյութ): Shamshyan.com-ի թղթակցի հետ կապվեց Քյարամ Ավդոյանի քույրը՝ Զոյա Ավդոյանը, ով ներկայացրեց դանակահարությանը հաջորդած հետագա զարգացումները:

Զ. Ավդոյանի խոսքերով՝ դանակահարությունից 11 օր անց Քյարամ Ավդոյանին հիվանդանոցից դուրս են գրել, որից հետո գրեթե երկու ամիս Ք. Ավդոյանին խնամել են տան պայմաններում: Սակայն մայիսի 12-ին Քյարամ Ավդոյանը մահացավ. ինչպես հետագայում պարզվեց մահվան պատճառը թոքերի թարախակալումն էր, որը չէր նկատվել բժիշկների կողմից. «Շաբաթ օրով բժիշկը եկավ հարցրեց եղբորս, թե ոնց ես քեզ զգում, եղբայրս ասաց՝ լավ եմ, բժիշկն էլ, թե՝ դե դուրս գրեք, թող գնա տուն: Ո՛չ ռենտգեն արեցին, ո՛չ վերջնական ստուգեցին ու այդպիսի խորը կտրվածքներով դուրս գրեցին, ուղարկեցին տուն՝ հիվանդանոցում պահելով ընդամենը 11 օր»:

Հետագայում հայտնի դարձավ նաև դատաբժշկի եզրակացությունը, ըստ որի՝ մահվան պատճառը դանակահարությունն էր: Մինչ Ք. Ավդոյանի մահանալը հարուցված քրեական գործի շրջանակում անցկացվեց դատահոգեբուժական փորձաքննություն, որի արդյունքում՝ Սիաբանդովը անմեղսունակ ճանաչվեց: Ք. Ավդոյանի մահվանից հետո՝ հունիսի 3-ին, նրա հարազատները՝ քույրերն ու մայրը, չհամաձայնվելով դատահոգեբուժական փորձաքննության արդյունքների հետ, բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ պահանջելով կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն, որին անդրադարձել էր slaq.am-ը՝ պատրաստելով տեսանյութ:

Զ. Ավդոյանի խոսքերով Սիաբանդովի անմեղսունակության «ապացույցը» պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու փաստաթուղթն է, որը փողով ձեռք է բերվել 2005 թ.-ին նրա մոր մորեղբոր՝ Ս. Մամոյանի միջոցով, ով այդ տարիներին աշխատում էր Նորքի հոգեբուժարանում: Ի միջի այլոց, Ս. Մամոյանը այդ կերպ բանակից ազատել է նաև իր ավագ որդուն՝ Ռոման Մամոյանին:

Զոյա Ավդոյանի խոսքերով՝ իրենք մանկուց են ճանաչում Սիաբանդովին, և նա հոգեկան ոչ մի խնդիր չի ունեցել երբեք. «Սիաբանդովը դանակահարությունից 5 օր առաջ էր եկել Գերմանիայից: Երկու օր անընդհատ փնտրում է Քյարամի հեռախոսահամարը, մինչդեռ նա բազմիցս եղել է մեր տանը ու եթե ցանկանում էր տեսնել, կարող էր գալ մեր տուն: Բայց ոչ, նա բարեկամների միջոցով գաղտնի զանգել է Քյարամի քեռու կնոջ տուն, ասել է Քյարամի հեռախոսի համարը տվեք, բայց որ ոչ ոք հանկարծ չիմանա»: Զանգում է, հանդիպում են շատ ջերմ, գնում են սրճարան, կոնյակ են պատվիրում, սակայն քանի որ Քյարամը այդ ժամանակ աշխատում էր որպես տաքսու վարորդ, հրաժարվում է խմելուց, Սիաբանդովը երկու բաժինն էլ խմում է: Դրանից հետո նա սկսում է մեղադրել Քյարամին, թե քո պատճառով մորաքույրս Գերմանիայում ռակ ստացավ, դու էլ ստեղ «ֆռֆռում» ես: Քյարամը տեսնելով, որ միգուցե խմիչքը ազդել է երիտասարդի վրա, առաջարկում է նրան տուն տանել և դուրս է գալիս սրճարանից, Սիաբանդովն էլ հետևից անմիջապես դուրս է գալիս և սկսում դանակահարել Քյարամին: «Դեռ դանակահարելիս էլ ասել է՝ «էս պողպատ ա, ի՞նչ ա, սրա սիրտը ու՞ր ա, ինչի՞ չի մեռնում»: Բա էդպիսի մարդը հոգեկան հիվանդ կլինի՞:

Նա կոնկրետ իմացել է, թե ինչ է անում և ինչու է անում», - ասում է Զոյա Ավդոյանը և ավելացնում, որ Սիաբանդովի անմեղսունակությունը հերքող ևս մի ապացույց է այն, որ նրա մայրը, ով Գերմանիայում է ապրում իր (Զոյա Ավդոյանի) քրոջն ասել է. «Փեսաս 100 հազար դոլար փող ա տվել. իմ տղեն գժականով հեսա դուրս կգա»: Սրա մասին, ինչպես Զ. Ավդոյանն է ասում, տեղեկացվել են նաև իրավապահ մարմինները: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել