1in.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում առաջարկել է Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակել Վահե Հակոբյանին: Առաջարկն ընդունվել է միաձայն:

ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

Նա նշեց, որ քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր և քանի որ մի քանի շաբաթ նիստ չէր գումարվել, այդ պատճառով երկար տևեց. «Ինչպես գիտեք՝ Սուրեն խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այսօր կուսակցությունը քննարկեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Վահե Հակոբյանի թեկնածությունը, որն ընդունվեց միաձայն:Կարծում ենք, որ Վահե Հակոբյանը ունի մեծ փորձ, վայելում է սյունեցիները հարգանքն ու սերը»:

Նա հավելեց, որ իշխանությունը որևէ հրաժարականի հարց չի քննարկել, հետևաբար և Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել:

Նշենք, որ Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: Վահե Հակոբյանը պատգամավոր էր ընտրվել թիվ 38 ընտրատարածքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել