1in.am-ը գրում է.
Այցելուների համար փակ կենդանաբանական այգու վագրերը հոշոտել են իրենց կերակրող 72-ամյա իտալացու, երբ նա հերթական անգամ նրանց կերակուր էր բերում՝ հաղորդում է իտալական La Stampa թերթը:
Ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ 2010-ից չգործող Թուրինի կենդանաբանական այգում:
Տարեց Մաուրո Լաջիարդի վրա հետևից հարձակվել են երեք վագրեր, երբ նա որոշել է մտնել վանդակը՝ վագրերին կերակրելու: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Կնոջ աչքերի առաջ գիշատիչները հոշոտել են ամուսնուն: Դեպքի վայր ժամանած բժիշկները մոտ կես ժամ չեն կարողացել օգնություն ցուցաբերել ծերունուն, իսկ հետո արդեն ուշ էր՝ որևէ բան փոխելու համար:
Հնարավոր է՝ ողբերգության պատճառը վերջերս լույս աշխարհ եկած 5 վագրերն էին, որոնց որոշել էին թաքցնել մարդկանցից:
Նախկինում կենդանաբանական այգի էր այցելում տարեկան 70 հազար զբոսաշրջիկ, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով այն ստիպված էին փակել:
Ներկայում վագրերը հսկողության տակ են, որոշվում է նրանց հետագա ճակատգիրը: