Hetq.am-ը գրում է.
Այսօր կառավարության նիստին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում տիրող իրավիճակն այսօր` կապված հատկապես Արմավիրի մարզի կարկտահարությունից հետո մթերումների արտահանումների և ընդհանրապես ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ. Ստորև ներկայացնում ենք նրա խոսքն ու վարչապետի արձագանքը.
Սերգո Կարապետյան - Բոլորիդ հայտնի է, որ մայիսի 12-ին տեղի ունեցած ուժեղ կարկտահարության հետևանքով Արմավիրի մարզում տուժեցին գյուղացիական տնտեսություններ: Այդ ժամանակ գյուղացիների մոտ հուսահատ վիճակ էր: Եվ այն, ինչ կատարվեց, բնական էր: Իհարկե, այդ ժամանակ շատ դեպքերում խելք տվողները գյուղացիներին ավելի շատ են լինում, քան կոնկրետ օժանդակություն, օգնություն ցույց տվողները: Եվ պետությունն, ինչպես միշտ, այս անգամ էլ կանգնեց գյուղացու կողքին, օգնության ձեռք մեկնեց և բազմակողմանի անհետաձգելի օգնություն ցույց տվեց: Ես ուզում եմ մի քանի թվեր նշել հետևանքների կանխման և վերացման առումով. գյուղացիական տնտեսություններին տրվեցին 87 մլն դրամի սերմեր` 24 տոննա, և այդ սերմերի հաշվին կատարվեց լրացուցիչ 3800 հա կրկնացան, այսինքն` վնասված բանջարաբոստանային կուլտուրաներն ամբողջությամբ վերացանվեցին:
Այսօր մենք դիտարկումների արդյունքում տեսնում ենք, որ բույսերը շատ լավ աճում են: Ուղղակի բերքահավաքի հետ կապված որոշակի ուշացումներ կլինեն, մոտավորապես 20-30 օր: Դա բնական է. գյուղացիները, միևնույն է, լրացուցիչ բերք են ստանալու: Ջրի վարձերից ազատվեցին բոլոր գյուղացիական տնտեսությունները`650 մլն դրամի չափով, հողի հարկերից` 207 մլն դրամի չափով: Լրացուցիչ պարարտանյութ տրամադրվեց Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններին` 670 տոննա: Սոցիալապես անապահով 1599 ընտանիքներին արդեն տրվում է 50 հազար դրամի չափով օգնություն: Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է տնտեսվարողների զբաղվածության խրախուսման և իրենց տնտեսությունների վերակազմավորման ծրագիր, որի արդյունքում 500 տնտեսությունների տրվելու է 171 մլն դրամի չափով օգնություն` իրենց աշխատանքները կազմակերպելու համար: Այսինքն` գյուղացիական տնտեսություններին գումար է տրամադրվելու, որպեսզի իրենց հողերը մշակեն:
Բացի այդ, 50 հակակարկտային կայան պետք է տեղադրվի Արմավիրի մարզում: Եվ, ամենակարևորը, վարկերի հետաձգման խնդիրն էր: Ես պետք է շնորհակալություն հայտնեմ Կենտրոնական բանկին, որ անմիջապես արձագանքեց, և բոլոր բանկերը, վարկային կառույցներն անհատական աշխատանք են տանում բոլոր գյուղացիական տնտեսությունների հետ մինչև 3 տարով վարկերի հետաձգման, լրացուցիչ վարկերի տրամադրման առումով, և, ամենակարևորը, արտարժույթային վարկերի վերաձևակերպումը դրամական տեսքով:
Սա աննախադեպ օգնություն էր, որ տրվեց գյուղացիական տնտեսություններին: Ես ուզում եմ ուղղակի նշել, որ մեկ ամիս շարունակ մեր հասարակության մեջ այն կարծիքը ձևավորվեց, որ գյուղատնտեսության ոլորտում կատարվել է աննախադեպ բան, և ոչ մի բան չի ստացվում այս տարի, հատկապես ծիրանի, խաղողի բերք: Այսօր արդեն 20 օր է, ինչ սկսվել է ծիրանի բերքահավաքը, և բոլորս ականատես ենք, որ բարձր բերք է ապահովվել: Ամբողջ շուկաներում, փողոցների վաճառակետերում ծիրանը թափված է, և նույնիսկ 50 դրամով մարդիկ չեն կարողանում վաճառել, որովհետև բերքը շատ-շատ է: Վերամշակող գործարանները`16 ձեռնարկությունները, մթերման գործը կազմակերպել են: Դրանցից 5-ը խոշորներն են: Այսօրվա դրությամբ արդեն մթերվել է 4539 տոննա ծիրան` անցյալ տարվա 2260 տոննայի դիմաց: Արդեն արտահանվել է 12240 տոննա ծիրան` անցյալ ամբողջ տարվա 12200 տոննայի դիմաց: Այսինքն` սպասվում է լրացուցիչ 5-6 հազար տոննա ծիրանի արտահանման գործընթաց: Մի խոսքով, պտղի բերքն ընդհանրապես` ոչ միայն ծիրանի, այլ նաև դեղձի և մնացած պտղատեսակների բերքը շատ բարձր է, բարձր բերք է սպասվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ