Զինվորի ՄայրԱյսօր ՀՀ Կառավարության շենքի դիմաց բանակում խաղաղ պայմաններում զոհվածների ծնողների բողոքի ակցիային էր միացել «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Նրան զայրացրել էր այն հանգամանքը, որ զինդատախազ Գ. Կոստանյանը հայտարարել էր, որ բացահայտվելու են դեպքերը` սկսած 2011 թ.-ից: Հիրավի, այս հանգամանքը դժգոհությունների տեղիք էր տալու, քանի որ մի խումբ սևազգեստ մայրեր կբարձրացնեին իրենց գլուխները, և Մ. Խաչատրյանը, իր պարտքը համարելով միանալ նրանց, եկել էր այդտեղ, թե՛ որպես ՀԿ-ի նախագահ, թե՛ որպես մահացած զինվորի մայր:
Ուշագրավ էր այն փաստը, որ խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերից ոմանք փորձում էին չբացահայտված գործերի մեջ մեղավոր փնտրել հենց Մարգարիտա Խաչատրյանին, քանի որ նա ժամանակին երդվել է իրենց, որ կբացահայտվեն բոլոր սպանությունները: Ինձ մոտ տպավորություն առաջացավ, որ այդ ծնողները ուղղակիորեն փորձում էին (ուղարկված էին հատուկ) գցել Մարգարիտա Խաչատրյանի վարկանիշը: Դե բնական է, չէ՞ որ բոլորին է հայտնի, թե այս տարիների ընթացքում իր կատարած գործերի և հետևողական լինելու արդյունքում ինչքան էր աճել «Զինվորի մայր» ՀԿ-ի վարկանիշը: Եվ մարդիկ, պարզ է, թե ովքեր, ուղղակի զգուշանալով դրանից, որոշել են ինչ-որ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ և այս պահից հարմար առիթ (լրագրողները շտապել էին լուսաբանել տեղի ունենալիք իրադարձությունները) չէր լինելու: Հատուկ ընտրված երկու ծնող, որոնք չեմ էլ ուզում ասել, թե ինչ պատճառով են եկել այստեղ, Մարգարիտա Խաչատրյանին սևացնելու համար (կարող է նրանց խոստացել են, որ առաջինը կբացահայտեն իրենց որդու գործը, կաջակցեն ֆինանսապես` չէի ուզենա ասել, քանի որ մայրը ուղղակի չի կարող նման քայլի գնալ` ուրանալով որդու աճյունը): Ցավալին այն է, որ այդ ծնողները չեն գիտակցում, որ Մարգարիտա Խաչատրյանը առավել խաբված է այս պարագայում, քան իրենք, քանզի նրան խաբել են բազմիցս, և երբ նա փորձում է գլուխ բարձրացնել, փոխանակ աջակցեն նրան և նրա հետևից գնան, հակառակն են անում, սևացնում են մի մարդու, ով իրոք մտահոգված է իրենց հարցերով, ով այս գործերի բացահայտման միակ հույսն է, պայքարող «մարտիկը»:
Հ.Գ. Հարգելի ծնողներ, մի տրվեք խաբկանքների կամ անիմաստ խոստումների, մի վարկաբեկեք Մարգարիտա Խաչատյանին, նա բացառիկ մարդկանցից է, ով ի զորու է բացահայտել Ձեր զավակների հանդեպ կատարված անարդարությունները: Եթե ցանկանում եք բոյկոտել, սխալ ուղղությամբ եք ուղղորդում ձեր ներուժը, Մարգարիտա Խաչատրյանը ձեր թշնամին չէ, ձեր իրական թշնամիների դեմ է պայքարում նա հիմա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել