Երևի «բախտավոր» եմ, ինձ անընդհատ ունիկալ տաքսիստներ են հանդիպում: Վերջինը երեկ էր: 

- Ինչի՞ ես մորուք պահում:
- Ի՞նչ:
- Ասում եմ` ինչի՞ ես մորուք պահում:
- Էդպես եմ ուզում:
- Հաա՜:

Մի քիչ լռություն:

- Աստվածաշնչի հետ ո՞նց ես:
Ճիշտն ասած` վաղուց էի նկատել Աստվածաշունչը, բայց դե առանձնապես բանի տեղ չէի դրել. ո՛չ առաջին, ո՛չ վերջին վարորդն է, որ ազատ ժամերին Աստվածաշունչ է կարդում, ու դրանում ոչ մի վատ բան չկա:
- Ի՞նչ իմաստով:
- Հավատացյա՞լ ես:
- Ագնոստիկ եմ:

Նորից լռություն: Երևի լարված ուզում է հիշի, թե դա ինչ է:

- Էդ ո՞րն էր:
- Եթե կարճ՝ ես չեմ հավատում որևէ կոնկրետ Աստծու գոյությանը, բայց չեմ էլ հերքում:

Նորից լռություն:

- Փաստորեն չեզո՛ք ես:

Նորից լռություն:

- Բայց հավատն ուժ է տալիս:
- Դե ուրեմն ուժեղ եղեք:

Լռություն:

- Իսկ հոգու փրկության հա՞րցը:

Այստեղ արդեն նյարդերս չեն դիմանում:

- Դուք ի՞նչ կրոնի հետևորդ եք:
- Ես Աստծուն եմ հավատում:
- Ես դա սկզբից էլ հասկացել էի, իսկ հիմա հարցս ավելի կոնկրետ եմ տալիս, որ եկեղեցու հետևորդ եք:

Մի քիչ լռում է:

- Ես Եհովայի վկա եմ:
- Իսկ Դուք Աստվածաշունչը կարդացե՞լ եք:
- Այո, իհարկե: Ուզու՞մ եք զրուցենք այդ մասին:
- Իսկ Հայաստանի Սահմանադրությանը, օրենքներին ծանո՞թ եք:
- Դա ի՞նչ կապ ունի:
- Հետաքրքիր է:
- Իհարկե, ծանոթ եմ:
- Այդ դեպքում երևի գիտեք, որ Հայաստանում հոգեորսությունն արգելված է:
- Ես հոգեորսություն չեմ անում:
- Գիտեք, ես երեկվա երեխան չեմ: Ես հրաշալի գիտեմ, որ Դուք խոսակցությունը տանում էիք քարոզին: Ու եթե Ձեր կողքին նստած լինեի ոչ թե ես, այլ ասենք կյանքում շատ խնդիրներ ունեցող, նեղ վիճակում գտնվող մեկը, Դուք արդեն վաղուց նրան «երկնային ճանապարհներն» էիք բացատրելու:
- Իմ կրոնն ասում է, որ ես մարդկանց պետք է ճիշտ ուղին քարոզեմ:
- Իսկ իմ երկիրն ասում է, որ հոգեորսությունը հանցագործություն է:
- Բայց ինչու՞ է հանցագործություն, ես վա՞տ բան եմ ասում մարդկանց:
- Դուք գրավիչ բաներ եք ասում: Նեղ վիճակում մարդուն դրանով հեշտ է գրավելը: Ինքը նստում է Եհովայի վկա վարորդով տաքսին, սա իր կրոնն է գեղեցիկ մատուցում, նստում է Ավետարանչականի տաքսին՝ իր կրոնը: Արդյունքում Դուք մարդուն գայթակղում, որսում եք նրա հոգին:
- Ես կարծում եմ, որ ես ճիշտ բան եմ անում:
- Ես էլ կարծում եմ, որ ես հիմա ճիշտ բան կանեմ, - գրպանիցս հանում եմ հեռախոսս, - կզանգեմ ոստիկանություն ու կտեղեկացնեմ, որ այսինչ տաքսիի վարորդը իր աշխատանքն անելու փոխարեն հոգեորսությամբ է զբաղված:
- Չէ, չէ, պետք չէ:
- Ինչու՞: Դուք կարծում եք, որ քարոզելն է ճիշտ, ես էլ կարծում եմ, որ սա է ճիշտ: Դուք ձեր մտածածն ճիշտ եք անում, ես իմ մտածածը: Ի՞նչ խնդիր կա:
- Չէ, մի զանգեք:

Տեղ ենք հասնում: 

- Այստեղ պահեք:

Գրպանիցս հանում եմ հազարանոցը: Բացառիկ վարորդներից էր, որ անմիջապես սկսում է մանրը հաշվել՝ վերադարձնելու համար, երբ ես դեռ փողս իրեն չէի էլ մեկնել: Տեսնես ազնի՞վ էր, թե՞ ուղղակի «վախեցած»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել