Hetq.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում է Ֆրանսիայում հրատարակվող «Նուվել դ՛Աղմենի»պարբերականը, երկուշաբթի օրըՖրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հրաժարականի մասին գրություն է ուղարկել Էջմիածին՝ Հայ Առաքելական եկեղեցու նստավայր, որն ուժի մեջ կմտնի տարեվերջին, թեեւ իր մանդատի ժամկետն ավարտվում էր 2014-ին:

Առաջնորդի այս որոշումը, ըստ «Նուվել դ՛Աղմենի» պարբերականի, արդյունք է Կաթողիկոսի հետ ունեցած լարված հարաբերությունների՝ պայմանավորված Նիցցայի ծխական քահանա հայր Վաչեի կարգավիճակով, ով տեղափոխվել էր Ստրասբուրգ որոշ դատական գործընթացների արդյունքում:

Հիշեցնենք, որ 2010-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հայկական եկեղեցում ծեծկռտուք էր տեղի ունեցել Հայաստանից գործուղված քահանա հայր Վաչե Հայրապետյանի կողմնակիցների և հակառակորդների միջև: Ըստ հայաստանյան մամուլի հրապարակումների՝ Նիցցա քաղաքի հայկական համայնքի մի մասը չէր ընդունում հայր Վաչեի հովվությունը: Ծեծկռտուքից հետո հայր Վաչե Հայրապետյանը Նիցցայից տեղափոխվեց Ստրասբուրգ` այնտեղ հայ առաքելական համայնք ձևավորելու համար, քանի որ Ստրասբուրգում առաքելական եկեղեցի չկա:

Փարիզի հայկական եկեղեցու ծխական խորհրդի անդամներից մեկը «Նուվել դ՛Աղմենի»-ին ասել է, որ ծխական խորհուրդը մինչ այս չի ցանկացել արծարծել այս թեման, սակայն ապագայում անդրադառնալու է:

Լուսանկարը՝ «Նուվել դ՛Աղմենի»-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել