Tert.am-ը գրում է.

Եգիպտոսում 2013թ. հունիսի 30-ին սկիզբ առած խոշորածավալ բողոքի ակցիաները վերածվել էին զանգվածային բախումների:   Երկուշաբթի Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունն իշխանություններին վերջնագիր էր ներկայացրել՝ 48 ժամ տալով «ժողովրդի պահանջները կատարելու համար»։  Ի պատասխան՝ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հայտարարել էր, որ չի իրականացնի վերջնագրի պահանջները, և որ ինքը ժողովրդավար նախագահ է։ Երեկ երեկոյան՝ վերջնագրի ժամկետի ավարտին, Եգիպտոսի բանակը մեծ քանակությամբ զորք և զրահատեխնիկա էր տեղակայել երկրի հրապարակներում, կառավարական հաստատությունների և ենթակառուցվածքային օբյեկտների մոտակայքում: Երեկոյան արդեն Եգիպտոսի պետական հեռուստատեսությամբ զինվորականները հայտարարել են, որ Մուհամեդ Մուրսին այլևս նախագահ չէ: 

19.28                                      

Ի պատասխան իրեն ուղղված վերջնագրի՝ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին առաջարկել է կոալիցիոն կառավարություն ստեղծել, որը կզբաղվի սպասվող պառլամենտական ընտրությունների նախապատրաստմամբ և անցկացմամբ, ասվում է նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում  РИА Новости-ն:

Հաղորդագրության մեջ նաև առաջարկվում է սահմանադրական փոփոխությունների իրականացման նպատակով անկախ հանձնաժողով ստեղծել: Նախատեսվում է, որ փոփոխությունները կհաստատվեն նոր պառլամենտի կողմից:  

Մուրսիի հայտարարությունը հնչել է բանակային ղեկավարության՝ Եգիպտոսի առաջատար  կրոնական, քաղաքական, հասարակական և երիտասարդական գործիչների հետ հանդիպման ֆոնին, որին պետք է հաջորդի ռազմական հրամանատարության հատուկ հայտարարությունը: 

Հիշեցնենք, որ Եգիպտոսում իրավիճակը սրվել է հունիսի 30-ին նախագահի դեմ բողոքի ակցիաներից հետո։  Երկուշաբթի Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունն իշխանություններին վերջնագիր էր ներկայացրել՝ 48 ժամ տալով «ժողովրդի պահանջները կատարելու համար»։ Հակառակ դեպքում սպառնացել էր դիմել «գործողությունների»։  

Reuters-ի նշում է, որ «գործողությունները» ենթադրում են սահմանադրական փոփոխություններ, խորհրդարանի լուծարում և նախագահական ընտրությունների անցկացում։ 

Ի պատասխան նախագահ Մուհամեդ Մուրսին հայտարարել էր, որ չի իրականացնի վերջնագրի պահանջները, և որ ինքը ժողովրդավար նախագահ է։

Ավելի ուշ, Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունը երկրի իշխանություններին ներկայացված վերջնագրի ժամկետի լրանալուց ժամեր առաջ արտահերթ հանդիպում էրկազմակերպել, հայտնում է РИА-Новости-ն՝ հղում անելով Reuters-ին։

Միևնույն ժամանակ երկրում շարունակվում են նախագահի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումները։ Մայրաքաղաք Կահիրեում նախօրեին տեղի ունեցած բախումների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 10 մարդ, մոտ 100 մարդ վիրավորվել է։

20.00                                      

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին անվտանգության մարմիններն արգելել են լքել երկրի տարածքը, հաղորդում է РИА Новости-ն: 

21.54                                      

РИА Новости-ի հաղորդմամբ՝ Եգիպտոսի բանակը մեծ քանակությամբ զորք է  զրահատեխնիկա է տեղակայում երկրի հրապարակներում, կառավարական հաստատությունների և ենթակառուցվածքային օբյեկտների մոտակայքում: Վերջին 1 ժամվա ընթացքում հարյուրավոր զրահամեքենաներ և զինվորներ տեղափոխող բեռնատարներ մտել են Կահիրե, Ալեքսանդրիա և այլ քաղաքներ:

Մայրաքաղաքում զրահամեքենաներն ամբողջությամբ փակել են Թայրան փողոցը, որը նախագահական «Ալ-Իթթիհադիա» պալատի շրջակայքը բաժանում է Ռաբիա-ալ-Ադաուիյա մզկիթից, որտեղ տեղի են ունենում Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների ցույցերը:

Կահիրեում հատուկ ջոկատայինները շրջափակել են ստուդիան, որտեղից պետք է հեռարձակվի զինվորականների հայտարարությունը: 

22.50                                     

Եգիպտոսում քաղաքական ճգնաժամից դուրս գալու «Ճանապարհային քարտեզը» կհայտարարեն ոչ թե զինվորականները, այլ Ղպտիական եկեղեցու պատրիարքը, «Ալ-Ազհար» իսլամական համալսարանի շեյխը և ընդդիմության առաջնորդներից Մուհամեդ էլ-Բարադեին, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Եգիպտոսի պետական տեղեկատվական գործակալությանը:

Հայտարարությունը կարվի անմիջապես այն բանից հետո, երբ կավարտվի զինվորական հրամանատարության և Եգիպտոսի կրոնական, քաղաքական, հասարակական և երիտասարդական ականավոր գործիչների միջև հանդիպումը:

Դրան զուգահեռ «Ալ-Հայաթ» եգիպտական հեռուստաալիքը հաղորդել է, որ Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին գտնվում է տնային կալանքի տակ: Սակայն այս լուրը պաշտոնապես չի հաստատվել: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Եգիպտոսի Ազգային անվտանգության ուժերը ոստիկանության օգնությամբ Մարսա Մատրուխ քաղաքում ձերբակալել են «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարներից Մուհամեդ Բադիային:

Բացի այդ, այսօր ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել է, որ իր աշխատանքները ժամակավորապես դադարեցրել է Եգիպտոսում ԱՄՆ դեպանությունը:

 23.11                                     

Եգիպտոսի պետական հեռուստատեսությամբ զինվորականները հայտարարել են, որ Մուհամեդ Մուրսին այլևս նախագահ չէ, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով Reuters գործակալությանը:

 23.15                                     

Եգիպտոսի բանակը հայտարարել է, որ զինվորականները ժամանակավորապես դադարեցնում են երկրի սահմանադրության գործունեությունը, հաղորդում է Риа Новости-ն:

 23.27                                     

Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հայտարարել է, որ Եգիպտոսի ժամանակավոր ղեկավար է դարձել Գերագույն սահմանադրական դատարանի ղեկավարը՝ հավելելով, որ ներկայումս ձևավորվում է ժամանակավոր կառավարություն: Նա նաև նշել է, որ կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ, տեղեկացնում է BBC-ն:

00.32                                     

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին զինվարականների հայտարարություններից հետո Twitter-ի իր էջում կատարվածը անվանել է «իսկական հեղաշրջում» և համաքաղաքացիներին կոչ է արել չհնազանդվել: «Սա իրական հեղաշրջում է, որը պետք է մերժվի»,-գրել է Մուրսին, հաղորդում է Риа Новости-ն: 

«Ալ-Յաում աս-Սաբիա» կայքը՝ հղում կատարելով հատուկ ծառայություններում առկա բարձրաստիճան աղբյուրներին, գրում է, որ Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին գտնվում է երկրի Ռազմական հետախուզության գլխավոր վարչության շենքում:

Ավելի վաղ հայտնել էին տեղեկություններ այն մասին, որ Մուրսին հանրապետական գվարդիայի վերահսկողությամբ տեղափոխվել է անհայտ ուղղությամբ:

Russia Today-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ երկրում փակվել են իսլամիստական հեռուստաալիքները, իսկ Կահիրեի համալսարանի դիմաց հավաքվել են Մուհամեդ Մուրսիի հազարավոր կողմնակիցներ՝ իրենց բողոքն արտահայտելու փոփոխությունների դեմ: Ռաբիատ Ալ Ադավիա մզկիթի շրջակայքում արդեն իսկ բախումներ են տեղի ունեցել Մուրսիի կողմնակիցների և ոստիկանության միջև, որի հետևանքով զոհվել է 4 մարդ:

01.15                                     

Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը անցումային շրջանում երկրի ղեկավարի պաշտոնի համար երդում կտա հինգշաբթի օրը:

Եգիպտոսից ուղիղ միացումը և նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել