Երբ են ծնվում հերոսները` հայտնի է միայն բարձրյալին, նրանց ծնունդը կարծես պատահականություն է, բայց արևի տակ ոչինչ հենց այնպես չի լինում, երկրի վրա նրանք կարծես իջնում են երկնքից, ու թվում է` նրանք շրջապատված են խորունկ գաղտնիքով, թեև նրանք պարզ ու հասարակ մարդիկ են:
Պարզ, հասարակ, խուհուն, խելացի ու մարդկային բարձր հատկանիշների տեր մարդ էր Սամվել Գևորգյանը: Նա եզակիներից էր, ով ապրել-չապրելու իր որոշման մեջ ընտրեց իր ընկերների կյանքը փրկելու տարբերակը...
Սամվել Գևորգյանը 1989 թվականին ստանձնել է «Սասունցի Դավիթ» հասարակական կազմակերպության աշխարհազորային մասի շտաբի պետի պարտականությունները: 
1990 թվականի հունվարի 18-ին ակտիվորեն մասնակցել է Երասխավանի պաշտպանական մարտերին: 
1990-ին եղել է Կոմիտասի այգում ստեղծված կորդինացիոն խորհրդի անդամ, այրամբ եղբայրացած երդվյալ եղբայրներից մեկը: Ով մինչև վերջ սրբորեն պահեց իր երդումը և մարտի դաշտում նահատակվելով առավ իր մարտիրոսության դափնին: 
Սամվելը վախ չուներ, բայց աչքերում անհանգստություն էր, անհանգստանում էր կռվող տղաների համար, հայրենիքը անկախ ու ազատ տեսնելու ցանկությունը պատել էր նրան, ոգին ալեկոծումների մեջ էր, անվերջ մտահոգ էր:
1992 թվականի հոլիսի 3-ն էր արդեն: Բացվեց դժնդակ լուսաբացը, քնե՞լ էր Սամվելը արդյոք, թե՞ ողջ գիշեր ծխախոտի ծխի հետ խոհերը վեր էին խոյանում ու նույնքան մտահոգ հայրենիքի ու կարոտի վշտով ցնդում հօդս...
Եվ ահա … սկսվեց թշնամու գրոհը: Մարտիկների գլխին ծանր վտանգ էր կախվել, օրհաս էր սպասում խաղաղ բնակչությանը, դիրքերը պահող տղաներին, թշնամու կողմից երկաթե կրակ էր թափվում, իսկ դիմացից առաջ էր սլանում թշնամու տանկը: Երկար մտածելու ժամանակ չկար, պետք էր շեղել թշնամու ուշադրությունը և տղաներին հնարավորություն տալ դիրքավորվելու: Սամվելը չհապաղեց, նա գիտակցում էր, որ պատերազմի ժամանակ ամեն վայրկյանն ու քայլը ճակատագրական կարող է լինել, և քայլեց, քայլեց իր կյանքի գնով, կյանքին ընդառաջ, հանուն իր ընկերների, ընտանիքի և հայրենիքի: Նա, զինված նռնակներով, նստեց իր մեքենայի ղեկին և սուրաց դեպի տանկը: Խնդիրը կատարվեց Սամվելի կյանքի գնով, այնուամենայնիվ, ստացվեց շեղել թշնամու ուշադրությունն ու խլել դիրքավորվելու շատ խիստ անհրաժեշտ վայրկյանները: 
Սամվելը այրվեց, անմահացավ, դարձավ անմար լուսո կանթեղ, որ հավերժ լուսավորե հայի ճամփան, ու թե ոսոխը հանդգնի նորից ոտք դնել հայի սահման, այրված մասունքները հրաբուխ դարձած կժայթքեն, կդառնան կրակ ու կայրեն... 
(Ծնուննդդ շնորհավոր, հերոս)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել