
Nickelback – կանադական ռոք խումբը հավաքվել է 1996թ.-ին Հաննա ոչ մեծ քաղաքում` Չադ (վոկալ, կիթառ) և Մայք (բաս կիթառ) Կրյուգեր եղբայրների կողմից: Խմբում հանդես էին գալիս նաև նրանց ազգականներ Բրենդոնին (հարվածային գործիքներ) և Ռայան Պիկեն (կիթառ):
Երաժիշտները բավական երկար ժամանակ չէին կարողանում խմբին անուն տալ: Վորջապես որոշում են անվանել «Nickelback» («Here՛s your nickel back», այսինքն` «Ահա ձեր մանրը»` Մայք Կրյուգերի հիշողությունները սրճարանում մատուցող աշխատած տարիներից):
Իրենց երաժշտական ոճի ընտրության հարցում էլ խումբը երկար ժամանակ չէր կարողանում կողմորոշվել: Սկզբնական շրջանում նրանք կատարում էին տարբեր խմբերի երգեր, որը, ի դեպ, նրանց մոտ այնքան էլ լավ չէր ստացվում:
Բացի այդ` նրանք ցանկանում էին ստեղծել իրենց երգերը, քանի որ դա էր իրական հաջողության հասնելու միակ եղանակը: Սեփական ստեղծագործություններ գրելու միտքը առաջանում է Չադ Կրյուգերի մոտ, ճիշտ է, այդ ծրագրի ֆինանսավորումը ստիպված էին իրականացնել ծնողները:
Որպեսզի որդին կարողանա վճարել Վանկուվերում գտնվող ձայնագրման ստուդիայի ծախսերը, նրանք ստիպված են լինում վճարել 4000 դոլար:
1996թ.-ին տղաները ձայնագրում են իրենց առաջին «Hesher» դեմո-ալբոմը, որից հետո սկսում են հանդես գալ մի շարք համերգներով: Խմբի հանրաճանաչության հարցը իր վրա է վերցնում Չադ Կրյուգերը, որը նման աշխատանքի փորձ էր ձեռք բերել գովազդային ընկերությունում աշխատելու տարիներին:
Նրա մտածած սխեման շատ հասարակ էր: Չադի խնդրանքով նրա ընկերները զանգահարում էին տեղի ռադիոկայաններ և պատվիրում էին Nickelback-ի երգերը: Այդ եղանակով նրանք սկսեցին ձեռք բերել քիչ թե շատ ճանաչում:
Սակայն խումբը ցանկանում էր առաջ գնալ և նոր բարձրունքների հասնել, բայց դրա համար անհրաժեշտ էին լուրջ ֆինանսական միջոցներ և լավ մենեջեր:
1998թ.-ին խումբը հաջողության հասնելու համար մի քանի կարևոր քայլեր է ձեռնարկում: Նախ որոշում են ինքնուրույն զբաղվել խմբի գովազդով և կազմակերպչական աշխատանքներով:
Ապա խումբը տեղափոխվում է Վանկուվեր, որտեղ սկսում է հանդես գալ ակումբներում: Ակումբային ելույթները «Nickelback»–ի մոտ բավականին հաջող են ստացվում, և բացի այդ դրանք հնարավորություն են տալիս երկրորդ ալբոմի համար գումար հավաքել:
Եվ վերջապես խմբին հաջողվում է իր վրա ուշադրություն հրավիրել այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Դեյլ Պենները («Matthew Good Band» խմբի պրոդյուսերը) և Հարտ Ռիչարդսոնը («Rage Against the Machine» խմբի հնչյունային օպերատորը):
Արդեն 1999թ.-ին «Nickelback»-ը սահմանափակ տպաքանակով թողարկում է իր նոր «Curb» ալբոմը: Այն այնքան էլ հաջող ձայնասկավառակ չէր, սակայն առանձին թողարկած «Leader Of Men» սինգլը սկսում է հսկայական հաջողություն ունենալ:
Այդ երգը ընդգրկվում է 2000թ.-ին լույս ընծայած նրանց հաջորդ «The State» ալբոմում, որը արդեն վաճառվում է 1.5 միլիոն օրինակով:
Դա իրական հաջողություն էր և «Nickelback»-ը սկսում է հնչել Կանադայի գրեթե բոլոր ռադիոկայաններով: «The State» ալբոմով խումբը հարյուրավոր համերգներ է տալիս` ելույթ ունենալով այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են «Creed»-ը, «Fuel»-ը և «3 Doots Down»-ը:
Խմբին սկսում են պաշարել պրոդյուսերները` ցանկանալով ամեն գնով նրանց հետ պայմանագիր կնքել:
Ի վերջո «Nickelback»-ը նախապատվությունը տալիս է «Roadrunner Records» (ԱՄՆ) ստուդիային:
Իր հաջորդ «Silver Side Up» ալբոմը խումբը ձայնագրում է 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին: Այն տարբերվում էր նրանց նախկին ստեղծագործություններից նրանով, որ երգերը դարձել էին ավելի խորիմաստ և փիլիսոփայական:
«Silver Side Up»-ը խմբին բարձրացնում է մի նոր հարթության վրա: Այն 4 ամսվա ընթացքում դառնում է «ոսկյա», «պլատինե» և ի վերջո «մուլտիպլատինե», իսկ «How You Remind Me» սուպերհիթը սկսում է գրավել ամերիկյան գրեթե բոլոր հիթ-շքերթները:
«How You Remind Me» սինգլը սահմանում է նոր ռեկորդ, այն մի շաբաթվա ընթացքում 3000 անգամ հնչում է ռադիոկայաններով:
«Nickelback»-ի հետագա տարիներին թողարկած ալբոմները էլ ավելի են ամրապնդում նրանց դիրքերը ռոք երաժշտությունում, իսկ 2005թ.-ին լույս տեսած «All The Right Reasons» ալբոմը շատ երաժշտական քննադատներ և երկրպագուներ համարում են խմբի ստեղծագործական գագաթնակետը:
Սակայն «Nickelback»-ի պատմությունը շարունակվում է, և միգուցե նրանց ամենամեծ հաջողությունը դեռ առջևում է:
Nickelback-ի ալբոմները:
Hesher (1996)
Curb (1996)
The State (1999)
Silver Side Up (2001)
The Long Road (2003)
All The Right Reasons (2005)
Dark Horse (2008)
Here and Now (2011)