
Այս ամառ հյուրընկալվել էի ՌԴ Հյուսիսային Կովկասի երկրամասում ապրող ազգականներիս մոտ: Դե գիտեք, ՌԴ արտագաղթած հայերը ստիպված են օրնիբուն աշխատել: Հերթական անգամ նրանց այցելելու համար որոշեցի գնալ ուղիղ նրանց աշխատանքի վայրը՝ փոքրիկ բացօթյա սրճարան, որպեսզի ավելորդ անգամ չկտրեմ նրանց իրենց աշխատանքից: Առավոտյան շուտ բացօթյա սրճարանում մի ռուս տղամարդ էր նստած՝ 50-ին մոտ, ով ջերմեռանդ զրույցի էր բռնվել սրճարանի աշխատակից հայ տիկնոջ հետ: Ասում է՝ այնքան բարյացակամ եք բոլորդ, որ ուզում եմ զրուցել ձեզ հետ:
Խոսք խոսքի հետևից, պարզվեց, որ նա կռվել է ռուս-չեչենական պատերազմում՝ հատուկ նշանակության ջոկատային է եղել, իսկ 2007թ. Պուտինի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով (ցույց տվեց նաև վկայականը): Երկար ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ նա տիրապետում է լայն քաղաքական գիտելիքների:
Հայերի, Հայաստանի պատմության ու հայաստանյան քաղաքական վիճակի մասին նրա տեղեկացվածությունը հաճելիորեն զարմացրեցին ինձ: Նա գիտեր, որ հայերն ունեն բազմաթիվ բարբառներ, այնպես, որ մի բնակավայրի բնակիչը կարող է չհասկանալ մյուս բնակավայրի բնակչին: Գիտեր, որ ռուսական ռազմաբազան գտնվում է Գյումրիում: Պատմեց, որ որևէ այլ տեղ այդքան չեն հարգում ռուս զինվորին, որքան Հայաստանում, որ ռուս զինվորներին այնտեղ շատ լավ են նայում, ու որ նրանք հայերի «գլխի վրա տեղ ունեն», որ հետսովետական որևէ երկրում այդքան չի պահպանվել ռուսերենի իմացությունը, որքան Հայաստանում: Այս թեմաներով զրույցը կամաց-կամաց հանգեց քաղաքականությանը: Նա անչափ ոգևորված էր Պուտինի վարած քաղաքականությամբ` համարելով, որ ժամանակակից Ռուսաստանը դեռ երբևէ նման ուժեղ ու հզոր ղեկավար չի ունեցել:
«Ես զարմանում եմ, թե Պուտինը ինչպես է ամեն ինչ իր ուսերին վերցրել, նա բոլոր գործերի մեջ է` մեծ ու փոքր, արտաքին ու ներքին քաղաքականություն…գրեթե ամեն ինչ: Ցավում եմ, որ նա հատուկենտ հավատարիմ մարդիկ ունի, որոնցից մեկը Շոյգուն է: Իսկ Մեդվեդևը… անդեմ, անխելք, կամազուրկ ու անպետք վարչապետ է, շուտով նրան կհանեն: Ափսոս, որ Պուտինը չունի իր շրջապատում այն արժանի, ուժեղ ու հավատարիմ կադրը, որին կնշանակեր վարչապետ, այդ ժամանակ նրա դեմ աշխարհում իսկապես էլ խաղ չէր լինի: Բայց ոչինչ, դուք դեռ կտեսնեք, թե ինչ է անելու Պուտինը: Աշխարհը դեռ խոսելու է նրա մասին»,- ասաց նա: Հետաքրքրվեցի`մի՞թե Մեդվեդևը նրան հավատարիմ չէ: «Իհարկե ոչ, նա Ռուսաստանի մարդը չէ: Նա առայժմ կրկնօրինակում է Պուտինի քայլվածքը, շարժումները, ձայնը, խոսելաձևը...»,- ասաց նա՝ հավելելով, որ կարող է մի գաղտնիք բացել Մեդվեդևի մասին ու երկար-բարակ պատմեց թմրանյութերի բիզնեսի այն ուղիները, որոնց գլուխ կանգնած է Մեդվեդևի «արևմտյան հետքեր ունեցող մարդը»: Նրա խոսքով՝ այժմ Պուտինի միակ գլխացավանքը Սիրիան է ու նորաթուխ Սնոուդենը:
«Հասկանո՞ւմ եք, Պուտինը չի գոռում, չի սպառնում, բայց նա մինչև վերջին խազը ճշգրտությամբ իրականացնում է իր պլանները, որոնք ուղղված են Ռուսաստանի հզորացմանը: Մի բան հաստատ է՝ Պուտինի թշնամիների վերջը վաղ թե ուշ մահ է, հիշեք Բերեզովսկուն, հիշեք Արաբական Էմիրություններում ահաբեկչական պայթյունները... Դուք կտեսնեք, որ նա իրագործելու է իր ասածը ու Սահակաշվիլուն կախելու է հենց ձվերից»:
Բնականաբար չէի կարող չհարցնել զինվորականի տեսակետը Հայաստանի քաղաքական կյանքի ու Ղարաբաղյան հակամարտության մասին: Նա խոսքի մեջ մի քանի անգամ նշեց, որ չի կարող շատ գաղտնիքներ բացահայտել, մանավանդ որ շրջակայքում լրագրող կա, ինչևէ, համոզմունք հայտնեց, որ եթե Պուտինը հասնի իր ուզածին Սիրիայում, եթե պահպանվի Ասադի իշխանությունը, ուրեմն իսպառ պետք է մոռանալ հայ-ադրբեջանական պատերազմի մասին, սակայն եթե Պուտինի պլանները Սիրիայի հետ կապված խառնվեն, ուրեմն պատերազմի հավանականությունը շատ մեծ է:
«Գիտե՞ք, Ռուսաստանի հետաքրքրությունների մեջ մտնում է Սիրիայի հարցի լուծումը, Ուկրաինան ու Կովկասը՝ մասնավորապես Հայաստանը, որը ստրատեգիական հսկայական նշանակություն ունի Ռուսաստանի համար»,- ասում է ռուս զինվորականը: «Հա, երևի դրա համա՞ր Ռուսաստանը շոկի ենթարկեց իր ռազմաստրատեգիական դաշնակից Հայաստանին՝ հզոր ռազմական տեխնիկա վաճառելով Ադրբեջանին»,- հարցրեցի ես: «Գիտեմ, գիտեմ, ինչու եք այդ հարցը տալիս, բայց Ռուսաստանը դա արել է ռեգիոնում ռազմական հավասարակշռությունը պահելու համար: Անհանգստանալու բան չկա, Ռուսաստանը չի վաճառել ամենահզոր զենքերը»: Բայց երբ վրդովմունք հայտնեցի, որ պարզ տրամաբանությամբ Ադրբեջանը այդ զենքը ուղղելու է հենց Հայաստանի վրա, ինչի մասին անթաքույց էլ խոստովանում է, և որ Ռուսաստանը կարող էր այդ քայլին չգնալ, զինվորականը, հասկանալով իմ արդարացի վրդովմունքը, ուղղակի չհակադարձեց: Ավելացրեցի, որ հաճախ Ռուսաստանի որոշումների պատճառով մեր ազգը տուժում է:
«Գիտե՞ք, ձեր նախագահը՝ Սերժ Սարգսյանը, հանդիսանում է Պուտինի «պեշկան»: Այո, նա պարզ կամակատար է, իսկ Պուտինի ձեռքում գտնվում են կամակատարի թելերը, անհրաժեշտ պահին Պուտինը հանգիստ կարող է ձգել այդ թելերից մեկը: Դե հասկանում եմ, որ ձեզ տհաճ է լսել այդ մասին, բայց այդպիսին է Հայաստանի ներկայիս իրական քաղաքական վիճակը, որ ինչ-որ մարտահրավերների դիմակայելու համար թույլը պետք է կատարի ուժեղի կամքը: Հիմա Պուտինի պլանը հետևյալն է՝ ստեղծել Եվրասիական միություն, որը լինելու է նախկին Սովետական Միության նման, և մի շարք պետություններ, որոնց թվում Հայաստանը, միանշանակ մտնելու են այդ միավորման մեջ, ֆորմալ պահելու են նախագահական հանրապետության որոշ ատրիբուտներ, բայց իրականում հանդիսանալու են Ռուսաստանի մի ռեգիոնը: Այնպես որ առաջիկա տարիներին գնալու է հենց այդ գործընթացը, և ձեր նախագահը չի կարողանալու պահել ԵՄ և Եվրասիական միություն բալանսը»,- ասաց նա:
Զինվորականը լիարժեք տեղեկացված էր Գազպրոմի քաղաքականությունից, սակայն չպատասխանեց իմ մի հարցին. «Իսկապե՞ս և ինչու՞ Գազպրոմը թանկացրեց Հայաստան մտնող գազի գինը»: Պուտինի անձնական կյանքի գաղտնիքների մասին էլ զրուցակիցս լռեց, որովհետև ոչ թե չգիտեր, այլ չէր կարող ասել: Ինձ հետաքրքրեց զինվորականի ներկայիս կոչումը, որտե՞ղ է աշխատում, որ չի կարող գաղտնիքներ հրապարակել, իսկ նա կրկին հիշեց Սնոուդենին, բազմանշանակ ժպտաց, և խնդրելով չհրապարակել իր անուն-ազգանունը (ի դեպ ազգանվան արմատը հրեական էր)` եզրափակեց. «Համարեք, որ զինվորական եմ»: