Շարունակում եմ ներկայացնել ձեզ 10 ամենաառեղծվածային կորած քաղաքները: Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

5. Մաչու Պիկչու, Պերու

Machu-Picchu-1

Կորած քաղաքների ոչ մի ցուցակ ամբողջական չի կարող լինել առանց Մաչու Պիկչու քաղաքի անվան: Ինկերի այս հինավուրց քաղաքը կառուցվել է Անդերի բարձրադիր հատվածում և բնակեցված է եղել շատ կարճ ժամանակ՝ 1450-1572թթ.: Այն լքվել է Հարավային Ամերիկայի իսպանական նվաճումից հետո: Իսպանացիներին այդպես էլ չի հաջողվել գտնել կորած քաղաքը, իսկ տեղաբնակները նրանց չեն օգնել այդ հարցում, ուստի Մանչու Պիկչուն ի հայտ եկավ միայն 20-րդ դարի սկզբին:

Մինչ օրս էլ գիտական աշխարհում շարունակում են վիճել, թե արդյոք Մանչու Պիկչուն սովորական բանակավա՞յր էր, արքայական հանգստավա՞յր, թե՞ կրոնական սրբատեղի: Մեր օրերում դյուրացել է այդ կորած և գտնված քաղաք գնալը. այնտեղ կարելի է հասնել անգամ սովորական ավտոբուսներով և գնացքներով, ինչը առաջ է բերել անհանգստություն, որ այցելուների մեծ քանակը կարող է վնասել պատմամշակութային այս եզակի ժառանգությունը:

4. Մոհենջո-դարո. Պակիստան

Lost-City-Mohenjo-Daro-Pakistan 24712 600X450

Հինդոս գետի ավազանի քաղաքակրթությունը, եգիպտական ու Միջագետքի քաղաքակրթությունների հետ մեկտեղ, հանդիսանում է ամենահին քաղաքակրթություններից մեկը: Այդ քաղաքակրթությունը իր հզորության գագաթնակետին հասավ մ.թ.ա. 2000-ականներին, չնայած որ այդ ժամանակի դրությամբ այն վաղուց արդեն գոյություն ուներ: 

Գիտություն, գրականություն, առևտուր, արհեստներ, կրոն և գյուղատնտեսություն... Այս ամենը թռիչքային զարգացում էր ապրում, իսկ քաղաքակրթության զարգացվածության առհավատչյան Մոհենջո-դարոն է՝ իր ճշգրիտ փողոցներով և ջրահեռացման համակարգով: 

Ի տարբերություն այս ցուցակում առկա այլ քաղաքների` այս քաղքում չեն հայտնաբերվել ոչ կրոնական մեծ շինություններ, ոչ էլ արքայական փառահեղ պալատներ: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ այս քաղաքակրությունն իր բնույթով էգալիտար էր, չնայած նրան, որ մենք շատ քիչ բան գիտենք այն մարդկանց մասին, ովքեր ապրում էին այս քաղաքում: 

Հնէաբանական պեղումները ցույց են տվել, որ Մոհենջո-դարոն առնվազն 6 անգամ կործանվել է Հինդոս գետի վարարման արդյունքում, և ամեն անգամ այն վերակառուցվել է նույն տեղում: Թե ի՞նչը բերեց նրան, որ քաղաքը վերջնականապես լքվի մոտավորապես մ.թ.ա. 1800 թվականին, պարզ չէ, սակայն քաղաքը մոռացված էր ընդհուպ մինչև 1922 թվականը:

3. Պետրա, Հորդանան
Petra-1

Պետրայի հայտնաբերումն ինքնին բավականին վիճահարույց է, որովհետև շատերը կասկածի տակ են առնում այն դրույթը, որ այն կորսված էր: Այն լքված էր, բայց գրեթե վստահաբար կարելի է պնդել, որ դրա գոյության մասին քաջատեղյակ էին տեղացի քոչվոր ցեղերը: Ամեն դեպքում, առնվազն արևմտյան գիտության համար այն կորած էր մոտ 1000 տարի:

Պետրան մտել է Հռոմեական կայսրության կազմի մեջ մ.թ. 103 թվականին: Անապատում կերտված այս քաղաքը ծաղկում էր, մինչև ավերիչ երկրաշարժը չավիրեց քաղաքի ջրամատակարարման համակարգը: Քանի որ մոտակայքում այն ժամանակ այլ քաղաքներ էլ կային, ապա բնակչությունը որոշեց ջրամատակարարման համակարգը վերականգնելու փոխարեն պարզապես լքել Պետրան և այլ քաղաքներում հաստատվել: 

Այդ ժամանակվանից ի վեր քաղաքը թողնվեց անապատին, և այն դեպի իրեն էր ձգում միայն հետաքրքրասեր ճանապարհորդներին և դամբարանագողերին: Մեր օրերում այն վեր է ածվել Մերձավոր Արևելքի կարևորագույն հնէաբանական վայրերից մեկի: Քաղաքի բացառիկությունը կայանում է նրանում, որ այն կիսով չափ բաղկացած է սովորական շինություններից, իսկ կիսով չափ էլ՝ ժայռերի մեջ փորված շինություններից: Քաղաքի ճարտարապետական ոճը իրենից ներկայացնում է հունական, հռոմեական և տեղական՝ նաբաթեական ոճերի յուրահատուկ միաձուլում:

2. Տրոյա. Թուրքիա
P57734-Assos-Odeon At Troy

«Օ՜, մուսա, երգիր Պելևսի որդի Աքիլեսի ցասման մասին...»: Այսպես է սկսվում Հոմերոսի լեգենդար «Իլիականը»՝ արևմտյան գրականության հիմքը հանդիսացող աշխատությունը: Չնայած ոչ ոք երբևիցե կասկածի տակ չի առել «Իլիականի» գրական կարևորությունը, սակայն բավականին երկար ժամանակ Տրոյան համարվում էր նույնքան առասպելական ու մտացածին, որքան Ատլանտիդան:

1871 թվականին Հենրիխ Շլիմանը սկսեց պեղումներ իրականացնել թուրքական Հիսսարլիկ քաղաքի մոտ: Պեղումներն անց էին կացվում «Իլիականի» պատվին կոչված Իլլիում քաղաքի գտնվելու վայրում, բայց երբ հնէաբանները հայտնաբերեցին հսկայական պարիսպենրի հետքեր, որոնք ճիշտ այնպիսին էին, ինչպիսին Հոմերոսն էր նկարագրել, նրանք հասկացան, որ գտել են շատ ավելին, քան Իլլիում քաղաքը:

Շարունակելով պեղումները` հնէաբանները հայտնաբերեցին նաև ոսկյա զարդեր, որոնք ներկայացվեցին հետագայում որպես Հեղինեի զարդեր: Այս գանձերը անհայտացան Երկրորդ աշխարհամարտի տարիներին, բայց հետո էլի հայտնվեցին տեսադաշտում՝ Մոսկվայում գտնվող Պուշկինի անվան թանգարանում: 

Ավելի ուշ անցկացված լայնամասշտաբ պեղումները ցույց տվեցին, որ իրականում քաղաքը շատ ավելի մեծ էր, քան ենթադրում էր, և այն հանգիստ կարող է հավակնել Տրոյան լինելու պատվին: Հնէաբանները բացահայտեցին, որ այն հիմնադրվել է մոտավորապես մ.թ.ա. 3000 թվականին և ոչնչացվել է մի քանի անգամ: Ամեն ոչնչացումից հետո նոր քաղաք է վերակառուցվել՝ հնի փլատակների վրա, և մինչ օրս էլ շարունակվում են բանավեճերը, թե շերտերից կոնկրետ որ մեկում է հույների կողմից ոչնչացված Տրոյան:

Ի դեպ, հատկանշական է, որ պարիսպների հաստությունն ու բարձրությունն այնպիսին են, որ այն ժամանակներում առկա ոչ մի պաշարողական տեխնիկա ու հարմարանքներ չէին կարող արդյունավետ օգտագործվել, ինչը ևս մեկ կողմնակի ապացույց է, որ Հոմերոսը չի հորինել Տրոյական ձիու պատմությունը:

1. Պոմպեա և Հերկուլանում, Իտալիա
Pompeii Temple Of Jupiter

«Ոմանք այնքան վախեցած էին, որ աղոթում էին, որ մահանան»: Այսպես է գրել Պլինիոս Կրտսերը՝ մ.թ. 779 թվականին տեղի ունեցած Վեզուվիուս հրաբուխի ժայթքման մասին: Նրա հորեղբայր Պլինիուս Ավագը ղեկավարում էր հռոմեական նավատորմը, որը պետք է փրկեր հրաբխի պատճառով ծուղակում հայտնված բնակիչներին: Արդյունքում ավագ Պլինիուսը կործանվեց, ինչպես կործանվեցին Պոմպեան և Հերկուլանումը: 

Հերկուլանումը թաղվեց հրաբխային մոխրի տակ: Այդ մոխիրը, որը խլեց հազարավոր մարդկային կյանքեր, միևնույն ժամանակ իդեալականապես պահպանեց քաղաքը 1700 հետո ծնված սերունդների համար: Մենք հաճախ կարծում ենք, որ հռոմեացիներն ապրում էին բացառապես սպիտակ մարմարից կառուցված քաղաքներում, մինչդեռ Պոմպեան բացահայտում է շատ բաներում մեզ հասկանալի սովորական հռոմեական քաղաքի տեսքը:

Պոմպեայի շենքերի պատերին փորագրված էին քաղաքական կարգախոսներ, օրինակ. «Քվեարկեք Լուցիուս Պոպիդիուս Սաբինուսի օգտին»: Կան անգամ ավելի «պատկերավոր» գրառումներ զուգարանների պատերին...
Քաղաքները դարձան իսկական ոսկու հանք հնէաբանների համար և շատ պոպուլյար այցելության վայր՝ տուրիստների համար: Ի տարբերություն այլ հին քաղաքների` այս քաղաքներում դուք մինչև հիմա կարող եք տեսնել այդ քաղաքի բնակիչներին... Նրանք հավերժ անշարժացել են՝ հրաբխային մոխրի մեջ` դառնալով քարակերտ արձանների պես ֆիգուրներ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել