168.am-ում երեկ մի հրապարակում էր տեղադրվել՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված Սմերչ համակարգի մասին։ Ռուսական «Военная тайна» հաղորդաշարի հիման վրա պատրաստված այդ նյութում ներկայացվել էին այդ զինատեսակի հնարավորությունները։ Նույն հաղորդման մեջ նշվում էր, որ Սմերչը համարվում է աշխարհի հզորագույն նման համակարգը։ Այդ դիտարկումն էլ տեղ էլ գտել 168.am-ի վերնագրում։
Բնականաբար, թեման շատերին էր հետաքրքրել։ Նյութը մեծ թվով մարդիկ էին ընթերցել ու տարածել Ֆեյսբուքում։ Ու դրանից հետո սկսվեց….
Որոշ մարդիկ (փորձագետներ) նախ սկսեցին քննադատել, որ Սմերչի տվյալները սխալ են ներկայացված, ու մեր ունեցած զինատեսակները Սմերչին չեն զիջում։ Զինատեսակներից գլուխ չեմ հանում ու էդ թեմայով չեմ բանավիճի։ Հակառակը՝ ուրախացա, որ էդպես է։
Բայց մյուս ասպեկտը արդեն перебор էր։ Սկսեցին բարոյախրատական թեմաներով մեկնաբանություններ գրել, որ նման հրապարակումները բացասաբար են ազդում Հայաստանի հասարակության վրա, խուճապ ու վախի մթնոլորտ սերմանում և այլն։
Այսինքն՝ որոշ մարդիկ նման հրապարակումը համարում են անպատասխանատու ու սխալ: Իսկ իրենք իրենց համարում են պատասխանատու՝ նման հրապարակումների «բացասական էֆեկտը» մաքրելու գործում։
Ու էս ստատուսը չէի գրի, եթե երեկվա քոմենթախառն աժիոտաժը էսօր չշարունակվեր՝ վերածվելով ստատուսա-հոդվածա-վերլուծականախառն գրոհի։ Հիմա մի քանի դիտարկում էս ամենի մասին։
1. Ուրեմն, նույն փորձագետները մշտապես խոսում են հայ զինվորի բարոյահոբանական կերպարի ու դուխի մասին։ Ճիշտ են խոսում։ Բայց հիմա իրենք իրենց հակասում են։ Եթե կարծում են, որ Ադրբեջանի ձեռք բերած Սմերչի մասին հրապարակումը կարող է խուճապ առաջացնել ու վախի մթնոլորտ ձևավորել, ուրեմն թերագնահատում են թե՛ հայ ժողովրդին ընդհանրապես, թե՛ հայ զինվորին մասնավորապես։ Ուրեմն սրանից հետո ճոռոմ հայտարարություններ չպիտի անեն հայոց զինվորի անկոտրում ոգու մասին։ Ոչ թե էն պատճառով, որ էդ ոգին անկոտրում չի, այլ էն պատճառով, որ իրենք էդ ոգու ուժը թերագնահատում են։
2. Ասում են, որ ռուսական Սմերչը ամենահզոր համակարգը չի, ու որ «Военная тайна» հաղորդումը պարզապես նպատակ ունի գովազդել այդ զինատեսակը։ Պարզ բան կա. ապրանքը գովազդում են կոնկրետ նպատակի (վաճառքի) ու կոնկրետ լսարանի (պոտենցիալ գնորդի) համար։ Իսկ քանի որ էդ հաղորդման լսարանը ռուս և ռուսախոս լայն հասարակությունն է, ստացվում է՝ ռուսները ցանկանում են Սմերչը վաճառել իրենց քաղաքացիներին։ Դա աբսուրդ է։ Իսկ եթե կարծում են, որ օտարերկրյա գնորդ-պետությունները որևէ զինատեսակ գնելու հարցում հիմնվում են հեռուստատեսային հաղորդումների վրա, էդ արդեն ծիծաղելի է։
3. Ու վերջապես։ Ամենակարևորն էստեղ Սմերչի ճշգրիտ պարամետրերը չեն։ Հա, թող Սմերչը լինի աշխարհի ամենավատ զենքը։ Խնդիրն էն է, որ մեր ռազմավարական գործընկերը պետք է մեր թշնամուն անգամ մի պարսատիկ չծախեր։ Իսկ իրանք ծախել են Սմերչ, որը հենց իրենք ներկայացնում են որպես աշխարհի լավագույն համակարգ (ինչպես փորձագետներն են նշում՝ իրենց գովազդում)։ Ոնց որ ես մեկին ասեմ՝ Վաղո, դու իմ ախպերն ես, նայի` ինչ ուժեղ զենք ունեմ՝ սրա նմանը աշխարհում չկա։ Ու հետո բռնեմ էդ «անգերազանցելի» զենքը ծախեմ Վաղոյի ոխերիմ թշնամուն։ Ու հետո էլ ամերիկյան ֆիլմերի հերոսների նման ասեմ՝ ничего личного, просто бизнес։ Սա է ավելի կարևոր։ Ու հարցը մենակ Սմերչը չի։ Հարցը գալիս է Խաչատուր Աբովյանի ժամանակներից ու հասնում մինչև գազի ու «ՀայՌուսգազարդի» թեմաները։ Հա, ու երբ մարդկանց էսքանն ասում ես, ասում ես, որ Հայաստանի իշխանությունները պիտի ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերին էս (ու ոչ միայն էս) հարցում, անկախ լինեն, պետք եղած տեղը «ատամ ցույց տան», ոչ թե ֆեոդալի կամ ստրուկի նման հլու-հնազանդ լռեն, պատասխանում են՝ բայց ի՞նչ պիտի անեինք։ Կամ որ ավելի վատ ա՝ ասում են՝ մենք անկախ ենք, մենք նման խնդիր չենք տեսնում, ինքնուրույն որոշումներ կայացնող երկիր ենք ու ոչ մեկից կախված չենք։ Իսկ ամենամեծ խնդիրը հենց դրանում ա, որ մարդիկ խնդիր չեն տեսնում։ Կամ չեն ուզում տեսնել։ Համարում են, որ սեփական երկրի թերությունների ու թույլ կողմերի մասին խոսելը հակապետականամետ մտածելակերպ ա։
Արևմտամետ ու ռուսամետ լինելը լավ բան չի։ Բայց շատ ավելի վատ ա, երբ մարդ փորձում ա ներկայանալ «գերպատականամետ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: