
Emporium.am-ը գրում է.
Հեքիաթն սկսվեց: «Երկու ճանապարհորդ՝ Կիկան և Ֆրիկան, Հայաստան են եկել՝ հեքիաթներ որոնելու:
Դրա համար էլ քաղաքից քաղաք են անցնում՝ իրենց իմացածը պատմելու և ուրիշ հեքիաթներ գտնելու ակնկալիքով: Այս ճանապարհորդության միջոցով՝ գունազարդված խոսքով ու պատկերներով, հանդիսատեսը կտեղափոխվի մի մայրցամաքից մյուսը և մշակութային այս խառնարանում կգտնի իր մանկության հեքիաթները»:
Երկու ճանապարհորդներն, ում մասին նշվեց հեքիաթի սկզբում, իրականում ֆրանսիական «Սաթէ-Աթղ» թատերական միության հիմնադիր, բեմադրիչ Սաթեն Խաչատրյանն ու Կարիբյան կղզիներից դերասան Յաննիկ Լուին /Յաօ/ են: Ճանապարհորդներն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Հայաստանում են և հայ հանդիսատեսի դատին են հանձնել իրենց համատեղ ներկայացումը՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների բեմադրությունը:
Ֆրանսիայում գործող «Սաթե-Աթղ» թատերական միությունը 2012 թվին ֆրանսիացի հանդիսատեսին է ներկայացրել Հովհաննես Թումանյանի հեքիաթների բեմադրությունը: Բեմադրության նպատակը մշակույթի միջոցով հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն է: Ֆրանսիայում այն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Մեզ հետ զրույցում Սաթեն Խաչատրյանը փաստեց, որ մարդիկ մեծ հետաքրքրությամբ էին դիտում հեքիաթները, իսկ մեծահասակները բեմականացման ժամանակ նույնիսկ բարձրաձայն քննարկում էին տվյալ իրավիճակում հեքիաթի հերոսի ճիշտ կամ սխալ լինելը, վիճում էին, երեխաների պես ուրախանում, երբ հեքիաթը լավ ավարտ էր ունենում, երբեմն՝ լաց լինում: Նման հաջողությունից հետո որոշվեց, որ բեմականացումը պետք է ներկայացվի նաև հայ հանդիսատեսին:
Այս տարի Ֆրանսիայի Ռոն-Ալպ տարածաշրջանը հայտարարել է Հայաստանի հետ համատեղ աշխատանքային ծրագրերի առաջարկների մրցույթ, և «Սաթէ-Աթղը» որոշել է մասնակցել այդ մրցույթին: Քանի որ Ռոն-Ալպ մարզի և մեր երկրի մի շարք քաղաքներ քույրացել են, «Սաթէ-Աթղը» որոշեց հյուրախաղերով հանդես գալ հենց այդ քաղաքներում:
«Սա արդեն իմ 3-րդ ներկայացումն է Ֆրանսիայում: Բեմադրել էի 2 այլ ներկայացում, սակայն Թումանյանի հեքիաթների բեմադրությամբ իմ մշակույթը ներկայացրեցի Ֆրանսիայում: Իհարկե, բեմադրությունից առաջ մշտապես նշել եմ, որ հայ եմ, սակայն երբեք որևէ հայկական գործ չեմ ներկայացրել: Հայկական հեքիաթները երբևէ չեն ներկայացվել Ֆրանսիայում: Միշտ նախանձ եմ ապրել՝ իմանալով, թե աֆրիկյան հեքիաթները որքա՜ն ճանաչված և սիրված են ամբողջ Եվրոպայում: Իսկ հայկական հեքիաթների մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Բնականաբար, իմ առջև մեծ պատասխանատվություն էր դրված, քանի որ անհրաժեշտ էր ներկայացնել իմ երկրի լավագույնը՝ լավագույն ձևով»,-պատմում է Սաթենը:
Նախագիծն իրականացնելու համար Սաթենն սկսեց փնտրել մի դերասանի, ով ոչ մի կապ չունի հայկական մշակույթի հետ, միևնույն ժամանակ տաղանդավոր է և հարգում է այլ մշակույթները: Ի վերջո, նա գտավ այդ դերասանին, դիտեց նրա մասնակցությամբ մի ներկայացում և հասկացավ, որ հենց Յաննիկ Լուին պիտի լինի իր նախագծում: Յաննիկը ծագումով Կարիբյան կղզիներից է, դերասան է և երաժիշտ: Շատ ոգևորվեց, երբ իմացավ, որ մասնակցելու է նման նախագծի:
Բեմադրության համար ընտրվեց Թումանյանի վեց հեքիաթ՝ «Անխելք մարդը», «Սուտասանը», «Մի կաթիլ մեղրը», «Բարեկենդանը», «Կիկոսի մահը» և «Քաջ Նազարը»: Ներկայացումները եռալեզու են՝ հայերեն, ֆրանսերեն և քրեոլերեն /վերջինով խոսում են Կարիբյան կղզիների բնակիչները/: Ամբողջ ընթացքում հնչում է ութ-ինը երգ, ընդ որում՝ կենդանի կատարմամբ:
Մեր երկրում հեքիաթներն իրենց հաղթարշավը սկսեցին հունիսի 15-ին: Ծրագիրն ավարտվեց հուլիսի 1-ին՝ Ջերմուկում:
Հայաստանում Սաթենը և Յաննիկը համագործակցեցին Երևանի և Գորիսի թատրոնների դերասանների հետ և համատեղ ստեղծեցին արդեն իսկ պատրաստ ներկայացման մեկ այլ տարբերակ, որը և ներկայացրին այս երկու քաղաքում: Մյուս քաղաքներում՝ Սևանում,Վարդենիսում, Գավառում, Սիսիանում և Ջերմուկում, նրանք հանդես եկան երկուսով՝ բեմադրության ֆրանսիական տարբերակով:
«Մարզի հանդիսատեսը մի տեսակ կարոտած հայացք ունի: Ներկայացումների ընթացքում արժանացել ենք շատ լավ և ջերմ վերաբերմունքի: Յաննիկը Հայաստանում ամեն օր խնջույքի մեջ է: Նրան շատ լավ են դիմավորում և՛ Երևանում, և՛ մարզերում: Թեև անընդհատ ներկայացումներով հանդես գալը չափազանց հոգնեցուցիչ էր, այնուամենայնիվ, հանդիսատեսը մեզ ուժ տվեց»,-ժպիտով պատմում է Սաթեն Խաչատրյանը:
Բեմադրիչը ցավով նշում է, որ այսօր հայկական ընտանիքներում ծնողները հազվադեպ են հեքիաթներ ընթերցում իրենց երեխաների համար: Սաթենի տատը միշտ նրա համար հեքիաթներ էր կարդում և սեր էր արթնացնում դեպի հեքիաթը:
Սաթենը հույս ունի, որ ինքն ու Յաննիկն աշնանը կրկին հանդես կգան մեր երկրում՝ նույն բեմադրությամբ: Նրանք հյուրախաղերով հանդես կգան այն մարզերում, ուր այս ամառ չկարողացան գնալ: Հույս ունեն նաև թումանյանական շունչը տանել Ղարաբաղ:
Հավելենք, որ առաջիկայում Սաթենը ֆրանսիացի հանդիսատեսի համար կբեմադրի «Սասունցի Դավիթը», և գուցե այս ներկայացումն էլ բերի Հայաստան:
Ռոզա Գրիգորյան