
Ցանկացած բրենդ ունի իր արժեքային համակարգը, որը առաջին հերթին արտացոլվում է բրենդի ապրանքանշանում (logo): Շատ դեպքերում նոր ապրանքանիշ ստեղծելիս ոչ թե պետք է «կրկնօրինակել», այլ «ոգեշնչվել»: Դիտարկենք օրինակով:
«Jessica N Designs» ընկերության լոգոն իրենից ներկայացնում է ծաղիկներով շրջապատված գեղեցիկ տառատեսակով օվալ պատկեր: Երբ «Leonora Lee» ընկերությունը պատվիրում էր իր լոգոն, ապա ցանկությունը «Jessica N Designs» ընկերության լոգոյին նման լինելն էր: Սակայն ցանկացած մարքեթինգային ընկերության, ցանկացած մասնագետի համար պետք է պարզ լինի, որ դա «ոգեշնչվելու» աղբյուր է, ոչ թե «կրկնօրինակելու»:
Երբ պատրաստվեց 1-ին տարբերակը, պարզ էր, որ չնայած փոխվել էին գույներ, տառատեսակ, այնուամենայնիվ դա շարունակում էր մնալ նախորդի կրկնօրինակը: Պահպանվել էր օվալը, լոգոյի արտաքին տեսքը, դետալների դիրքը եւ այլն: Արդյունքում՝ հավատարիմ մնալով «ոգեշնչման» մեթոդին, ստեղծվեց երկրորդ տարբերակը, որտեղ պահպանվել էր ծաղիկներով եւ նուրբ գույներով ներկայանալու գաղափարը, սակայն սկզբնական նմանությունը այլեւս չկար, իսկ արտաքին դետալները ամբողջությամբ այլ էին: Ավելին, «Leonora Lee»-ի լոգոն միանշանակորեն տարբերվում էր եւ ճանաչելի էր իր մրցակցից:
Ուշադիր եղեք մանրուքների նկատմամբ, քանի որ հաճախ հենց դրանք են որոշիչ լինում: Այս կամ այն լոգոն կրկնօրինակելուց կամ ուղղակի գույներ փոփոխելով արդյունք ստանալուց պետք է խուսափել: Միշտ ավելի լավ է ստեղծեք Ձերը: Անպայման չէ, որ այն բարդ գրաֆիկական դետալներ ունենա: Ինչպես փորձը ցույց է տալիս, բազմաթիվ ճանաչված ընկերությունների լոգոներ շատ պարզ եւ հասարակ տեսք ունեն: