Մարդկանց հաճախ թվում է, թե անցյալն ավելի վեհ էր ու առեղծվածային, քան ներկան, իսկ մեր նախնիները տիրապետել են ինչ-ինչ գաղտնի գիտելիքների, որոնք մոռացվել են: Այս հիպոթեզը սատարում են հնէաբանների կողմից բացահայտված մի քանի կորած քաղաքներով, որոնց գոյության մասին ոչ ոք չի իմացել:
Մեզ համար տարօրինակ է թվում, որ քաղաքի պես մեծ գոյացությունը կարող է կորչել, սակայն դրանում ոչ մի տարօրինակ բան չկա. անցյալում տարբեր քաղաքներ լքվել են տարբեր հասկանալի ու անհասկանալի պատճառներով և զրկվելով բնակչությունից` դրանք մոռացվել են դարերի ընթացքում, մինչև նորից չեն վերագտնվել հնէաբանների կողմից դարեր ու հազարամյակներ անց: 
Ձեզ եմ ներկայացնում նման կորած քաղաքների ցուցակը, որոնք վաղուց մոռացված էին բոլորի կողմից մինչև բացահայտվելը:
10. Պավլոպետրի. Հունաստան446Pavlopetri
Ցանկացած կորած քաղաքի մասին հիշատակելիս մարդու մտքին գալիս է Ատլանտիդան: Ճիշտ է, Ատլանտիդայի գոյության մասին ոչ մի փաստ չկա` բացի Պլատոնի հայտնի ալեգորիկ պատմվածքից, բայց հիմա արդեն հայտնի է, որ Ատլանտիդայի բախտին բազմաթիվ անտիկ քաղաքներ են արժանացել՝ անցնելով ջրի տակ: 
Պավլոպրետին հիմնադրվել է նախա-դասական Հունաստանում` դեռ քարե դարում և գոյատևել է մինչև մոտավորապես մ.թ.ա. 1000 թվականը: Այս քաղաքի հայտնաբերումը ուսումնասիրությունների հարուստ աղբյուր տվեց հնէաբաններին, ովքեր կարողացան ավելի լավ պատկերացում կազմել այդ ժամանակվա ապրելակերպի մասին:
Բանն այն է, որ այլ անտիկ քաղաքները, որոնք չէին լքվել ու հասել են մինչև մեր ժամանակները, բազմիցս վերակառուցվել են, իսկ Պավլոպետրին մնացել է պահպանված՝ սերունդների համար: 
Քաղաքը անցել էր ջրի տակ ծովի մակարդակի բարձրացման և երկրաշարժերի արդյունքում ցամաքի մակարդակի իջեցման արդյունքում: Հաշվի առնելով, որ ծովի մակարդակը պարբերաբար փոփոխվում է, կարելի է ենթադրել, որ ծովի հատակը մեզ դեռ շատ նման անակնկալներ կմատուցի, և դեռ բազմաթիվ կորած քաղաքներ կան, որոնք սպասում են իրենց օրվան:
9. Ժայռի ամրոցը, ԱՄՆ2E2Ny3K
ԱՄՆ-ի ներկայիս տարածքի հարավ-արևմտյան հատվածում է բնակվել բնիկ ամերիկացիների Պուեբլո ցեղը, որն իր անունը ստացել է իրենց գյուղերի՝ Պուեբլոների շնորհիվ: Պուեբլո ցեղի ներկայացուցիչները ապրում են մինչ օրս, բայց հին պուեբլոյական Անասազի պետական գոյացությունն եել է մ.թ. 900-1200թթ. ընկած ժամանակահատվածում: «Ժայռի ամրոցը» կառուցվել է հենց այդ կազմավորման ոսկե դարում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս ճարտարապետական կոմպլեքսի շինությունների մեծ մասը կառուցվել է մոտավորապես 1200 թվականին և լքվել է մոտ մեկ դար անց:
Այն լքված էր ու անհայտ մինչև 1888 թվականը: Ռիչարդ Ուաթերիլը, Չարլզ Մեյսոնն ու Ուտե ցեղի հնդկացի Ակովիտզը փնտրում էին կորած անասուններին, երբ պատահաբար հայտնաբերեցին պատմամշակութային այս հուշարձանը՝ կառուցված ուղղահայաց ժայռի մեջ առկա անձավում: 
Նրանց պատահական հայտնագործությունը դարձավ Հյուսիսային Ամերիկայի տարածքում հայտնաբերված ամենախոշոր ժայռային կառույցը: Իրականում «Ժայռի պալատ» անունը այդքան էլ չի համապատասխանում կառույցի իրական նշանակությանը, քանի որ այն իրենից ներկայացնում է փոքրիկ գյուղ, ոչ թե պալատ: 
Հստակ հայտնի չէ, թե ինչու են տեղաբնակները ժամանակին լքել այս բանակավայրը: Ամենահավանական տարբերակներից մեկը նա է, որ «Ժայռի պալատի» լքումը, ինչպես նաև Անասազի պետական գոյացության ոսկեդարի ավարտի պատճառը հանդիսացել է մեծ երաշտը, որը կաթվածահար արեց գյուղատնտեսությունը, ինչն էլ հանգեցրեց այս գոյացության մայրամուտին:
8. Արոտիրի, ՀունաստանAkrotiri
Կրետեի վրա հայտնաբերված քաղաքակրթության հետքերը կոչվեցին Մինոյական քաղաքակրթություն՝ առասպելական Մինոս արքայի անունով, ով, ըստ լեգենդների, կառուցել էր լաբիրինթոսը: Շատ քիչ գրավոր տեղեկություններ են պահպանվել այդ քաղաքակրթությունից, ուստի անհայտ է, թե ինչպես էին կոչում իրենց մինոսցիները: Ամբողջ քաղաքակրթությունը մոռացության էր մատնված մինչև 20-րդ դարի սկիզբը:
Կնոսսոսի հայտնաբերումից հետո սկսվեց Մինոյական քաղաքակրթության ակտիվ ուսումնասիրությունը: Այս քաղաքակրթության առեղծվածային քաղաքներից մեկը Ակրոտիրին է, որը գտնվում է Սանտորինի կղզու վրա, որտեղ գտնվում է նաև Թերա հրաբուխը: Ըստ երևույթին, հենց այս հրաբուխի ժայթքումն էլ կործանել է Ակրոտիրին՝ մոտավորապես մ.թ.ա. 1600 թվականին: Այդ ժայթքումը մարդկության պատմության խոշորագույն տարերային աղետներից մեկն է եղել և բերել է Մինոյական Կայսրության կործանմանը:
Ակրոտիրին հայտնաբերվեց միայն 1967 թվականին. հայտնաբերվեցին մինչև երեք հարկ ունեցող շենքեր, ակնհայտորեն ճարտարապետական նախագծով կառուցված թաղամասեր, ջրամատակարարման համակարգ, որը մարդկանց տաք և սառը ջուր էր հասցնում և այլն:
7. Թիքալ, ԳվատեմալաTemplo De Tikal
Մայաների Թիկալ քաղաքը մի ժամանակ Մայաների թագավորության մայրաքաղաքն էր և Նոր աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկը: Այն բնակեցված էր մ.թ. 200-900 թվականներին, բայց հետո լքվեց բնակիչների կողմից: Շնորհիվ նրան, որ այն հիանալի է պահպանվել, շատ բան հաջողվեց իմանալ մայաների կյանքի, մշակույթի, մայաների արքաների և քաղաքակրթության մասին:
Հետազոտությունները ցույց են տվել, որ հասունացել էր մի պահ, երբ քաղաքն այլևս ի զորու չէր կերակրել իր բնակիչներին, և այն աստիճանաբար սկսեց լքվեց և ի վերջո լրիվ դատարկվեց՝ տարիների ընթացքում ավելի ու ավելի ընկղմվելով աճող ջունգլիների սաղարթում: Ենթադրաբար, սակավաթիվ տեղաբնակ հնդկացիներ միշտ էլ իմացել են դրա գոյության մասին՝ դատելով տարիներ շարունակ ժողովրդի մեջ շրջանառվող՝ կորած քաղաքի մասին ասեկոսեներից: 
Թիկալը հայտնաբերվեց առաջին կազմակերպված արշավի ժամանակ՝ 1848 թվականին, և այն, ինչ գտավ արշավախումբը, հետագայում դարձավ Նոր աշխարհում հայտնաբերված խոշորագույն պատմամշակութային հուշարձաններից մեկը, որտեղ կարելի է տեսնել մինչև 70 մետր բարձրություն ունեցող բուրգեր, արքայական պալատներ, կրոնական համալիրներ և մայաների գնդակախաղի մարզադաշտ:
6. Թիմգադ, ԱլժիրTrajan
Թիմգադը, կամ ինչպես լատինագետներն են դրան անվանում `Colonia Marciana Ulpia Traiana Thamugadi-ն, իդեալականորեն համապատասխանում է արկածային ֆիլմերից մեզ հայտնի կորած քաղաքների կարծրատիպերին: Այն հիմնադրվել է Հռոմեական կայսրության փառքի գագաթնակետում՝ Տրայան կայսեր օրոք և հաջողությամբ դիմակայել է Հռոմի վայրիվերումներին՝ վերածվելով խոշորագույն առևտրային հանգույցի: 
5-րդ դարում լքվելուց հետո այն շուտով վերածվեց քրիստոնեության խոշորագույն կենտրոնի, բայց այն վերջնականապես լքվեց 7-րդ դարում՝ վանդալների կործանարար արշավանքից հետո: Տարիների ընթացքում քաղաքը թաղվեց Սահարա անապատի ավազների տակ և այդպես մնաց մոտ 12 դար շարունակ, մինչև այն չհայտնաբերեցին 1881 թվականին:
Այժմ այս քաղաքի փլատակները հարուստ տեղեկություններ են տալիս գիտնականներին Հռոմի աֆրիկյան գավառների կյանքի մասին: Քաղաքի փողոցները կառուցված են իդեալական ճշգրտությամբ, պահպանվել են նաև Տրայան կայսեր պատվին կառուցված կամարը, բաղնիքները, ինչպես նաև Յուպիտերի տաճարը: Ընդ որում, այս տաճարը նույնքան մեծ է, ինչքան Հռոմի պանթեոնում գտնվող Յուպիտերի տաճարը, ինչը ցույց է տալիս քաղաքի` ժամանակին ունեցած կարևորությունը: 
Ուշագրավ է նաև ֆորումի պատին փորագրված կարգախոսը. «Որս անել, լոգանք ընդունել, խաղալ և ծիծաղել: Սա՛ է կյանքը»:

Շարունակելի 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել