Բարև Ձեզ, պարոն Սահակյան: Ձեզ գրում է տասնութը չլրացած մի պատանի, ով արդեն մեկ տարի է, ինչ հետևում է Ձեզ: Սկզբում ես դիտում էի youtube-ում Ձեր տեսահոլովակները: Դրանք ոգևորում էին ինձ, դրանք դիտելով` ես հասկանում էի, որ կարելի է բարձրաձայնել անկարելին, որ տղամարդկային դուխը պետք է բավարարի շատերի դեմքին շպրտելու այն, ինչին նրանք արժանի են: Հիմա էլ հետևում եմ Ձեր բոլոր գրառումներին: Դրանցից շատերը սրտիցս են բխում: Ինչո՞ւ շատերը և ոչ բոլորը: Որովհետև Դուք, հիասթափվելով մեր շուրջը գոյացած գաղջ մթնոլորտից և դրա մեղավորներից, որոշ գրառումներում կոչ եք անում ուղղակի թողնել ու հեռանալ Հայաստանից: Մտավորականին վայել ձևով` Ձեզ մոտ ստացվում է ներգործել հարյուրավոր մարդկանց վրա (այդ թվում նաև իմ): Կարծում եմ` կարիք չկա հիշեցնելու, որ այսօր մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այդպիսի մտավորականներին: Չգիտեմ` որքանով Ձեզ կհետաքրքրի, բայց ուզում եմ հայտնել իմ սուբյեկտիվ կարծիքը. պարոն Սահակյան, առանց այն էլ Հայաստանը և այստեղ ապրողների մեծ մասը գտնվում են թշվառ վիճակում: Խնդրանքս է` մարդկանց վրա ազդել կարողանալու ունակությամբ նպաստել նրանց հայրենասիրության բարձրացմանը: Արտագաղթի կոչ ուղղակի կամ անուղղակի կերպով շատերն են անում: Ձեզ նման մտավորականը, իմ կարծիքով, պետք է դուրս գա այդ շատերի դեմ: Նամակս Ձեզ եմ ուղղում, որովհետև հավատում եմ Ձեր ամեն մի բառին: Գիտեմ, որ Դուք այն մարդը չեք, ով պատվերով համերգներ կտա:
Ներողություն եմ խնդրում մի փոքր մեծամտության համար: Հուսով եմ, որ ճիշտ կհասկանաք այս նամակը գրելուս նպատակը: Գիտեմ, որ չեք մտածի, թե ուզում եմ Ձեզ հայրենասիրության կոչ անել:
Հարգանքներիս հավաստիքը: Լավագույն բարեմաղթանքներով` Գրիշա Էձգերիձե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել