Փողոցային արվեստը բավական լայն հասկացություն է և ընդգրկում է ոչ միայն նկարչություն, այլև քանդակագործություն և կերպարվեստի այլ տեսակներ, երբեմն նույնիսկ մի քանիսը մեկում։ Փողոցային արվեստի գործերը հիմնականում հարմարեցված են լինում կոնկրետ տեղանքի առանձնահատկություններին, առարկաներին։ Դրանք կարող են հիմնված լինել շրջակայքի այս կամ այն անհարթության, կոտրված, քայքայված հատվածի օգտագործման (ինչու՞ չէ, նաև նոր ու չքայքայված մասերի փչացման) վրա, որը ստեղծագործական մոտեցման շնորհիվ վերածվում է ինչ–որ հետաքրքիր գաղափար արտահայտող պատկերի կամ քանդակի։

Փողոցային արվեստի գործերը շատ դեպքերում ուղղակիորեն կամ անուղղակիորեն սոցիալական, քաղաքական հարցեր են շոշափում և բացի զուտ ստեղծագործական ինքնարտահայտման միջոց լինելուց, նաև հասարակությանը այս կամ այն խնդրի մասին ահազանգելու նպատակ կարող են հետապնդել՝ հաճախ քննադատական ու սարկաստիկ երանգներով։ Արվեստի այս տեսակը միանգամից մեծ քանակով հանդիսատեսների ուշադրությանն արժանանալու հիանալի միջոց է, որ լրացուցիչ ներկայացման կարիք չունի, ինչպես, օրինակ, ցուցահանդեսների կազմակերպումն է։

Փողոցային արվեստի ստեղծման միջոցները շատ բազմազան են. ձեռքի տակ եղած ցանկացած իր ու մանրուք կարող է հաջողությամբ օգտագործվել փողոցային արվեստի գործ ստեղծելու համար։

Այնուամենայնիվ, արվեստի այս ժանրի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը շատ տարբեր է։ Ոմանք այն արվեստ են համարում, ոմանք՝ վանդալիզմ ու օրենքով պատժելի հանցագործություն, քանի որ շատ դեպքերում այս արվեստի գործերը ստեղծվում են առանց պետության հավանության ու թույլտվության և հաճախ հիմնված են պետության կամ որևէ անհատի սեփականություն հանդիսացող տարածքը կամ գույքը փչացնելու ու խեղաթյուրելու վրա։ Այդ իսկ պատճառով փողոցային արվեստի ներկայացուցիչները հաճախ ստիպված են լինում թաքնվել ոստիկանությունից և երբեմն նույնիսկ լրիվ ինկոգնիտո մնալ։ 

Ահա փողոցային արվեստի որոշ հայտնի գործեր.





















Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել