Ուղղակի անթույլատրելի է Սիրիայում կատարված անմարդկային տեսարանները տարածել հայկական լրատվամիջոցներով: 
Երբ լրատվամիջոցին մեղադրում են առանձնակի դաժան տեսարաններ տարածելու ու շրջանառելու մեջ, միանգամից մտաբերում են խոսքի ազատության և նրա չխախտման մասին կոնվենցիան: Երբ լրատվամիջոցին մեղադրում են զրպարտության մեջ, միանգամից հնչում է պատասխան, որ ԶԼՄ-ն հարթակ է կարծիքներ ու տեսակետներ հրապարակելու համար: Սակայն երբ շրջանառվում են քրիստոնյա հոգևորականներին բառիս բուն իմաստով մորթելու տեսարաններ, այդ ժամանակ ԶԼՄ-ն ի՞նչ հոգեբանական ազդեցություն ու հուզականություն է հաղորդում մեզ ու մեր երեխաներին, արդյոք ի՞նչ արժեքների է հակասում այս շրջանառվող տեսանյութը: Սրանք հարցեր են, որոնք անպատասխան են մնում: 
Հայաստանի Հանրապետությունը ընդունել է տեղեկատվական անվտանգության մասին հայեցակարգ, որում` 
VIII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ գլխի 5-րդ` կետը վերաբերում է Հոգևոր-մշակութային բնագավառին. «Այս ոլորտում Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրներն առնչվում են անհատի ազատ ձևավորման և զարգացման գործում նրա սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, հոգևոր-մշակութային ժառանգության, պատմական ավանդույթների և հասարակական կյանքի նորմերի պահպանմանն ու զարգացմանը և ներառում են. ... 
-հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ինքնությանն ու բարոյական արժեքներին սպառնացող երևույթների կանխարգելումը,
- էլեկտրոնային և այլ զանգվածային լրատվամիջոցների կողմից բռնություն, դաժանություն, հակահասարակական վարք քարոզող ծրագրերի և նյութերի տարածման` օրենքով կարգավորված սահմանափակումը»: 

Սա բառացի մեջբերում է ՀՀ տեղեկատվական անվտանգության հայեցակարգից: Հետաքրքիր է` մեր լրատվամիջոցները արդյոք հաշվի առնո՞ւմ են այս փաստաթուղթը դաժանագույն տեսագրություններ շրջանառելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել