Ես քիչ առաջ մի նամակ եմ ստացել Facebook սոցիալական ցանցի իմ ընկերներց մեկից: Երիտասարդ տղա է, ասաց, որ ծանր վիճակում է հայտնվել: Տղայի հայրը սրտի ծանր վիրահատության կարիք ունի: Տղան դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը և նշել է, որ չունի այդ 3,5 միլիոն դրամը, որ կատարվի հոր վիրահատությունը:

Նամակին պատասխանել են հետևյալ կերպ: «Առողջապահության նախարարին ուղղված Ձեր էլեկտրոնային նամակին ի պատասխան հայտնում եմ, որ սրտային վիրաբուժությունն ընդգրկված է ՀՀ առողջապահության նախարարի 21.02.2013 թ. 361-Ա հրամանով հաստատված «Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչով սահմանված ցանկում» և բնակչության բոլոր խմբերի համար կատարվում է վճարովի հիմունքներով, բացառապես սոցիալական անապահով ընտանիքների համար»:

Այս պատասխանն ուղղարկել է նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Ստացվում է, որ մարդ գումար չունի, չի կարող վճարել և պարտավոր է մահանալ, քանի որ այլ ելք չունի, իսկ առողջապահության նախարարությունից ցինիզմով ասում են, որ հրամանի համաձայն դա վճարովի է:

Դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և հիշեցնում, որ մենք դեռևս ապահով Հայաստանում չենք ապրում: Հայաստանում, պրն. նախագահ, մեկը կարող է 3.5 մլն դրամ չունենալու համար մահանալ, իսկ նախարարությունը չի օգնի նրան, իսկ մեկը տասը րոպե հաճույք ստանալու համար կարող է այդքան գումար վատնել: Պարոն նախագահ, վաղը Դուք չեք կարող նայել այդ տղայի աչքերի մեջ, ում հայրը այսօր կյանքի հետ կռիվ է տալիս, իսկ ձեր կուսակցության անդամը, ով միլիոններ ունի ու այսօր ղեկավարում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, նամակ է ուղարկում և տողատակով ասում է. «Տես գլխիդ ճարը»:

Հ.Գ. Հարգելի Դերենիկ Դումանյան, դժվար թե լավ զգայիք Ձեզ, երբ Ձեր թոռնիկը ունենար նման հիվանդություն, և Դուք չկարողանայիք բուժել նրան, և դժվար թե լավ զգար իրեն Ձեր որդին, երբ Դուք այս վիճակում լինեիք, իսկ Ձեր աթոռին նստածը իր աշխատակազմի միջոցով նման նամակ ուղարկեր Ձեր որդուն:

Հ.Գ.Գ. Փաստաթղթերը մոտս են, և եթե հայտարարեք, որ դուք այս խնդրից տեղյակ չեք, ամբողջությամբ կհրապարակեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել