
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն հունիսի 28-ին այցելել են Սևանա լճի տարածքում գտնվող հանրային լողափեր: Այցի նպատակն էր Սևանա լճի հանրային լողափերի սեզոնի բացմանն ընդառաջ ծանոթանալ նախապատրաստական աշխատանքներին: Նախարարը և մարզպետը շրջայց են կատարել հանրային լողափերով ծանոթացել կատարված աշխատանքներին: Այս տարի հանրային լողափերում տեղադրվել են երեխաների համար նախատեսված նոր խաղահրապարակներ, շարժական լողավազաններ, վոլեյբոլի դաշտ, փոքր թենիսի սեղան, պատրաստվել է էկոանկյուն:
Բնապահպանության նախարարի խոսքով պետությունը ամեն հնարավորը իրականացրել է, որպեսզի հանրային լողափերում հանգստացողները կարողանան հավուր պատշաճի անցկացնել իրենց հանգիստը:
«Հանրային լողափերի ստեղծման գործընթացը սկսվել է դեռևս մի քանի տարի առաջ՝ հանրապետության Նախագահի հանձնարարականով և մարզպետի հետ միասին այստեղ ենք տեսնելու՝ ի՞նչ աստիճանի պատրաստվածություն կա: Այս տարի նույնպես մեր քաղաքացիներին կապահովենք պատշաճ հանգստի միջավայր»,- նշել է նախարար Հարությունյանը:
Հանրային լողափերի մուտքը և լողաթախտերը անվճար են լինելու: Գործելու են անվճար բուժկետեր, սանհանգույցներ, փրկարար ծառայություն:
Այցի ավարտին նախարարը հանձնարարականներ է տվել ազգային պարկի ղեկավարությանը հանրային լողափերում ապահովել առավելագույն հարմարավետություն մեր քաղաքացիների համար:
Քաղաքային լողափերը ընդլայնվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից իրականացված «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն ներուժի օգտագործում՝ հանրային լողաների հիմնման միջոցով» ծրագրի աջակցությամբ: