Երեկ ես ձեզ պատմեցի ԱՄՆ իշխանությունների գաղտնիքները բացած և այլ սկանդալային բացահայտումների դեպքերի մեղավորներից ամենահայտնիների մասին: Ստորև կշարունակեմ ներկայացնել այս հերոսներին կամ հակահերոսներին, որոշեք դուք, իսկ ես շարունակեմ:

5. Քոլին Ռոուլի. ՀԴԲ

rowley

Սեպտեմբերի 11-ի ողբերգությունից անմիջապես հետո ամերիկացիները տարակուսանքի մեջ էին և ոչ մի կերպ չէիին կարողանում հասկանալ, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ահաբեկիչների պրիմիտիվ խումբը կարողացավ նման ծավալի հարձակում իրականացնել ԱՄՆ-ի վրա այնպես, որ դա չնկատեցին հետախուզական և հակահետախուզական մեկ տասնյակից ավելի ծառայությունները: Դա անհնարին էր թվում, և պարզվեց, որ այդպես էլ կա:
Մինչ պատկան պետական ծառայությունները իրենց զարմացած էին ձևացնում, ՀԴԲ հատուկ գործակալ Քոլին Ռոուլին արեց սենսացիոն հայտարարություն. Միննեապոլիսի ՀԴԲ-ի գրասենյակում հայտնի է եղել, որ Սեպտեմբերի 11-ի կազմակերպիչներից մեկը՝ Զաքարիուս Մուսսաուին, 8000 դոլար էր վճարել Բոուինգ 747-ի օդաչուական կուրսեր անցնելու համար, ինչպես նաև հայտնի է եղել ինքնաթիռ առևանգելու նրա պլանների մասին, բայց Ռոուլիի վերադասները մերժել են Մուսսաուու սենյակն ու համակարգիչը խուզարկելու նրա դիմումը:
Չդիմանալով նման անարդարության ու հանցավոր անփութության` Ռոուլին 13 էջանոց մեմորանդում կազմեց, որի օրինակները հանձնեց ՀԴԲ-ի ղեկավար Ռոբերտ Մյուլլերին և ԱՄՆ Սենատի Հետախուզության կոմիտեի երկու սենատորների: Այլ պնդումներին կից Ռոուլին հայտնում էր, որ ՀԴԲ-ում դիտավորյալ կասեցվել են բոլոր այն գործողությունները, որոնք կարող էին կանխել Սեպտեմբերի 11-ի ողբերգությունը: 2002 թվականի հունիսի 3-ին «Time» ամսագիրը հրապարակեց Ռոուլիի մեմորանդումը՝ «Պայթյունավտանգ հուշեր» վերնագրով:
2004 թվականին Ռոուլին թոշակի անցավ և արժանացավ «Time» ամսագրի «Տարվա մարդիկ» աղյուսակում հորիզոնականի: 2002 թվականին  Ռոուլին նաև վկայություն տվեց 9/11-ի հանձնաժողովի առջև և այնտեղ էլ կրկնեց իր այն միտքը, որ աննախադեպ ահաբեկչությունների շարքը հնարավոր էր կանխել կամ գոնե հետաձգել, եթե իրենց գրասենյակին թույլատրեին պատշաճ հետաքննություն իրականացնել:

4. Բրեդլի Մեննինգ. ԱՄՆ բանակ

Bradley Manning

ԱՄՆ բանակի շարքային Բրեդլի Մենինգը այն մարդն է, ով հայտնի է պատմության մեջ ամենամեծ գաղտնի տեղեկատվության արտահոսքի համար: Հենց նրա տված ինֆորմացիայի շնորհիվ WikiLeaks-ը համաշխարհային հռչակ ձեռք բերեց:
Քանի որ Մեննինգին հաճախ ստորացնում էին համածառայակիցները, նրա ձերբակալությունից հետո առաջացան մի շարք տարակարծություններ՝ տեղեկատվական արտահոսք տալու նրա մոտիվացիայի վերաբերյալ: Կարծիքները հիմնականում բաժանվեցին երկու բևեռների. ոմանք ասում էին, որ նա ազնվորեն ուզում էր տեղեկացնել հանրությանը իշխանական համակարգում առկա խախտումների ու ստերի մասին, իսկ մյուս մասն այն տեսակետին է հարում, որ Բրեդլին այս կերպ պարզապես վրեժ էր լուծում իրեն նվաստացնող և իր իսկ բնորոշմամբ «բազմաթիվ հիպեր-առնական, անսիրտ և բռի վայրենիներից»:
Նրա վերադասներից երկուսը դեմ են եղել, որպեսզի նրան գործուղեն Իրաք, որտեղ նա ի վերջո ստացել էր թույլատվություն՝ գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելու: Սա պատճառաբանվում էր նրանով, որ Մեննինգը վտանգ էր ներկայացնում իր համար և հավանաբար նաև իրեն շրջապատողների համար: Բայց կայացվեց այլ որոշում, քանի որ Մեննինգն այն սակավաթիվ ռազմական վերլուծաբաններից էր, որի կյանքն արժեր ռիսկի ենթարկել...
Ահա Մեննինգի կողմից արված միայն մի քանի բացահայտումներ.
- Գաղտնի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ամերիկյան Ապաչե հարվածային ուղղաթիռի անձնակազմը դիտավորյալ ոչնչացնում անզեն իրաքցիներից և լրագրողներից բաղկացած մի խմբի՝ սպանելով տասնյակ անմեղ մարկանց:
- Քաղաքացիների զոհերի մանրամասն զեկույցներ, որտեղ ասվում է, որ 6 տարվա ընթացքում Իրաքում ամերիկացիների կողմից սպանվել է 109000 իրաքցի, որոնցից 66081-ն անզեն են եղել:
- Անհերքելի փաստեր ամերիկացի զինվորների կողմից կիրառվող անմարդկային կտտանքների մասին, որոնք երբեք չեն հետաքննվել:
- Մանկական թրաֆիքինգի մասնակցելու դեպքեր ամերիկացի զինվորականների կողմից:

Ներկայումս ընթանում է դատավարություն, և Մեննինգին մեղադրում են 21 տարբեր կետերով, և նրան սպառնում է մահապատիժ կամ ցմահ ազատազրկում այն բանի համար, որ նա հանդգնել է հայտնել ի լուր աշխարհի, որ ԱՄՆ իշխանությունները նաև երեխաների վաճառքով են զբաղվում:

3. Ռասսել Թայս. Ազգային անվտանգության ծառայություն/Պաշտպանության հետախուզության ծառայություն

FILE PHOTO  NSA Compiles Massive Database Of Private Phone Calls

Ի՞նչ եք կարծում, NSA-ին հետաքրքի՞ր է, թե ինչ եք Դուք հեռախոսով խոսում օրինակ Ձեր տատիկի հետ, կամ ի՞նչ ինտիմ նկարներ եք Դուք ուղարկում Ձեր ամուսնուն... Փաստորեն հետաքրքիր են:
Համաձայն Ռասսել Թայսի արած սենսացիոն հայտարարության` NSA-ն վերահսկում է ԱՄՆ-ի տարածքում բոլոր ֆաքսերը, հեռախոսները, բջջայինները և համակարգիչները: Կապ չունի, թե ԱՄՆ տարածքի որ մասում եք գտնվում և ում հետ եք շփվում, NSA-ն, միևնույն է, հետևում է ձեզ:
Բացի քաղաքացիների զանգերը գաղտնալսելուց և նրանց նամակները կարդալուց` հետախուզական ծառայությունները հատուկ հետաքրքրվածություն են դրսևորում լրագրողների նամակագրությանն ու զանգերին: Թայսի տվյալներով` լրագրողներին հետևում են ամեն րոպե ու ամեն վայրկյան և չնայած նրան, որ նրան հայտնի չէ, թե ինչ է արվում հետագայում հավաքագրված տեղեկություններով, նա վստահաբար պնդում է, որ դրանք բոլորը թվայնացվում են և արխիվացվում:
2013-ին Թայսն ավելի հեռուն գնաց և հայտարարեց, որ NSA-ն իրականացնում է նաև ապօրինի գաղտնալսումներ դատավորների, զինվորականների և Կոնգրեսի անդամների նկատմամբ: 
Սակայն նրա ամենասենսացիոն հայտարարությունն այն էր, որ 2004-ին իրենց հանձնարարվել էր գաղտնալսել 40-ն անց մի իլլինոյսցի քաղաքական գործչի, որն ուզում էր սենատոր դառնալ... 5 տարի անց այդ գործիչը դարձավ նախագահ...
NSA-ն Թայսին պարոնոիկ հայտարարեց ու վտարեց իր շարքերից, և խեղճը մինչ օրս էլ պատմում է իր պատմությունը լրատվամիջոցներին, Կոնգրեսին և ցանկացած մեկին, ով հավես ունի իրեն լսելու:

2. Էդվարդ Սնոուդեն. Ազգային անվտանգության ծառայություն

Edward-Snowden

Էդվարդ Սնոուդենը տեխնիկական էքսպերտ էր NSA-ում, իսկ այժմ նա համաշխարհային մեդիաների գլխավոր թեմաներից մեկն է դարձել, այն բանից հետո, երբ սենսացիոն բացահայտումներ արեց ամերիկյան և բրիտանական հետախուզությունների մասսայական գաղտնալսումների վերաբերյալ, որ արվում է գլոբալ մասշտաբով:
Մեծ հաշվով, նա ասում է նույն այն բաները, որ Թայսն էր ասում, բայց ի տարբերություն Թայսի` նրա բացահայտումները լայն արձագանք գտան հանրությունում: Մարդիկ հիմա տարակուսում են, թե ինչո՞ւ և ի՞նչ աստիճանի են իրենց գաղտնալսում ամերիկյան ու բրիտանական հետախուզական ծառայությունները:
Ահա Սնոուդենի ամենասկանդալային բացահայտումներից միայն մի քանիսը.
- Հավաքագրվում էին բացարձակապես բոլոր հեռախոսազանգերի ձայնագրությունները, եթե դրանք արվում էին ամերիկացիների կողմից, կամ եթե զանգողն արտասահամանցի էր, և նա զանգում էր ամերիկացու: Ամերիկայի հեռախոսացանցի հետ առնչություն ունեցող ցանկացած հեռախոսազանգ ձայնագրվում ու հավաքագրվում էր:
- Գոյություն ունի PRISM ծրագիր, որով հետևում են մարդկանց էլեկտրոնային փոստերին, առցանց գործունեությանը և ընդհանրապես, համացանցում արված ամեն գործողության:
- NSA-ն հաքերային հարձակումներ է իրականացրել Չինաստանի մի շարք համալսարանների, բջջային օպերատորների և այլ ընկերությունների վրա:
Սնոուդենն այժմ գտնվում է փախուստի մեջ, և նրան փնտրում են աշխարհով մեկ: Ամենայն հավանականությամբ, նա Ռուսաստանում է, որտեղից ուզում է տեղափոխվել Էկվադոր, քանի որ հենց Էկվադորից է նա քաղապաստան խնդրել: Բացի դրանից` նրան պատրաստ է ապաստան տրամադրել նաև Վենեսուելան, ինչի մասին շտապել է հայտարարել Վենեսուելայի նորընտիր նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Չնայած հասարակության մի մասը Սնոուդենին դավաճան է համարում, սակայն մեծամասնությունը գտնում է, որ նրա արած բացահայտումներն ամենակարևորն են ԱՄՆ պատմության մեջ: Անգամ այս ցուցակի հերոսներից մեկը՝ Դենիել Էլլսբերգն է հայտարարել, որ Սնոուդենի արած բացահայտումներն ունեն ավելի կարևոր նշանակություն, քան մինչ այդ արված բոլոր նմանօրինակ բացահայտումները:

1. Փիթեր Բաքսթուն. Տուսկիգիյան Սիֆիլիսի էքսպերիմենտը
tuskeegee

Այսօր մենք շոկ ենք ապրում, երբ պարզվում է, որ իշխանությունները լրտեսում են իրենց իսկ ժողովրդին: Սակայն սա անմեղ չարաճճիություն է` համեմատած նրա հետ, թե ինչ արեց ԱՄՆ Հանրային առողջապահական ծառայությունը 1932 - 1972 թվականներին: Եթե կարճ-կոնկրետ, ապա այս ծառայությունը մարդկանց օգտագործում էր որպես լաբորատոր մկների:
Ամեն ինչ սկսվեց, երբ ԱՄՆ ՀԱԾ-ը, սերտորեն համագործակցելով Տուսկիգիի ինստիտուտի հետ, սկսեց խորացված ուսումնասիրություններ անել սիֆիլիս հիվանդության վերաբերյալ: Նրանք հավաքեցին 600 աղքատ աֆրո-ամերիկացիների խումբ, որոնցից 399-ը սիֆիլիս ունեին, և առաջարկեցին անվճար բուժել նրանց: Սակայն ողջ ընթացքում ոչ մի բուժիչ պրոցեդուրաներ այդպես էլ չիրականացվեցին, ավելին, ոչ ոք անգամ չէր իրազեկվում, որ ինքն ունի այդ սարսափելի հիվանդությունը: Փոխարենը, նրանց ասվում էր, որ իրենք վատ արյուն ունեն, որը ոչ մի գիտական հիմնավորում որպես էդպիսին չունի: Այս պատմությունն էլ ավելի սարսափելի է դառնում այն հանգամանքով, որ թեև 40-ականներին արդեն հայտնի էր, որ պենիցիլինը բուժում է սիֆիլիսը, հիվանդները ոչ մի անգամ չստացան նաև այդ դեղորայքից:

Այս սարսափին վերջ դրվեց միայն ԱՄՆ ՀԱԾ 27-ամյա աշխատակից հանդիսացող Փիթեր Բաքթունի շնորհիվ, ով հրապարակեց տեղեկությունները այս 40-ամյա զարհուրելի գիտափորձի մասին «Վաշինքթոն Սթար» պարբերականում: Սակայն այդ պահի դրությամբ էքսպերիմենտի նեջ ներքաշված մարդկանցից շատերն արդեն մահացել էին, իսկ շատերի ընտանիքների անդամները վարակվել էին սիֆիլիսով:
1992 թվականին ԱՄՆ նախագահ Բիլլ Քլինթոնը պաշտոնապես ներողություն հայտնեց այս ռասիստական ու հրեշավոր գիտափորձի համար, բայց, ինչպես ասվում է, եղածը չես փոխի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել