Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի մի խումբ բնակիչներ, ովքեր տուժել են այս տարի տեղացած կարկուտից, շարունակում են բողոքել, որ իրենց խնդիրներն այդպես էլ չեն լուծվում ու կառավարության խոստումները կամ շատ վատ են կյանքի կոչվում, կամ էլ առհասարակ մնում են օդում կախված: Խոստացված դիզվառելիքը, բացի այն, որ քիչ է, նաև, ինչպես գյուղացիներն են ասում, այնքան անորակ է, որ գյուղտեխնիկան փչանում է, որպես օգնություն տրված սերմերն էլ, այսպես ասած, «ցավին կցան չեն անում»՝ շատ ուշ են ծիլ տալիս, իսկ վարկերի տոկոսները սառեցնելու մասին էլ իրենք միայն լսել են:

«Հորքուրի տղերքին, քեռու տղերքին կիլոներով են սերմ տվել, ուրիշ գյուղացիների՝ գրամներով: Էն հարևանս էլ վարունգի սերմը ցանել ա, չորս ջուր արդեն ջրել ա, բայց դեռ չի ծլել»,- Արմավիրի մարզ կատարած լրագրողական շրջայցի ժամանակ Tert.am-ին ասաց մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ Սերոբ Գևորգյանը՝ հավելելով, որ ինքը սերմ չի վերցրել, քանի որ դա, միևնույնն է, օգուտ չէր տա:

Այդ մասին գյուղացիներից Գրիգոր Համբարձումյանն էլ ասաց, որ եթե այդ սերմերի գումարը բաժանեին ժողովրդին, ավելի արդյունավետ կլիներ: «Տենց ավելի լավ կլիներ, քան որ բերեցին պահեստում մնացած հին սերմերը գրամներով բաժանեցին»,- ասաց նա:

Կառավարության կողմից տրամադրված դիզվառելիքի շուրջ նույնպես գյուղացիները բողոքներ ունեին: «Էդ հինգ լիտրը լցնես տրակտորի մեջ, սկի դաշտ չի հասնի, ի՞նչ պիտի անի գյուղացին էդ հինգ լիտր սալյարկան, էնքան էլ անորակ ա, որ մարդիկ չեն էլ լցնում տրակտորները»,- ասաց Սերոբ Գևորգյանը:

«Էդ երևի տվել են, որ ձմեռը լցնենք աթարի վրա վառենք, մեկ ա գազը թանկացրել են, էս տարի շատերը գազ չեն օգտագործելու: Էդ սալյարկան էնքան վատն ա, որ մենակ կպչան կարանք օգտագործենք»,- ասաց մեկ այլ գյուղացի:

Կարկուտից տուժած գյուղացիների վարկերի տոկոսները սառեցնելու վարչապետի խոստումը նույնպես իրատեսական չեն համարում: «Իբր սառեցնում են մեկ տարով, տոկոսներն ավելացնում են, իսկ էդ էլ նշանակում ա, որ երկարացնում են, չեն սառեցնում: Վարչապետի ոչ մի ասածը չի կատարվել, իրանք ընդամենը մեզ խաբեցին»,- ասաց մրգաշատցի մեկ ուրիշ զրուցակից:

Վարկերի թեմայով ծավալված խոսակցությանը միջամտեց Գրիգոր Համբարձումյանը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել